Նկատելի է, որ վերջին տարիներին բավականին շատացել են տեսողության խնդիր ունեցող մարդիկ: Եվ եթե նախկինում նրանց բոլորին կարելի էր ակնոցով տեսնել, այսօր շատերը նախընտրում են ակնոցը փոխարինել ոսպնյակներով (կոնտակտային լինզաներ):

Օֆելյա Պողոսյան

ArmeniaON, ապրիլի 7. Ո՞րն է առավել անվնաս և ավելի նախընտրելի՝ ակնոցը, թե՞ ոսպնյակները: Այս հարցի շուրջ է ArmeniaOn-ի զրույցը «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ակնաբույժ Գոհար Բիշարյանի հետ:

– Եթե սխալ են ընտրված, երկուսն էլ կարող են վնասել տեսողությանը: Առհասարակ, նույնիսկ կոնտակտային լինզա կրելու դեպքում պետք է ակնոց ունենալ: Եթե նկատել եք, մեզ մոտ հազվադեպ կարելի է հանդիպել ոսպնյակներ կրող երեխաների, նրանք հիմնականում ակնոց են կրում։ Իսկ այն մարդիկ, որոնք ճիշտ` միջազգային չափանիշներին համապատասխան ոսպնյակներ են ընտրում, կարելի է ասել` սիրահարվում են դրանց:

– Որո՞նք են ակնոցի և ոսպնյակների առավելություններն ու թերությունները:

– Ակնոցի դեպքում խիստ հիգիենա պահպանելու կարիք չկա, թեև ակնոցը միշտ պետք է մաքուր պահել: Ակնոցը կարելի է ցանկացած վայրում և ցանկացած պահի հանել և նորից դնել: Ոսպնյակների դեպքում այլ է` այն  անմիջապես «նստում է» եղջերաթաղանթի վրա: Ստացվում է, որ աչքի և ոսպնյակի միջև հեռավորություն չկա, ինչը հնավորություն է տալիս ավելի պարզ տեսողության հասնել: Ինչ վերաբերում է թերություններին, ասեմ, որ ոսպնյակը չորացնում է աչքի արտաքին մակերեսը, ուստի այն միշտ պետք է խոնավեցնել աչքի կաթիլներով (արհեստական արցունք): Դրական կողմ կարելի է համարել այն, որ գունային բաղադրիչ ունեցող ոսպնյակների միջոցով հնարավոր է փոխել աչքերի գույնը: Այսօր կան մուլտիֆոկալ ոսպնյակներ, որոնք փրկություն են այն անձանց համար, որոնք մոտիկն ու հեռուն տեսնելու համար տարբեր ակնոցներ են կրում։ Մի խոսքով` ճիշտ ընտրված ոսպնյակ, և կարելի է ակնոց չկրել:

-Իսկ ինչպե՞ս պետք է ճիշտ խնամել ոսպնյակները հնարավոր խնդիրներից խուսափելու համար:

– Ոսպնյակներն ունեն խնամքի հստակ ցուցումներ: Ընդ որում, դրանք շատ բազմազան են, հակացուցումներն էլ շատ չեն։ Հիմնական խնդիրը ոսպնյակի հիգիենան պահպանելն է։ Այն  պետք է ընտրի նեղ մասնագետը՝ կոնտակտոլոգը։ Ամբողջ աշխարհում ոսպնյակ և ակնոց ընտրող բժիշկը օպտոմետրիստն է։ Հայաստանում այդ մասնագիտություններն առանձնացված չեն, և ամեն ինչ անում է ակնաբույժը։ Ոսպնյակները դնելուց առաջ անհրաժեշտ է ձեռքերը լվանալ տաք ջրով և օճառով, չորացնել մեկանգամյա օգտագործման անձեռոցիկով, այնուհետև պետք է մատներով վերցնել ոսպնյակը, ֆիքսել թարթիչային եզրից և տեղադրել (անկեղծ ասած` բոլոր նրբությունները հնարավոր չէ այսպես բացատրել): Ոսպնյակներով չի կարելի քնել, լողանալ: Հանելիս այն պետք է դնել հատուկ հեղուկ պարունակող տարայի մեջ։ Երբեք ՉԻ ԿԱՐԵԼԻ ոսպնյակը լվանալ հոսող ջրի տակ, դրանով լողավազան գնալ: Այս ամենից բացի` ոսպնյակները պետք է օգտագործել այնքան ժամանակ, որքան նախատեսված է:

-Կա՞ն  ակնոց կամ ոսպնյակներ կրելու հակացուցումներ:

Ակնոցի համար հակացուցում գրեթե չկա, միայն պետք է այն հանել քնելիս և շատ ակտիվ ապրելակերպի ժամանակ: Ոսպնյակների դեպքում հակացուցում են առաջնային հատվածի բորբոքային պրոցեսները, տուբերկուլյոզը, ռևմատիզմը, եղջերաթաղանթի բորբոքումները, չոր աչքի արտահայտված սինդրոմը:

-Իսկ ե՞րբ է վտանգավոր ոսպնյակների օգտագործումը: Կա՞ն սպորտաձևեր, որոնց դեպքում արգելված է դրանք կրելը:

-Չասենք արգելված, սակայն ցանկալի չէ, որ ոսպնյակներ կրեն փոշոտ վայրերում աշխատողները, մոնտաժողները, քիմիական տարրերի հետ կապ ունեցողները, շինարարական աշխատանքներ կատարողները: Ոսպնյակ կրողներին խորհուրդ չի տրվում զբաղվել ուժային սպորտաձևերով: Նաև նշեմ, որ ակնոցով չի կարելի հեծանիվ քշել, իսկ ոսպնյակներով՝ լողալ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here