Daily Mail պարբերականը հայտնում է Անգլիայի Հեմփշիր կոմսության Ֆարհեմ քաղաքի բնակչուհի 47-ամյա Էրիկա Մագսի մասին, որը կշռում էր մոտ 140 կգ:

ArmeniaON, ապրիլի 3.  Մի անգամ, երբ Էրիկան ընտանիքի հետ Ֆլորիդա նահանգի Universal Studios զվարճանքների այգում էր, նրան արգելում են նստել «Հարրի Փոթեր և արգելված ճանապարհորդություն» ատրակցիոնը: Պատճառաբանությունը չափազանց պարզ էր և վիրավորական. Էրիկան «չափից ավելի ծանր» էր: Կինը, որ Հարրի Փոթերի երկրպագուն էր, սաստիկ ամաչում է: Հետագայում խոստովանել է, որ այգում տեղի ունեցած դեպքը իր կյանքի ամենանվաստացուցիչ պահերից է:

Այսուհանդերձ, այդ միջադեպն ունեցել է նաև իր դրական կողմը. Էրիկան որոշել է  նիհարել:

«Այդ պահին ես ցանկանում էի գետնի տակն անցնել: Ստիպված էի մի կողմ քաշվել և սպասել ընտանիքիս,- հիշում է Էրիկան:- Ես անդադար լաց էի լինում: Բայց գիտեի, որ ինքս եմ մեղավոր և պետք է ինչ-որ բան փոխեմ: Ոչ թե ինձ համար, այլ ամուսնուս ու դստերս»:

Էրիկան սկսել է ճիշտ սնվել և սպորտով զբաղվել: Իսկ 12 ամիս անց արդեն կորցրել էր նախկին քաշի ուղիղ կեսը՝ 70 կգ: Նրա 58-ամյա ամուսինը՝ Հայդեն Մագսը, կնոջը բարոյական աջակցություն է ցույց տվել և նրա հետ միասին նիհարել է 31 կգ:

Նպատակին հասնելուց հետո էլ Էրիկան չի դադարել զբաղվել վազքով և նույնիսկ մարաթոնների է մասնակցում:

med.news.am

Լուսանկարները՝ med.news.am