Փոքրիկ Դավիթը հասցրել է բռնցքամարտի ոլորտում բազում հաղթանակներ տոնել: Քրտնաջան աշխատում է: Այդ և այլ մանրամասների մասին նա պատմեց ArmeniaON-ի հետ զրույցում:

ՌՈԶԻ ՍԱՐԳՍՅԱՆ

ArmeniaON, ապրիլի 6. Բռնցքամարտը մեր օրերում բավական արդիական սպորտաձև է: Այն հետաքրքրում է ոչ միայն մեծահասակներին, այլև փոքրերին: Մարզաձևի շրջանակներում մասնակիցները բաժանվում են՝ ըստ քաշի, տարիքի և մարզական պատրաստվածության: Տեխնիկական և մարտավարական առումով այն սպորտի առավել բարդ ձևերից է:

Դավիթ Սարգսյանը 9 տարեկան է: Արդեն երեք տարի է՝ զբաղվում է բռնցքամարտով: Մարզվում է Էրեբունի համայնքի Մանկապատանեկան մշակութային կենտրոնում: Մարզիչը Սարիկ Շահինյանն է:

Մարզիչս շատ հոգատար և ուշադիր է իր բոլոր սաների նկատմամբ: Բարի անձնավորություն է: Ծնողներս իմ սպորտային կարիերան վստահել են նրան: Մեծ ջանքերով բոլորիս առաջ է տանում,-նշում է փոքրիկ բռնցքամարտիկը:

Տղան արդեն մասնակցել է վեց մրցաշարի, տարել բազմաթիվ հաղթանակներ: Հասցրել է նաև մեդալներ ու պատվոգրեր ստանալ, գավաթ նվաճել: Դավիթը ծնողների հպարտությունն է: Որոշել է առանց դադարի առաջ գնալ այս ոլորտում և նոր բարձունքներ գրավել:

Փոքրիկ չեմպիոնը միայն Հայաստանում անցկացվող մրցաշարերին չէ, որ մասնակցել է: Վերջերս մեկնել էր Վրաստան և հաղթանակած հետ վերադարձել:

– Ստացել եմ բազմաթիվ մրցանակներ: Արարատի և Վայոց Ձորի մարզի 1֊ին տեղի մեդալակիր եմ, Գեղարքունիքի մարզի եռակի չեմպիոն: Վրաստանում ևս գրավեցի 1֊ին տեղը` մեդալ ստացա:

Դավիթը եռանդուն, կյանքով լի տղա է: Մեծ երազանքներ ունի, որ ուզում է իրականացնել: Բռնցքամարտի հետ զուգահեռ տղան շարունակում է լավ սովորել դպրոցում: Փորձում է այնպես անել, որ դասերը չտուժեն: Ծնողները նրան միշտ ասում են, որ ուսումը նույնքան կարևոր է: Բռնցքամարտիկը պետք է լինի գրագետ ու բանիմաց:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here