Նկարչուհի Իրինա Սաղյանի 50-ից ավելի աշխատանքները գարնանային տրամադրություն և ներդաշնակություն փոխանցեցին:

 Մերի Բադալյան

ArmeniaON, ապրիլի 5. «Նկարում եմ այն, ինչ գեղեցիկ է», – ասում է նկարչուհի, Հայաստանի նկարիչների միության անդամ Իրինա Սաղյանը: Նկարիչների միությունում ապրիլի 4-ին բացվեց նրա անհատական ցուցահանդեսը։ Ներկայացված էր ավելի քան 50 աշխատանք:

Իրինան նկարել է մանկուց: Սիրել և հիացել է բնության հրաշքներով, այդքան տարբեր, բայց միևնույն ժամանակ ներդաշնակ երևույթներով.

Յուրաքանչյուր նկար ունի իր պատմությունը և արթնացնում է գեղեցիկ հիշողություններ: Նկարներում  արտացոլված են իմ հոգեվիճակը և տրամադրությունը:

Նկարչուհին շատ է սիրում բնություն, ծաղիկներ, և գուցե դա է պատճառը, որ սիրելի նկարների մասին խոսելիս առանձնացրեց Վան Գոգի «Արևածաղիկները» և Մարտիրոս Սարյանի «Ծաղիկները»: Նրա ստեղծագործություններում ծաղիկները մի ուրույն աշխարհ են` իրենց գունային բազմազանությամբ: Արվեստաբան Վարդիթեր Գամաղելյանի խոսքով, յուրաքանչյուր ցուցահանդես տոն է, որ բոլորիս ստիպում է հուզվել, միմյանց դրական լիցքեր հաղորդել:

– Արվեստասեր հասարակության համար ցուցահանդեսները գեղեցիկի հետ շփվելու, իր արվեստագետներին ճանաչելու լավ առիթ են: Յուրաքանչյուր նկարիչ ունի իր ձեռագիրը: Ես տեսնում եմ, թե ինչպես է Սաղյանը փորձում հատիկ առ հատիկ դիտարկել ամեն մի հյուսվածք: Դրա նպատակը ուշադրությունը տվյալ երևույթի վրա կենտրոնացնելն է և այդպիսով ողջ աշխարհը, ողջ տիեզերքը ճանաչելը: 

Բնության և ծաղիկների փոքրիկ աշխարհում ցուցահանդեսի այցելուներից յուրաքանչյուրը գտավ իր փոքրիկ աշխարհը, գտավ «իր» նկարը` տրվելով հոգում արթնացած գեղեցիկ հուշին:

Իրինա Սաղյանի նկարներում ակնհայտ է բնության և մարդու ներդաշնակության ձգտումը:

Իրինա Սաղյան գեղանկարիչը շատ լավ գործեր է ստեղծել: Նրա գործերը խոսում են մարդու հոգու և մտքի հետ, լիցք տալիս մարդուն: Գեղանկարչական այս խրախճանքը, որ վայելում ենք, կապված է մեր հայոց սրբազան հողի, բնության հետ: Իրինայի գործերն արված են կատարողական բարձր վարպետությամբ և աչքի են ընկնում զգացմունքայնությամբ: Նրա բնանկարները խոսում են իր լեզվով, փոխանցում նկարչուհու ասելիքը: Հենց դրանով է նա կարողանում գրավել դիտողին,- ասաց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ղարիբ Եղիազարյանը:

«Հայաստանի լույսը հասնում է մեզ շնորհիվ Մարտիրոս Սարյանի: Լույս երջանիկ` մարդկանց, լեռների, մրգերի վրա… Սա մի գանձ է վերագտնված»:

Հիշելով Լուի Արագոնի խոսքերը Սարյանի մասին՝ Ղարիբ Եղիազարյանը Իրինա Սաղյանին համարեց այդ լույսը կրողներից մեկը: Լույս, որը ոգեշնչում է հայ մարդուն ստեղծագործելու, շինականին՝ ծառ տնկելու, բանաստեղծին՝ բանաստեղծություններ գրելու:

Գեղանկարչուհի Սուսաննա Ավանեսյանի կարծիքով, ցուցադրված նկարներում արտացոլված է Իրինա Սաղյանի բնավորությունը, և ոչ միայն. «Ակնհայտ է նկարչուհու պրոֆեսիոնալիզմը, զգում ենք անգամ ծաղիկների բույրը»:

Նկարչուհին  կարողացել է կտավին հանձնելով հավերժացնել հայրենի բնաշխարհը և այն անկրկնելի ակնթարթները, որոնց գեղեցկությունը մենք կարող ենք պարզապես չնկատել: Չէ՞ որ այդ պահերը կարող են այլևս չկրկնվել: Նկարներում անմիջապես երևում է կնոջ ձեռքը և ամենակարևորը` գեղեցիկը նրբորեն արտահայտելու առանձնահատկությունը: Ինձ համար Իրինա Սաղյանի արվեստը գողտրիկ է, նուրբ և ռոմանտիկ,-այսպես բնութագրեց Իրինա Սաղյանի աշխատանքները լրագրող Նաիրա Փայտյանը:

Ցուցահանդեսը շատ տպավորիչ էր, ուստի բնական է, որ այն հիացրել էր այցելուներին: Հատկապես նրանց, ովքեր մինչ այդ հնարավորություն չէին ունեցել ճանաչելու նկարչուհու ինքնատիպ արվեստը:

Հիշեցնենք, որ նկարչուհին մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Լոս Անջելեսում հեղինակի աշխատանքները ցուցադրվել են «Գոդո» ցուցասրահում, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված ցուցահանդեսում։

Իրինա Սաղյանի աշխատանքների ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 9-ը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շահինյանի, Արփինե Աբաջյանցի