ՀՀ առողջապահության նախարարության արտագնա անհետաձգելի բժշկական օգնության «արագ արձագանքման» ծառայության շրջանակում այսօր ուղղաթիռով Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվեց առաջին հիվանդը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական  Աշոտ Սարգսյանը։

ArmeniON, Ապրիլի 8. Հանրապետության հեռավոր մարզից այսօր ուղղաթիռով Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված առաջին հիվանդը 13-ամյա երեխա է: «Էրեբունիից» հիվանդը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Նախնական տեղեկություններով՝ երեխան վթարի հետևանքով ստացել է բազմակի, այդ թվում՝ գլխուղեղային վնասվածքներ: Բժիշկները հիվանդի վիճակը գնահատել են կայուն ծանր:

Նախարարի խորհրդականը հայտնում է, որ զանգը ստանալուն պես «Էրեբունի» ԲԿ շտապօգնության ծառայության բրիգադն ուղղաթիռով մեկնել է երեխային բերելու: Տեղում հիվանդն անմիջապես միացվել է արհեստական շնչառական սարքին, տեղադրվել է պարանոցային օձիք, կատարվել է դեղորայքային միջամտություն՝ ցավազրկում: Տեղափոխումն իրականացվել է առանց խնդիրների, հնարավոր է եղել մի քանի անգամ կրճատել ժամանակը, արագ և մասնագիտական բուժօգնություն ցուցաբերել հիվանդին:

 

Ինչպես հայտնի է, ապրիլի 7-ից Հայաստանում գործում է սանիտարական ավիացիան. ՀՀ առողջապահության նախարարությունը շահագործում է ուղղաթիռ, որը պետպատվերի շրջանակում առողջապահական ծառայություններ է մատուցելու: Ի դեպ, Հայաստանը տարածաշրջանի երկրներից առաջինն է, որտեղ գործում է շտապ բուժօգնության ուղղաթիռ:

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here