Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է մարտական հենակետերում, եղել այն ուղղություններում, որտեղից դիտարկվում է Արծվաշենը։

ArmeniaON, ապրիլի 13. Դավիթ Տոնոյանին զեկուցվել է սահմանագոտու օպերատիվ իրավիճակի, մարտական հերթապահության կրման պայմանների, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքների մասին։

Պաշտպանության նախարարը զրուցել է դիրքապահ զինծառայողների հետ, խրախուսել մարտական հերթապահության ընթացքում գերազանց ծառայությամբ աչքի ընկած զինծառայողներին և մաղթել խաղաղ ու անվտանգ ծառայություն:

Աշխատանքային այցի շրջանակում Դավիթ Տոնոյանը հանդիպել է նաև Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղի բնակիչների հետ, քննարկել համայնքների զարգացմանը վերաբերող հարցեր:

Վահան գյուղում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծաղիկներ է խոնարհել հայրենիքը պաշտպանելիս զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։

Հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում պաշտպանության նախարարը խորհրդակցություն է անցկացրել զինված ուժերի բարձրաստիճան սպաների, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների մասնակցությամբ։

Քննարկվել են անվտանգային և թիկունքային ապահովման մի շարք հարցեր, որոնց առնչությամբ Դավիթ Տոնոյանն առաջադրել է որոշակի խնդիրներ, տվել ցուցումներ և հանձնարարականներ։