Վլադիմիր Աբրոյանի ծաղրանակարներն ստիպում են ծիծաղել, արտասվել և ժպտալ:

ՄԵՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ 

ArmeniaON, ապրիլի 8. Հայ-ռուսական համալսարանի «Արվեստի ակվարիում» ցուցասրահում ապրիլի 4-12-ը կցուցադրվեն ծաղրանկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Վլադիմիր Աբրոյանի ծաղրանկարներից շուրջ երկու տասնյակը: Վլադիմիր Աբրոյանն իր կյանքի մեծ մասը նվիրել է ծաղրանկարչությանը, մասնակցել է միջազգային բազմաթիվ մրցույթների Կանադայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Բրազիլիայում, Կուբայում: Նրա աշխատանքները տպագրվել են Խորհրդային Հայաստանում լույս տեսնող «Ոզնի» երգիծական հանդեսում, «Կոմունիստ», «Սովետական Հայաստան» թերթերում, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ-ի մի շարք ամսագրերում ու թերթերում՝ «Կրոկոդիլ», «Նեդելյա», «Օգոնյոկ», «Սմենա», «Լիտերատուրնայա գազետա» և այլն: Իտալիայի Թուրին քաղաքի Հումորի միջազգային կենտրոնի «Ծաղրանկարի միջազգային հանրագիտարանում», ի թիվս աշխարհի այլ ծաղրանկարիչների, տեղ են գտել նաև Աբրոյանի կենսագրությունը, դիմանկարը և աշխատանքներից յոթը: Նրա ծաղրանկարները կարելի է տեսնել նաև բուլղարական հանրահայտ Գոբրովո քաղաքի «Ծաղրանկարի համաշխարհային անթոլոգիայում»: Հիշեցնենք, որ 2006 թվականից Հայաստանում ապրիլի 1-ը պաշտոնապես նշվում է որպես Հումորի և երգիծանքի օր (Ծիծաղի օր): Օրվա խորհուրդը շարունակվում է ապրիլ ամսին կազմակերպվող երգիծական ցուցահանդեսներում, փառատոներում և մրցույթներում: