Ազատ ոճի ըմբշամարտի՝ Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակչում Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի 2019 թվականի չեմպիոն:

ArmeniaON, ապրիլի 10. Հայ մարզիկը բարդ պայքարում 17-11 հաշվով հիանալի հաղթանակ տարավ Եվրոպայի փոխչեմպիոն վրացի Բեկա Լոմթաձեի նկատմամբ:

Արսենին չընկճեց այն, որ գոտեմարտի սկզբում Լոմթաձեն զգալի առավելություն ուներ: Կրճատելով նախնական 8:0 հաշվի տարբերությունը՝ 19-ամյա մարզիկը առաջ անցավ մրցակցից և ապահովեց իր հաղթանակը:

Սա այս մրցաշարում Արսենի արդեն իսկ գրանցած հաջողությունների տրամաբանական ավարտն էր: Որակավորման փուլում նա 14-8 հաշվով հաղթանակ էր տարել ուկրաինացի Վոլոդիմիր Բուրուկովի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 5-2 հաշվով պարտության էր մատնել Եվրոպայի բրոնզե մեդալակիր թուրք Ռեջեփ Թոփալին:

Հեշտ չէր պայքարը նաև կիսաեզրափակիչ փուլում: Ռումինիան ներկայացնող Նիկոլայ Օխլոպկովի հանդեպ դժվարությամբ ձեռք բերված հաղթանակը (4-0 հաշվով մրցակցին զիջող Հարությունյանն ի վերջո մարտն ավարտեղ 10-4 հաշվով) նրան եզրափակիչ դուրս գալու հնարավորություն տվեց, որտեղ էլ նրան սպասում էր չեմպիոնի տիտղոսը:

armtimes.com-ը տեղեկացնում է, որ վերջին անգամ ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում 2013 թվականին Եվրոպայի չեմպիոն էր դարձել Դավիթ Սաֆարյանը:

Նշենք, որ ապրիլի 8-ին մեկնարկած Եվրոպայի 2019 թ. առաջնությունը կավարտվի ապրիլի 14-ին: Ապրիլի 12-ից պայքարի մեջ կմտնեն ՀՀ հունահռոմեական ոճի ըմբիշները:

Լուսանկարը՝ aravot.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here