Արարատի մարզից մեկամյա առողջ, աշխույժ և ժպտերես Նարեկի հետ կատարվածը ծնողների համար անհասկանալի էր: «Ինչու»-ների պատասխանները գտնելու համար բժիշկները շտապեցին մի շարք հետազոտություններ անել: 

ArmeniaON, մարտի 6. «Մեկ տարեկան չորս ամսական է հիմա: Հունվարի 19-ին ցնցումով տեղափոխել ենք Մասիսի բժշկական կենտրոն, որտեղ առաջին օգնություն են ցույց տվել: Այնուհետև տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն»,-պատմում է Նարեկի մայրը՝ Սոնա Կարապետյանը:

Մեկամյա Նարեկը ներանոթային բարդ և բացառիկ վիրահատությունից հետո փորձում է կանգնել

Մեկամյա Նարեկը ներանոթային բարդ և բացառիկ վիրահատությունից հետո փորձում է կանգնել

Posted by Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality on Friday, 5 April 2019

«Երեխան վերակենդանացման բաժանմունք էր ընդունվել կոմատոզ վիճակի պատճառով և անմիջապես միացվել է արհեստական շնչառության սարքին»,- հիշում է «Սուրբ Աստվածամայր» բ/կ վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը:

«Գանգուղեղային արյան շրջանառությունը խանգարվել էր և զարգացել էր հիդրոցեֆալիա: Առաջինը հերթին նույն օրը կատարվեց դրենավորում, այնուհետև՝ շունտավորում»,- նշում է «Սուրբ Աստվածամայր» բ/կ նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Մարգար Մարտիրոսյանը:
Փոքրիկ Նարեկի կյանքը փրկելու համար անհրաժեշտ էր հատուկ վիրահատություն, որը, ցավոք, Հայաստանում չի կատարվում: Արտերկիր տանելու համար էլ բավական մեծ ծախսեր էին պահանջվում՝ շուրջ 10 մլն դրամ, ինչի հնարավորությունը ծնողները չունեին: Բացի այդ, բժիշկները երեխայի տեղափոխումը գնահատում էին ռիսկային: Խորհրդակցելով հայաստանյան և արտերկրի լավագույն մասնագետների հետ՝ որոշվեց վիրահատությունը կազմակերպել Երևանում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Մարտի 1-ին Նովոսիբիրսկից հրավիրված բժիշկ Վիտալի Կիսելյովը և «Էրեբունի» բ/կ ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայության ղեկավար Դավիթ Սահակյանը կատարեցին ներանոթային բարդագույն վիրահատություն: Ի դեպ, վիրահատությունն արվեց անվճար:
«Պաթոլոգիան, որ երեխայի մոտ առկա էր, բավական լուրջ էր: Քանի որ մենք չունենք մանկահասակ երեխաների հետ աշխատելու փորձ, վիրահատությունը մեծ ռիսկի հետ էր կապված: Այնուամենայնիվ, ծնողների հետ քննարկելուց հետո որոշեցինք վիրահատել: Այս տարիքի երեխայի վիրահատելու առաջին փորձն էր, որը, բարեբախտաբար, հաջող անցավ»,- պատմում է նյարդավիրաբույժ Դավիթ Սահակյանը:
Վիրահատությունից անմիջապես հետո երեխան կրկին տեղափոխվեց «Սուրբ Աստվածամայր» բ/կ, որտեղ շուրջ մեկ ամիս մնաց բժիշկների մշտական հսկողության ներքո:

«Հայաստանի առաջատար մասնագետներով համախմբված աշխատել ենք և այսօր կարող ենք արձանագրել մեր հաղթանակը: Նման ռիսկային և մեծ ծավալի վիրահատություն կատարելը նույնպես հերոսություն է: Մենք ուրախ ենք, որ երեխան սպասվածից ավելի արագ է ապաքինվում: Որ ասում են՝ ազգովի ենք պայքարել, իրոք, այդպես է»,- ասում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:

Նշենք, որ Նարեկի կյանքը փրկելու գործում մեծ է ինչպես բժիշկների, այնպես էլ բոլոր այն մարդկանց դերը, որոնք հնարավոր բոլոր տարբերակներով աջակցեցին, այդ թվում՝ Հայաստանի վարչապետի և Առողջապահության նախարարության:

Այժմ բուժումը շարունակվում է վերականգնողական կենտրոնում:
«Ոչ մի տեղ հույս չէին տվել, բայց, փառք Աստծո, բժիշկները մինչև վերջ մեր կողքին կանգնեցին: Իսկ այսօր Նարեկն արդեն շարժումներ է կատարում: Երեկ նույնիսկ փորձել է կանգնել»,- ասում է երեխայի հայրը՝ Կարեն Հակոբյանը:

Դեռևս տևական ժամանակ Նարեկը կմնա բժիշկների հսկողության տակ, որ խնդիրը չկրկնվի: Բժիշկները կշարունակեն պայքարել, որպեսզի ոչ մի առողջական խնդիր չխանգարի փոքրիկի երջանիկ մանկությանը:

yerevan.am