Գառզուի, Շահինի, Ժանսեմի գրաֆիկական աշխատանքները ցուցադրվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում: Հավաքածուում ընդգրկված են բնօրինակներ, նկարազարդված գրքեր, ինչպես նաև գործեր, որոնք երբևէ չեն եղել ազատ վաճառքում:

ՌՈԶԻ ՍԱՐԳՍՅԱՆ, ՄԵՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ
ArmeniaON, ապրիլի 15. Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում շարունակվում է Վարդգես Բոյաջյանի «XX դարի գրաֆիկական արվեստի վարպետները» անձնական հավաքածուի հայկական գործերի ցուցադրությունը: Այն ներառում է Էդգար Շահինի, Ժան Գառզուի և Ժան Ժանսեմի գրաֆիկական աշխատանքները: Նկարիչներ, որոնք տարբերվում են իրենց յուրօրինակ ոճով:
Գառզուն հետևել է արվեստի նորագույն միտումներին, ստեղծել ինքնատիպ ոճի բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ։ Այս շրջանի գործերին բնորոշ են կարմիր, կանաչ, կապույտ գույները։ Գառզուի արվեստում առաջնայինն ուրվագիծն է: Միևնույն ժամանակ գույնը նրա համար կարևոր արտահայտչամիջոց է։ Գառզուն հայտնի է նաև որպես բեմանկարիչ։ Նա ներկայացումներ է ձևավորել Փարիզի ազգային թատրոնում, «Կոմեդի Ֆրանսեզում», «Գրանդ օպերայում», Միլանի «Լա Սկալայում»։ Նկարիչը Հայաստանի ազգային պատկերասրահին և Ժամանակակից արվեստի թանգարանին է նվիրել 400 աշխատանք։
Շահինն իր գործերում կիրառել է փորագրության գրեթե բոլոր եղանակները։ Նախընտրել է չոր ասեղի տեխնիկան։ Նա Վենետիկի մեծ նկարիչներից էր և պատվավոր քաղաքացի։ Շահինի՝ հայ իրականությանը նվիրված տասնյակ գործերից ուշագրավ են «Ալևոր հայը», Պողոս Նուբարի, Տիկին Զարմիկյանի, օրիորդ Երամի և այլոց դիմանկարները։ Գրիգոր Զոհրապի առաջարկությամբ Շահինն իր աշխատանքներից մեկում պատկերել է սպանդից փրկված հայ որբերին, որտեղ երկրորդ պլանում Անիի Հովվի եկեղեցին է։
Շահինը նաև գրքի նկարազարդումներ է կատարել, ձևավորել է բազմաթիվ գրքեր։ Նրա աշխատանքները պահվում են Փարիզի ազգային գրադարանում, Վենետիկի քաղաքային թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում (300-ից ավելի), «Էրմիտաժում», Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի և եվրոպական երկրների այլ թանգարաններում։ 1995 թվականին Ֆրանսիայի Ժիզյո քաղաքից (Նորմանդիա) ոչ հեռու գտնվող Սեն Միշելում բացվել է Շահինի թանգարանը։ Նկարիչը շուրջ 160 աշխատանք է նվիրել Հայաստանին։
Ժանսեմի գործերի մի մասն այժմ ցուցադրվում է Փարիզի հայկական արվեստի թանգարանում։ Նրա կտավներին բնորոշ դեղնականաչ գունաշարը հաճախ զուգորդվում է կարմիր, զուտ կանաչ և նարնջագույն գունագծերով։ Ստեղծագործության թեման սկիզբ է առնում նկարչի մանկության հիշատակներից՝ հայ ժողովրդի մեծ արհավիրքից։ Ֆրանսիական տեսաբանությունը Ժանսեմին բնութագրել է իբրև միզերաբլիստ՝ թշվառների նկարիչ: Ժանսեմն այն բացառիկ նկարիչներից է, որի կենդանության օրոք իր անվան երկու թանգարան է բացվել՝ երկուսն էլ Ճապոնիայում։

Նշենք, որ ֆրանսահայ նկարիչների աշխատանքները Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում կցուցադրվեն մինչև ապրիլի 28-ը: