Նարինե Աբգարյանի առաջին մանկական գիրքը՝ «Պատմություն խզբզիկներով», թարգմանվեց հայերեն:

Մերի Բադալյան

ArmeniaON, ապրիլի 9. Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և «Արևիկ» հրատարակչությունը ապրիլի 8-ին ՀԲԸՄ 113-ամյակի միջոցառումների շրջանակում ներկայացրեց Նարինե Աբգարյանի «Պատմություն խզբզիկներով»  գիրքը:

Այն հեղինակի առաջին մանկական ստեղծագործությունն է, որը թարգմանվել է հայերեն: Բոլորի կողմից շատ սիրված գրողը, որի ստեղծագործությունները գերում են ոչ միայն հայ, այլև այլազգի ընթերցողներին, իրեն մանկագիր չի համարում, քանի որ, իր կարծիքով, շեղվում է դասական ձևերից:

– Իմ նպատակն է կոտրել այդ սուբորդինացիան,- ասաց Նարինեն:- Համոզված եմ, որ երեխան փոքր մեծ է, իսկ մեծն էլ մեծ փոքր է: Կարծում եմ՝ երեխայի հետ «վերևից» խոսելը շատ սխալ է, և ես աշխատում եմ խոսել նրա հետ` ինչպես հավասարը հավասարի: Ես ուզում եմ, որ իմ մանկական գրքերն էլ այդպիսին լինեն: Որքանով է ստացվում՝ չգիտեմ, բայց մանկուց սիրել եմ այն գրքերը, որոնք մանկական չեն եղել:

Թեպետ գիրքը գրվել է ռուսերեն, սակայն Նարինե Աբգարյանն իրեն համարում է հայ գրող: Գլխավոր հերոսի՝ փոքրիկ տղայի կերպարի նախատիպն իր որդին է, որի հետ հերոսը շատ ընդհանրություններ ունի: Ահա թե ինչու է նա գլխավոր հերոսին հայ համարում:

Այս գիրքը համալրեց «Արևիկ» հրատարակչության թարգմանությունների շարքը: Հրատարակչության տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանը սիրով նշեց, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի հայ մանուկները նորանոր գրքեր կարդան և ճանաչեն հայ գրողներին:

 -Մեր հերթական գիրքը եղավ Նարինե Աբգարյանի «Պատմություն խզբզիկներով»-ը: Մենք որոշեցինք մեր մանուկներին նվիրել այն հրաշալի պատմությունները, որոնք Նարինեն է գրել: Նրա ստեղծագործությունները հուզմունքով են կարդում: Գիրքը նրանց համար է, ովքեր սիրում են ծիծաղել, երազել և կարողանում են չընկրկել դժվարությունների առաջ,- ասաց  Սաբեթը:

Գրքում հերոսները բարձրացնում են բազմապիսի խնդիրներ, որոնք նաև մեծերին են հուզում: Գուցե շատերն այս գրքի միջոցով կփորձեն վերանայել իրենց արարքները և, ինչո՞ւ չէ, նաև շտկել դրանք:

«Պատմություն խզբզիկներով» գիրքն ունի հիանալի նկարազարդում: Գրքի թարգմանիչ Նաիրա Խաչատրյանը հատկապես կարևորեց վերնագրի ընտրությունը՝ դա համարելով հաջողության գրավականներից մեկը:

-Սկզբում մտածում էինք վերնագրել «Տարեգրություն խզզբզիկներով», բայց տարեգրությունը լուրջ և բարդ էր երեխաների համար, ռուսերեն տարբերակով թողնել չէինք ցանկանում: Ցանկացած թարգմանիչերբ տեքստի հետ աշխատում է և տվյալ բառի հայերեն տարբերակը չունի, սկսում է օգտվել այլ աղբյուրներից և փնտրել տարբերակներ: Մտածում էինք՝ խճճագրեր, խզբզոցներ… Ի վերջո ընտրեցինք խզբզիկներով տարբերակը,- ասաց Նաիրան:

«Պատմություն խզբզիկներով» գրքի հերոսը՝ փոքրիկ տղան, գրառումներ անելու սովորություն ունի, բայց քանի որ գրել-կարդալ դեռ չգիտի, խզբզում է: Գրքի էջադրող Ռուզաննա Խաչատրյանը, որը նաև գրքի նկարազարդողն է, պարզապես ձեռքով  նկարել է բառերը: Մեծ ջանքերի արդյունքում գրքի շապիկն ստացվել է մանկական, հասկանալի և խզբզիկով:

Նարինե Աբգարյանը շատ ուրախ է, որ իր գրքերը կարդում են Հայաստանում և իր սիրելի ծննդավայրում՝ Բերդում: Նա հայ ընթերցողին համարում է շատ պահանջկոտ, և նրան շատ ոգևորում է այն, որ իր ստեղծագործություններն այդպես են ընդունվում: Նա բարձր գնահատեց  թարգմանչի աշխատանքը՝ այն համարելով կրկնակի բարդ, քանի որ նրան հաջողվել է պահել տեքստի ոգին:

Գրողն ունի հետաքրքիր սովորություն. առանց երաժշտության ոչինչ չի գրում:

– Երաժտությունն է ինձ միշտ ոգևորել: Ես միշտ գրում եմ երաժշտության ներքո: Սիրում եմ ջազ: Ջազը իմ կյանքում անընդհատ կա: Շատ եմ սիրում Հասմիկ Պապյանի երգեցողությունը: Սիրում եմ այն երգիչներին, որոնք ազգային երաժտություն են մատուցում: Իմ ամբողջ կյանքում կապված եմ եղել երաժտությանը: Այն բոլոր արվեստների թագուհին է: Երաժշտությունը ամենակարճ ճանապարհն է տիեզերքի հետ կապվելու:    

Նարինե Աբգարյանը համոզված է, որ մեր երեխաները երջանիկ են լինելու: Եվ շատ է ուրախանում, որ իր գործերը ինչ-որ չափով նաև հավատ են արթնացնում:

-Այստեղ ներկա հասարակությունը ապացույցն է, որ Նարինե Աբգարյանը մերն է, մեր ներկան է և մեր ապագան: Ես շատ եմ սիրում մեր հիանալի գրողին և իր գրքերը, – ասաց երգչուհի Հասմիկ Պապյանը:

«Պատմություն խզբզիկներով» գիրքը գրողի 4-րդ գիրքն է, որ թարգմավել է հայերեն: Նարինե Աբգարյանի գրքերը թարգմանվել են նաև այլ լեզուներով: Հիմնականում գրել է Հայաստանի և իր ծննդավայր Բերդի մասին: Թեև 25 տարի ապրել է Ռուսաստանում, գրքերից միայն երկուսն են ներկայացնում այդ միջավայրը: Նրա գրքերի հաջողության ապացույցներից մեկն էլ այն է, որ հայաստան այցելած բազմաթիվ զբոսաշրջիկներ ցանկանում են տեսնել նաև Բերդը: Նարինե Աբգարյանի ստեղծագործությունները նաև բեմականացվում են Ռուսաստանի թատրոններում: