Թուրքիայի Մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանի կարծիքով, Հայոց ցեղասպանության հարցը պետք է քննարկման թեմա դարձնել Թուրքիայի խորհրդարանում:

ArmeniaON, ապրիլի 12. Արձագանքելով Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու մասին հրամանի ստորագրմանը` Թուրքիայի Մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը Թվիթերի իր էջում գրել է.

«Հայերի ցեղասպանության հարցը պետք է դուրս բերել Իտալիայի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների խորհրդարանների օրակարգից և քննարկման թեմա դարձնել Թուրքիայի խորհրդարանում, այն երկրի, որտեղ տեղի է ունեցել այս մեծ ողբերգությունը: Թուրքիայի հայերն արդեն 104 տարի սպասում են արդարության»։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Իտալիայի Պատգամավորների պալատը ճանաչեց ու դատապարտեց 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 10-ի հրամանով ապրիլի 24-ը հռչակեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Նշենք, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև են ներկայացրել նաև ԱՄՆ կոնգրեսականները` Ադամ Շիֆի և Գուս Բիլիրակիսիի գլխավորությամբ: Բանաձևի նպատակը ԱՄՆ քաղաքականության մեջ հետևյալ դրույթները ամրագրելն է՝  Հայոց ցեղասպանության ժխտման մերժում,  ԱՄՆ կողմից այս հանցագործության պաշտոնական ճանաչում և հիշատակում, ժամանակակից աշխարհում նման վայրագությունները կանխելու նպատակով Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթության կարևորություն:

panorama.am

Լուսանկարը` yerkirmedia.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here