Փարիզի Աստվածամոր տաճարը կրակների մեջ էր: Ժամեր շարունակ չէր հաջողվում մարել հրդեհը:

ՏԱԹԵՎԻԿ ՄԻՐԶՈՅԱՆ

ArmeniaON, ապրիլի 16. Երեկ` ապրիլի 15-ին, ամբողջ աշխարհի ուշադրության ու հույզերի կենտրոնում Փարիզն էր: Մինչև ուշ գիշեր շարունակում էր այրվել Փարիզի Աստվածամոր տաճարը՝ Նոտղը Դամ դը Պաղին (Notre Dame de Paris):

Սարսափելի հրդեհն սկսվել էր երեկ երեկոյան և մի քանի ժամվա մեջ փլուզել էր տաճարի սրածայր աշտարակն ու տանիքը:

Ճարտարապետական այս գլուխգործոցը Ֆրանսիայի խորհրդանիշներից մեկն է, որը միշտ հիացրել է իր առեղծվածային գեղեցկությամբ: Տաճարի կառուցման աշխատանքներն սկսվել են 1163 թվականին՝ Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում, և տևել շուրջ 200 տարի: Այս փառահեղ կերտվածքի մուտքային մասը բաղկացած էր երեք կամարից: Մեջտեղի կամարը պատկերում էր Ահեղ դատաստանը: Բարձրության վրա Հիսուս Քրիստոսն էր՝ իր 12 առաքյալներով: Ձախ կամարը նվիրված էր Տիրամորը, աջը՝ Սուրբ Աննային: Վերևում Բիբլիական թագավորներն էին, կենտրոնում Վարդն էր, Տիրամայրը Սրբերի հետ:

Մի քանի ժամում արվեստն ու պատմությունը հուշի վերածվեցին: Figaro-ի փոխանցմամբ, սակայն, ամենաթանկարժեք իրերն ու մասունքները հաջողվել է փրկել և ապահով վայր տեղափոխել: Դրանց թվում են Սուրբ Լուիի թիկնոցը, Հիսուսի Փշե պսակը: Երեք օր առաջ շինարարական աշխատանքների պատճառով սրբերի քանդակներն իջեցվել էին: 19-րդ դարում Ֆրանսիական հեղափոխությունից տուժած տաճարի արձանային հատվածը վերականգնման է ենթարկվել, ինչպես նաև նոր ծայրաձող են տեղադրել:

Փարիզի Աստվածամոր տաճարն ավելի մեծ հանրաճանաչություն գտավ 1831-ին՝ Վիկտոր Հյուգոյի համանուն նովելի հրատարակումից հետո: 20-րդ դարի 60-ական թվականների սկզբին նորից մաքրման ու վերականգնողական աշխատանքներ սկսեցին տաճարում: Ծխից ու մրից ամբողջությամբ մաքրվեց ճակատային մասը՝ նոր գույն ու շունչ հաղորդելով տաճարին:

Photo: Getty images
Photo: Getty images

Տարեկան ավելի քան 13 մլն այցելու ունեցող տաճարում այս օրերին ևս շինարարական աշխատանքներ էին իրականացվում: Որպես նախնական վարկած՝ հաղորդվում է, որ հրդեհի պատճառ կարող էիiն լինել շինաշխատանքները:

Այսքանից հետո մարդկությունը պարտավոր է մտածել, թե ինչի մասին է «աղաղակում» աղոթքի ու հոգևոր տաճարը մոխրի վերածվելու փաստը: Արդյոք մաքրվող ու վերականգնվող Տիրամոր տան կորուստը սգացող աշխարհն հենց ինքը չունի՞ Աստծո, հավատքի ու մաքրման կարիք…

Լուսանկարը՝  tert.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here