Նա պայքարում էր ոչ միայն արտաքին, այլև ներքին թշնամու դեմ: Արայիկ Խանդոյանի մասին այս կարծիքին են նրա մտերիմները:

Արմինե Սահակյան

ArmenianON , ապրիլի 10. «Լավ եմ, բալես, դու չգիտե՞ս, որ ես միշտ լավ եմ»: Այս էր պատասախանը Միայնակ Գայլի, երբ վերջին անգամ հարցրի, թե ոնց է։

Առիթ շատ է եղել նրան տեսնելու, միշտ ժպտում էր` անկախ ամեն ինչից։ Շատերի համար է նրա ժպիտը յուրահատուկ: Այն ժպիտներից է, որը խոսում է մարդու անկեղծության ու բարության մասին։

ԱՍԱԼԱ-ի «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսիլյանը Արայիկ Խանդոյանի մասին ասում է. «Կյանքի մինչև վերջին օրը պայքարեց հայրենիքի համար»։

Երբեք չդադարեց պայքարելուց. պայքարում էր ոչ միայն արտաքին, այլև ներքին թշնամու դեմ: Պայքարում էր բոլոր երեխաների համար: Հորեղբայրս` Պարույր Սահակյանը, հիշում է.

-Երբ Արայիկ Խանդոյանը մեզ հյուր էր գալիս, փաթաթվում էր երեխաներին, ասում էր. «Ես սրանց ջանին մեռնեմ, գանձ են սրանք, գանձ, բա էս գանձերի համար որ չպայքարենք, ո՞ւմ համար պայքարենք: Պիտի էնպես անենք, որ սրանք միշտ էսպես ժպտան, ժպտերես էրեխեք մեծանան»։

Արայիկ Խանդոյանը շատերին հայտնի է «Միայնակ Գայլ» մականունով: Այդպես նրան կնքել են իր ընկերները, որովհետև ամենադժվար և վտանգավոր հանձնարարությունները միայնակ էր կատարում:

Դեռ պատանի հասակից Արայիկը մասնակցել է Արցախի ազատագրական մարտերին` իր չորս եղբայրների հետ միասին: Կյանքում շատ դժվարությունների է հանդիպել, բայց երբեք չի տրտնջացել, հայրենիքն ու Արցախը նրա համար միշտ առաջնային են եղել:

Հորաքույրս` Անահիտ Սահակյանը, որի համար Արայիկը հերոսի իդեալական կերպար է, պատմում է.

Արայիկին ճանաչել եմ 2006 թվականից, մեր ընտանիքի համար հարազատ մարդ էր: Հաճախ ենք շփվել, բայց այնքան համեստ էր, որ իր քաջագործությունների մասին երբեք չի բարձրաձայնել: Շատ էր սիրում մարդկանց օգնել, բոլորին համարում էր իր հարազատը, իսկ երբ խոսում էինք իր «Միայնակ Գայլ» լինելու մասին, լուռ ժպտում էր:

Արայիկ Խանդոյանն «Նվիրյալները» հաղորդաշարի իր մասին պատմող ֆիլմում խոսում է իր համար կարևոր ու թանկ բաների մասին.

«Իմ համար ամենաթանկը, ամենաուրախալին իմ էս երկիրն ա, էս իմ հողն ու ջուրն ա, էս իմ գյուղի ամեն մի բնակիչն ա, իմ Ծաղկահովիտն ա: Իմ համար թանկ ա էս իմ ազգ ու երկիրը: Իմ համար նյութական թանկարժեքություն չկա, իմ համար մարդկային արժեքն ա մեծություն»:

Լուսանկարները`galatv.am, azatutyun.am, mamul.am