«Մեր կյանքը մեքենա է, և մենք ենք վարում այդ մեքենան: Հնարավոր է, որոշ հանգամանքներից ելնելով, ավտոպատահարների հանդիպենք, կարողանանք շրջանցել կամ վիրավորվենք, բայց մենք ենք վարորդը»: Այս խոսքերի հեղինակը Սիփանն է: Նա չի հավատում ճակատագրին, բայց իր հետ տեղի ունեցածը կտրուկ փոխել է իր և Ասատրյանների ողջ ընտանիքի ճակատագիրը:

Անի Վաթինյան

ArmeniaON, ապրիլի 8. Սիփանը չորս տարեկան էր, երբ հանկարծ ամեն ինչ սև դարձավ նրա համար: Սկզբում կարծեց՝ լույսերն են անջատվել, հետո հասկացավ, որ այդ մի քանի վայրկյանում տեղի ունեցածը անվերջ պիտի հետապնդի իրեն:

Այսօր արդեն բանասեր, սփյուռքագետ, տիֆլոմանկավարժ, չտեսնողների տարածական կողմնորոշման հրահանգիչ, ավագանու անդամ և պարզապես մանկավարժ Սիփան Ասատրյանը, չնայած տեսողության կորստին, չի կորցրել լավատեսությունն ու պայքարելու բուռն ձգտումը.

Մենք թույլ ենք այն ժամանակ, երբ մեր միտքը փակ է, ուղեղը՝ թմրած: Դա գալիս է հասարակության մեջ ընդունված մոդելից, դաստիարակությունից, ազատության մասին պատկերացումից, արտահայտվելու ցանկությունից: Ցավոք սրտի, դրանք երբեմն փակվում են, միաժամանակ փակվում է կամքը, և մենք մեծանում ենք կամքից թույլ, ելք չգտնող, հուսահատվող, ոչ թե առաջ շարժվող: 

Սիփանը հուսահատվողներից չէ: Ոչ մի խոչընդոտ նրան չխանգարեց հասնելու հաջողությունների: Հիմա հանգիստ խոստովանում է, որ տարիներ առաջ նույնիսկ  ինքնասպանություն գործելու մտադրություն է ունեցել, բայց ժամանակին գտել է իրեն հասկացող ու օգնող մեկին: Այն ժամանակ ահռելի գազան թվացող խնդիրը հիմա մի փոքր ու աննշան կետ է թվում:

Թեև չորս տարեկանից գույները չի տեսնում, բայց կյանքի գույները նա ամենքից լավ է զգում: Մանկությունից հիշում է, որ սիրում էր կապույտը և կանաչը. կապույտը երկինքն է իր համար, կանաչը՝ անտառը, դաշտերը, որոնք բնության երկու գերհզոր ստեղծագործություններ են: Պարզվում է՝ նրա սևը շատ գույներով է լցված, և ինձ հետաքրքրեց, թե տարբեր երևույթները ինչ գույների հետ է ասոցացնում Սիփանը: Երջանկությունը տեսնում է հենց իր սիրած գույնով` երկնքի պես խաղաղ կապույտ.

Ինչպես երկնքում կարող են հայտնվել սև ամպեր, այնպես էլ երջանկությունը կարող է երբեմն խաթարված թվալ,– ասում է Սիփանը:- Բայց որոտից և անձրևից հետո հասկանում ես, որ քո երջանկությունն ավելի «թարմ» է, ամպերն ավելի են հեռացել, կանաչն ավելի է շատացել:

Վախը դեռ մանկուց սևի, այսինքն՝ մթի հետ է ասոցացնում: Չնայած գրեթե հաղթահարել է բոլոր վախերը, բայց մահվան վախը դեռ մի փոքր կա: Համենայն դեպս, դրան էլ գիտակցորեն է վերաբերվում, ասում է.

«Եթե մինչև ծնվելս անչափելի հավերժություն չեմ եղել, ուրեմն պատրաստ եմ նաև այդքան էլ չլինելու»:

Սիփանը ապրում է մանկությամբ: Թեև գիտակցում է, որ դա սխալ է, բայց և կարծում է, որ դա պետք է իրեն: Հաճախ է ենթագիտակցորեն տեսնում մինչև չորս տարեկանում տեսած պատկերները՝ ընտանիքի անդամների դեմքերը, կյանքից դրվագներ…

