Թուրքիայում տեղացիների և զբոսաշրջիկների շրջանում մեծանում է հետաքրքրությունը Վանա կատուների նկատմամբ:

ArmeniaON, ապրիլի 4. Տարեցտարի աճում է Վանա կատուների թիվը: Կատուների այս տեսակը ժամանակի ընթացքում որակապես փոխվում է: Ըստ ermenihaber–ի` այս մասին հայտնել է «Վանա կատուների ուսումնասիրությունների կենտրոնի» տնօրեն Աբդուլլահ Քայան: Կենտրոնը հիմնվել է 1987թ. և զբաղվում է հենց այս կատուների բուծմամբ:

Կատվի այս տեսակը տարեկան երեք անգամ ձագ է ունենում:

Կենտրոնի տնօրենի խոսքով, միայն 2019թ. մարտին ծնված ձագերի թիվը հավասար է 3-4 տարի առաջ մեկ տարում ծնված ձագերի թվին:

Ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավարը նշում է, որ իրենք նպատակ են դրել, որ Թուրքիայում, մասնավորապես Վանում, յուրաքանչյուր տանը մեկ Վանա կատու լինի:

Հիշեցնենք, որ Վանա կատուն ընտանի կատուների ցեղատեսակ է, որը սերում է Վանա լճի տարածքից: Վանա կատուն բավական խոշոր է, հայտնի է որպես լավ լողորդ և կարողանում է հմտորեն ձուկ որսալ ջրում: Վանա կատվի աչքերը կարող են լինել երկնագույն, սաթագույն կամ այլ գույնի, մորթին սպիտակաթույր է:

Աղբյուր` Turkiyegazetesi