«Հայոց մշակութային ցեղասպանությունը. առաջ և հետո». այս խորագիրն է կրում ապրիլի 2-ին Իսպանիայի Տոլեդո քաղաքում բացված լուսանկարչական ցուցահանդեսը: Այս մասին տեղեկացնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանատունը։ 

ArmeniaON, ապրիլի 4. Կաստիյա լա Մանչա մարզի Տարածաշրջանային գրադարանի «Բորբոն-Լորենսանա» սրահում բացված ցուցահանդեսում ներկայացված լուսանկարները հայոց պատմության լուռ, բայց և խոսուն վկաներն են: Հին և նոր լուսանկարներում ներկայացված է հայ ժողովրդի քրիստոնեական և մշակութային ժառանգությունը՝ մինչև ցեղասպանությունը և դրանից հետո:

Լուսանկարչական ցուցահանդեսը կազմակերպել է Իսպանիայի կաթոլիկ եկեղեցու Տոլեդոյի թեմի Կարիտաս կազմակերպությունը (Cáritas Diocesana de Toledo)` Գրանադայի թեմի Քրիստոնեական Արևելքի ուսումնասիրության միջազգային կենտրոնի, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող (RAA) հիմնադրամի և Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ:

Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 26-ը: