Հայաստանը ներկայացնող Հակոբ Մկրտչյանը նվաճեց փոքր ոսկի հրում վարժությունում։

ArmeniaON, ապրիլի 11. Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց թիմն առաջին մեդալները նվաճեց Եվրոպայի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բաթում քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան 89 կգ քաշային ծանրորդները:

Հայաստանը ներկայացնող Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց բոլոր մոտեցումները՝ ի վերջո գլխավերևում պահելով 165 կգ: Հովհաննիսյանն այս ձևում զբաղեցրեց երրորդ տեղը` նվաճելով բրոնզե մեդալ: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Հակոբ Մկրտչյանը, 164 կգ արդյունքով պոկում ձևում 4-րդն էր: Հրում վարժությունում Հակոբ Մկրտչյանը երկու մոտեցում կատարեց․ նախ բարձրացրեց 201 կգ, ապա՝ 207 կգ՝ նվաճելով փոքր ոսկե մեդալը։ Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը այս վարժությունում 195 կգ է: Հակոբ Մկրտչյանը երկամարտի 371 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Դավիթ Հովհաննիսյանը 360 կգ արդյունքով՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Ապրիլի 12-ին կանանց թիմից մրցասպարեզ դուրս կգա 87 կգ քաշային Տաթև Հակոբյանը: Իսկ ապրիլի 13-ին՝ մրցութային վերջին օրը, մեդալների համար կպայքարեն ծանրքաշայինները: Արփինե Դալալյանը կմրցի +87 կգ քաշում,  Արսեն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը՝ 102 կգ, 109 կգ քաշային կարգում՝ Սիմոն Մարտիրոսյանը և գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը:

Լուսանկարը՝ Արմենպրեսի