Դրանք գնալով աղոտ են դառնում, բայց Սիփանը ստիպում է իրեն վերհիշել, որպեսզի մինչև վերջ չկորցնի տեսնելու կարողությունը, թեկուզ ենթագիտակցորեն.. Հիշում է իր փոքրիկ գյուղաքաղաքը, գետը, նաև սարերը, որ ուզում էր անվերջ բարձրանալ: Սիփանի անունը գուցե պատահական չի ընտրված: Նա բազմաթիվ լեռներ է բարձրացել` Արարատից մինչև Հատիս, երազանքն էլ Արագած բարձրանալն է:

Հիշում է արևածագն ու արևի հերթագայությունը: Չէր սիրում մութը, ուզում էր, որ լույս լիներ, որ արևը միշտ մնար իր հետ: Հիմա այդ ցանկությունն անուղղակիորեն կապում է տեսողության բացակայության հետ:

Բավական շատ բանի հասած մարդը ժամանակին կարծում էր, որ ընդհանրապես դեր չունի այս կյանքում: Սխալ մատուցված գաղափարախոսության պատճառով կարծում էր, թե ոչինչ չի կարող անել, անպետք մի իր է: Բայց հետագայում մտահորիզոնի ընդլայնման, աշխարհայացքի փոփոխության, իր համար շրջադարձային մարդկանց հանդիպելու շնորհիվ  ամբողջությամբ փոխվեցին պատկերացումները սեփական դերի մասին: Հիմա իր կյանքի իմաստը համարում է իր երկիրը, այս փոքր ու թանկ հողը:

-Կարծում եմ, որ մեր պետությունն այս առումով դեռ շատ աշխատանք ունի կատարելու: Ցավոք սրտի, հաշմանդամություն ունեցող անձինք դեռ շարունակում են իրենց անպետք իր համարել` ինչպես ես նախկինում, – նշում է Սիփանը:

Ցանկանում է հաշմանդամություն ունեցող անձանց, հասարակությանը, իշխանությանը ցույց տալ, որ անկախ նման խնդիրներից, սեռից, հագուստից, մարդն ինքը արժեք է, և չարժե արտաքինից ելնելով դատել նրանց մասին: Հասարակությունը պետք է լսի մարդ անհատին, տեսնի նրա ժպիտը, գերվի նրա ձայնով, նրա ներքին գեղեցկությամբ: Պատմում է, որ ինքն էլ շատ է բախվում կարծրատիպերի: Ամեն օր տնից դուրս գալիս թարմ օդի հետ իր երեսին զգում է հասարակության տհաճ մոտեցումը:

Եթե ուրիշներին երբեք չեն հարցնի, թե ինչու է մենակ դուրս եկել, ինձ հարցնում են, թե ընդհանրապես ինչի եմ դուրս եկել:

Սակայն կյանքի դժվարությունները չեն չարացրել Սիփանին: Ամեն չար միտք ինչ-որ հիվանդություն է ծնում: Նախանձն, օրինակ, ոսկրախտի հիմքն է, այսինքն՝ այդ զգացմունքները հենց քեզ են վնաս տալիս: Ներելն ու ներողություն խնդրելը համարում է ամենամեծ բանը, որ մարդ կարող է իրեն թույլ տալ: Կարծում է, որ մենք դա քիչ ենք անում, ինչն առաջացնում է ատելություն, որով վնասում ենք ինքներս մեզ: Այն, որ դուրս է եկել «հաշմանդամություն» կոչվող պատյանից, որը տարիներ շարունակ իրեն կաշկանդելուց հետո հիմա ուժ է տալիս, համարում է նոր սերնդի մի մասը լինելու վկայություն.

-Այս սերունդը չի հանդուրժում անարդարությունը,- ասում է,- չի կարողանում համակերպվել նախորդ սերնդի կապանքների հետ: Երբ գահը չեն հանձնում, այն պետք է նվաճվի, ուրիշ տարբերակ չկա, իսկ մեր սերունդը գահ նվաճող սերունդ է:

Անկախ կյանքի դժվարություններից՝ Սիփանին հաջողվել է ունենալ ամեն ինչ՝ լավ աշխատանք, հիանալի ընտանիք: Երբ սկսեց ճանաչել ինքն իրեն, հասկացավ, որ հաշմանդամությունն ամենևին էլ խարան չէ, քանի որ ինքն ունի նաև միտք, ինտելեկտ, հոգատար ծնողներ:

-Այդ քննությունը հաջողությամբ «հանձնեցի», երբ առաջին անգամ, կռիվ տալով ընտանիքիս անդամների հետ, միայնակ դուրս եկա տանից, երբ գիտակցեցի, որ ես առաջին հերթին անձ եմ:

Սիփանն իր հաջողության բանալին համարում է անհաջողությունից չվախենալը: