Վլադիմիր Աբրոյանի ոչ ստանդարտ ծաղրանկարները տարիներ շարունակ միջազգային ցուցահանդեսներում արժանացել են մրցանակների և պատվոգրերի:

ՄԵՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ

ArmeniON, ապրիլի 13. Երգիծանկարչությունը սիրելի է շատերի համար: Գրեթե բոլորն են սիրում հայտնի ու անհայտ դեմքերին տեսնել ծաղրանկարչի «աչքերով», ծիծաղել ու երբեմն էլ զարմանալ, թե նկարիչն ինչպես է կարողացել ներթափանցել մարդու էության խորքերը, մատիտի մի թեթև հպումով բացահայտել նրա բնավորության ինչ-ինչ գծեր։ Սակայն ծաղրանկարչի ճանապարհը իր ստեղծագործությունների նման թեթև ու հեշտ չէ։ Դա խոստովանում է ճանաչված ծաղրանկարիչ Վլադիմիր Աբրոյանը` հիշելով, որ ինքն էլ անմասն չի մնացել սպառնալիքներից ու վիրավորանքներից։

– Մի անգամ խմբագիրն ինձ հանձնարարեց նկարել կաշառք վերցնող ոստիկանների: Աշխատանքը կատարեցի, իսկ նկարը հրապարակվելուց հետո մինիստրին աշխատանքից հեռացրին: Տարիներ անց ես հանդիպեցի նրա ազգականին ու հասկացա, որ ծաղրանկարիս հերոսը դեռ չարացած է,- պատմում է Վլադիմիր Աբրոյանը:- Մեր «գործը» նախկինում այնքան էլ անվտանգ չէր, բայց հիմա երիտասարդներն ավելի ազատ են։ Թերևս դա է պատճառը, որ «Սովետի ժամանակ» այդքան «սուր» նկարներ չէին նկարում․ հնարավոր էր՝ շատ ծանր հետևանք ունենար՝ աքսորեին «Սիբիր»։

Մասնագիտության ընտրությունը շատերին է դժվար կացության առջև կանգնեցնում: Մինչդեռ Վլադիմիր Աբրոյանն այն երջանիկներից է, որն, իր իսկ խոսքով, մասնագիտությունն ինքն է «ընտրել»․

– Ծաղրանկարներ արել եմ դպրոցական տարիներից: Ընկերներիս էի նկարում, ինձ էի նկարում: Հիշում եմ, մի օր արտասահմանյան թերթերից մեկում մի հումոր կարդացի ու սկսեցի ծիծաղել: Դրանից հետո մի բան ինձ ստիպեց, որ նկարեմ: 17 տարեկանում արդեն արտասահմանյան մամուլում էի տպագրվում:

Առաջին ծաղրանկարը տպագրվել է 1958-ին՝ Թիֆլիսում: Նկարներ էր ուղարկում Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի տարբեր տպագիր լրատվամիջոցների: Սկզբնական շրջանում դժվար էր թեմաներ ընտրելը:

-Սկզբում թեմաները շատ դժվար էին «գալիս», բայց հիմա մեր շուրջն այնքան խնդիր կա, հետևաբար՝ նույնքան էլ ծաղրանկարի թեմա: Ցավոք, այսօր արդեն այն տարիքում եմ, որ ֆիզիկապես դժվար է աշխատելը,- ասում է նկարիչը:

Իր նկարներից Աբրոյանն առանձնացնում է «Իլյուզիոնիստի թաղումը» աշխատանքը, որը հումորի միջազգային բիենալեում 28-րդ տեղն է զբաղեցրել: Մրցույթը տեղի է ունեցել 2015 թվականին  Իտալիայի Տոլենտինո քաղաքում։ Ի դեպ, մրցույթին ներկայացված աշխատանքներից մեկը` «Խոստովանությունը», մեծ արձագանք է ստացել կազմակերպիչների ու այցելուների շրջանում և հետագայում ներառվել է ցուցահանդեսի կատալոգում։

-Ցուցահանդեսի խորագիրն էր «Մահանալ ծիծաղից»։ Երբ մահ բառը լսում ես, ակամայից թաղում ես պատկերացնում: Այդ իրավիճակում էլ ծնվեց նկարի գաղափարը,- հիշում է Վլադիմիր Աբրոյանը:

Երգիծանկարիչը պետք է վառ երևակայություն ունենա, շատ իրավիճակներ պատկերացնի. այդպես է կարծում ծաղրանկարիչը:

– Ծաղրանկարում շատ բան արդեն ասվել է, շատ թեմաներ անգամ ծեծված են: Նկարիչը ստիպված գնում է «անտառի խորքերը», որպեսզի ոչ ստանդարտ թեմա գտնի: Ա′յ, այդ ոչ ստանդարտ թեմաներով աշխատանքներն էլ մրցանակներ են ստանում:

Վլադիմիր Աբրոյանին շատերը հիշում են որպես «Հայֆիլմ» կինոստուդիայի մուլտիպլիկատոր: Մյուս նկարիչների հետ նա ստեղծել է հայրենական մուլտիպլիկացիայի արդեն դասական դարձած այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Մի կաթիլ մեղրը», «Զոլավոր վագրերը», «Ջութակը ջունգլիներում»:

-Երգիծանկարիչն ու մուլտիպլիկատորը տարբեր են: Մուլտիպլիկացիայում կոլեկտիվ աշխատանք է: Ես սիրում եմ երգիծանկարչի գործը. այստեղ դու և՛ երաժշտության, և՛ բառերի հեղինակն ու կատարողն ես:

Ծաղրանկարիչը կարևոր է համարում միջազգային ցուցահանդեսների մասնակցելը՝ դրանք համարելով փորձություն: Կարծում է, որ նման մրցույթների շնորհիվ նկարիչը զարգանում է, դուրս է գալիս կաղապարներից և փորձում է զարգացնել նաև սեփական մտածողությունն ու մասնագիտական հմտությունները:

 – Այդ մրցույթներում նկարիչը պետք է կարողանա առանց խոսքի արտահայտել իր միտքն ու գաղափարն այնպես, որ օտարերկրացուն էլ հասկանալի լինի,- ասում է Աբրոյանը:- Այդ դեպքում կարելի է ասել, որ նրա ստեղծագործությունը համապատասխանում է միջազգային չափանիշներին:

 Վլադիմիր Աբրոյանը երգիծանկարչությունը  համարում է Աստծո տված շնորհ: Բայց և վստահեցնում է, որ հաջողության հասնելու համար մասնագիտական կրթությունը պարտադիր է: Ավելին, այս մասնագիտությունը մեծ ջանքեր ու աշխատասիրություն է պահանջում:

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here