Ապրիլի 2-ի լուսադեմին տագնապ հնչեց: Սկզբում մտածեցինք՝ ուսումնական տագնապ է: Պարզվեց` մարտական է…

 ՌՈԶԻ ՍԱՐԳՍՅԱՆ

 ArmeniaON, ապրիլի 3.  Ապրիլը ճակատագրական ամիս է հայերիս համար: Հայոց ցեղասպանությունը սկսվեց ապրիլին, քառօրյա պատերազմը ևս այդ ամսին էր: Երկուսն էլ խոր վերք թողեցին յուրաքանչյուր հայի սրտում: Երեք տարի առաջ այս օրերին հարյուրավոր պատանիներ դեմ առ դեմ կանգնեցին թշնամու առաջ: Շատերը զոհվեցին, շատերը հաշմանդամ դարձան: Ովքեր կարողացան մինչև վերջ պայքարել ու ողջ մնալ, այսօր արդեն զորացրված հասուն տղամարդիկ են: Տղաները չեն կարողանում ջնջել պատերազմի վատ հիշողությունները, նաև` չեն ուզում: Մտածում են՝ այդ օրերի մասին մոռանալն առնվազն դավաճանություն է մարտում ընկած ընկերների հանդեպ:

Գևորգ Ղադիմյանը քառօրյա պատերազմի ժամանակ ծառայում էր Արցախում: Պատմում է, որ դժվար օրեր էին: Շատ բան է տեսել, զգացել, ապրել: Ամենը խոսքով անհնար է նկարագրել:

–  Ապրիլի 2-ի լուսադեմին` 4:50-ի սահմանում, տագնապ հնչեց:  Սկզբում մտածեցինք՝ ուսումնական տագնապ Է: Հետո հասկացանք, որ մարտական է: Դրանից 15 րոպե անց թշնամին ՄՄ 21 հրթիռային համալիրով (գրադ) կրակ բացեց զորամասի վրա: Չեմ կարող նկարագրել այն, ինչին ականատես եմ եղել: Երկու ժամից ավելի անմիջական շփում եմ ունեցել թշնամու հետ:

Պատմում է, որ քառօրյա պատերազմից 70 օր անց ավարտել է ծառայությունը Զինված ուժերում: Երկար ժամանակ չԷր կարողանում ուշքի գալ կատարվածից: Իր մեջ շատ է տպավորվել սպաների և զինվորների համարձակությունն ու կամքի ուժը, նաև՝ քաղաքացիների հոգատար վերաբերմունքը զինվորների նկատմամբ: Չկա մեկը, որ մասնակցած լինի պատերազմին, և դա հետք չթողնի իր կյանքի վրա:

– Սկզբում չէի կարողանում շփվել մարդկանց հետ: Ինչ-որ բան միշտ խանգարում էր: Հետո քիչ-քիչ հարմարվեցի քաղաքացիական կյանքին: Հիմա, եթե թշնամին հանկարծ փորձի խախտել հրադադարը, ես առաջիններից կլինեմ, որ կմեկնի Արցախ, – նշում է Գևորգը:

Արմեն Մկրտչյանն այդ ժամանակ որպես սպա ծառայում էր Սյունիքի մարզի զորամասերից մեկում: Պատմում է, որ թեև թշնամու անմիջական ազդեցությունից հեռու էին, միևնույն է` իրավիճակն իրենց մոտ ևս լարված էր: Ապրիլի սկզբին դիրքերում էին: Տուն չէին գնում: Քաղաքի բնակչությունը տագնապի մեջ էր, ամեն պահի սպասում էր վտանգի: Պատմում է, որ պատերազմի մասին իմացել է ներքին կապի միջոցներով: Անմիջապես հրաման է տրվել զորամասը բերել բարձր աստիճանի պատրաստականության:

– Նորանշանակ սպա էի, բայց ռազմական ոլորտում արդեն բավական փորձ ունեի: Մեր զորամասին վստահված շփման գծում թշնամու կողմից ակտիվություն չէր նկատվում: Բոլորս պատրաստ էինք մեկնելու պատերազմի դաշտ, անգամ 18 տարեկան սկսնակ զինվորները: Չուղարկեցին մեզ, քանի որ մեր հանձնարարությունն այլ էր:

Սպայի խոսքով, օրերը երկար էին, րոպեները ժամեր էին թվում: Իրավիճակն անորոշ էր: Ցանկացած պարագայում` լինի պատերազմ, թե ոչ, զինվորական կյանքից հետո դժվար է հարմարվել քաղաքացիական կյանքին: