Տիգրան Նալչաջյանն ունի երկու հեղինակային լիամետրաժ ֆիլմ` «Չներվածներ» և «Արթնացիր», որոնցում հանդես է գալիս որպես սցենարիստ, ռեժիսոր և գլխավոր դերասան: 

Սոնա Սողոմոնյան

ArmeniaON, ապրիլի 8. Տիգրան Նալչաջյանը խաղացել է «Վերջին հայրիկը», «Ծղրիդի երգը», «Մահվան ջոկատ» և այլ հեռուստասերիալներում: Հարցին,թե ի՞նչ սկզբունքով է համաձայնում կերպարներ մարմնավորել, պատասխանեց.

Առաջարկներն ու նկարահանվելու հնարավորություններն այնքան շատ չեն, որ ընտրություն կատարեմ: Մեծ մասամբ նայում եմ, թե ինչ խմբի հետ եմ աշխատելու, որովհետև լավ թիմը միշտ լավ արդյունք է ստանում: Ապացույց է, օրինակ, Հանրայինի «Ծղրիդի երգը» սերիալը. շատ գոհ էի արդյունքից: Շատ կուզեմ էլի նկարվել նման նախագծերում: Նույնը կարող եմ ասել «Մահվան ջոկատի» մասին: Երկու նախագծերն էլ շատ հաջողված էին: Երբ իմ ֆիլմերում եմ խաղում, ես եմ ինձ դեր տալիս, և ինչ-որ նմանություն իմ կերպարին, բնականաբար, լինում է:

Տիգրանն ասում է, որ բաց տեսարաններում չի սիրում նկարահանվել:
Հիմնական առաջարկը «մինի» սերիալներից է եղել: Սիրում է ավելի շատ կարճ նախագծեր, բայց եթե լինի երկար սերալներում նկարահանվելու առաջարկ, նույնպես դեմ չի լինի:

Կարճ նախագծերում դու գիտես կերպարդ ուր է գնում և ինչպես է ավարտվելու. դա օգնում է խաղալուն: Իսկ երկարատև սերիալում դու չգիտես գլխիդ ինչ է գալու, որովհետև սցենարը ընթացքում է գրվում, կարող է ընդամենը առաջին տասը սերիան հայտնի լինի: Դերասանը ժամանակի ընթացքում է իմանում, թե ինչ պիտի լինի: Բայց ես դեմ չեմ երկար սերիալներին, և ընդհանրապես, դեմ չեմ աշխատելուն: Դերասանը պետք է աշխատի, որ միշտ լավ մարզավիճակում լինի. մեր մասնագիտությունը սպորտի պես մի բան է:

Իր ֆիլմում նկարահանվող դերասաններին որևէ սկզբունքով չի ընտրում: Օրինակ` մանկապատանեկան տարիքի երեխաների դեպքում քասթինգ չի անում, շատ լավ սաներ ունի, և ընտրությունը հեշտ է լինում:

Իսկ լինո՞ւմ են դեպքեր, երբ համաձայն չի լինում իր կերպարի տեքստին.

-Եղել է այդպիսի դեպք: Բայց հիմնականում այն ֆիլմերում, որտեղ նկարահանվել եմ, բոլորի տեքստերն էլ ասելիք են ունեցել: Այսինքն` չեն եղել բազմոցին նստած խոսակցություններ, երկխոսություններ, որ ոչ մի բանի մասին են: Այս վիճակները ինձ իսկապես դուր չեն գալիս:

Տիգրան Նալչաջյանի համոզմամբ` տաղանդը ցուցադրելու համար սկսնակ դերասանին փորձի պակասն է խանգարում: Կարծում է, որ փորձ ձեռք բերելու ամենահարմար տեղը հեռուստասերիալներն են:

Լուսանկարները` facebook