Ալինա Օրդյանի «Մուլտիմեդիոն լրագրության դպրոցը», որը միակն է Հայաստանում իր ձևաչափով, ապագա լրագրողների համար անցկացրեց վարպետության դաս:

ՄԵՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ

ArmeniaON, ապրիլի 6. Ժամանակակից լրագրությունը և մուլտիմեդիայի ոլորտը լիարժեք ներկայացնելու համար Ալինա Օրդյանի «Մուլտիմեդիոն լրագրության դպրոցը» ապրիլի 5-ին բաց դաս անցկացրեց ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ լրագրողների մասնակցությամբ: Մուլտիմեդիոն լրագրության դպրոցում միաժամանակ ուսուցանվում են մուլտիմեդիայի բոլոր մասնագիտությունները: Դպրոցի հիմնադիր-տնօրեն Ալինա Օրդյանը լրատվությունը համարում է հեռուստատեսության և ընդհանրապես բոլոր լրատվամիջոցների ողնաշարը, որի շուրջ կառուցվում են ժամանցային և այլ հաղորդումները: Մուլտիմեդիայի դասընթացի հիմքը նա այդպես է կառուցել:

Դասընթացների ընթացքում դպրոցի սաները սովորում են, թե ինչպես կառուցել տեքստը, ինչպես նյութեր պատրաստել մուլտիմեդիայի համար: Ի դեպ, Ալինա Օրդյանը այս ծրագիրը կազմել է` հիմնվելով սեփական փորձի վրա:

– Այս ծրագիրը մշակելուց հետո հասկացա, որ մեր դաշտում չկան մուլտիմեդիայի հմտություններին լիարժեք տիրապետող մասնագետներ: Դպրոցի հիմնադրման նպատակը սկսնակների համար գործունեության դաշտ ստեղծելն էր, մի հարթակ, որը նրանց թույլ կտա մուտք գործել ժամանակակից լրագրության աշխարհ, միաժամանակ վերապատրաստվելու հնարավորություն կընձեռի համալսարանը նոր ավարտած լրագրողներին: Մանավանդ որ այսօր գործող լրագրողի համար չկա նման մի դասընթաց, որտեղ նա կարող է տիրապետել այդ հմտություններին:

Այսօր լրագրողի աշխատանքը բարդացել է և ստեղագործական աշխատանքից բացի պահանջում է նաև այլ հմտություններ: Լրագրողը միաժամանակ պետք է տիրապետի օպերատորական, լուսանկարչական, մոնտաժային, SMM հմտությունների, անհրաժեշտության դեպքում թողարկի սեփական նյութը: Միայն այս հմտություններին տիրապետելու դեպքում այսօր կարելի է լրագրության ոլորտում առաջատար մասնագետ համարվել:

-Մուլտիմեդիոն պորտալում իմ գործունեության ընթացքում բախվեցի մի իրավիճակի, երբ շատ բարդ էր գտնել մուլտիմեդիայի ոլորտի մասնագետների: Եվ շատ դեպքերում պարզապես պետք էր աշխատանքին զուգահեռ պահանջվող հմտությունները նաև անձնակազմին սովորեցնել,- ասում է Ալինա Օրդյանը:

Զրույցին միջամտում է Մուլտիմեդիոն լրագրության դպրոցում դասավանդող Արման Գաբոյանը.

-Դասավանդվող առարկաները փոխկապակցված են: Այստեղ այն մասնագիտություններն են, որոնք ժամացույցի մեխանիզմի պես կապված են միմյանց: Այսօր տեխնոլոգիան այնքան է զարգացել, որ անգամ հեռախոսով կարելի է նյութ պատրաստել, մոնտաժել և թողարկել,- ասաց նա:

Տեղեկատվական դաշտում կեղծ ինֆորմացիան իրականից տարբերելն այսօր լուրջ խնդիր է դարձել: Լրագրության օրեցօր փոփոխվող աշխարհում սկսում է գերակշռել ապատեղեկատվությունը: SMM մասնագետ Աիդա Օրդյանի խոսքով` պետք է կարողանալ տարբերել ֆեյքերը իրական լրատվությունից, կեղծ տեսանյութն ու ֆոտոշոփը՝ իրականից: Պետք է տիրապետել նաև հեղինակային նյութերը խմբերում, կայքերում և այլ հարթակներում գրագետ տարածելու հմտություններին:

Նշենք, որ Մուլտիմեդիոն լրագրության դպրոցում դասընթացները կազմակերպվում են հինգ ամսով և հագեցած են ոչ միայն տեսական, այլև գործնական աշխատանքներով: Ավարտից հետո ուսանողները կստանան ԿԳ նախարարության կողմից հաստատված հավաստագրեր:

Դպրոցի առավելությունն այն է, որ միաժամանակ մի քանի առարկա ուսումնասիրելով՝ սովորողներն ինքնուրույն կատարում են բոլոր աշխատանքները և հմտանում այդ մասնագիտություններում: Լավագույն հեղինակային նյութերը թողարկվում են ArmeniaOn.com կայքում: