Երեկ հրդեհի ճիրանների մեջ հայտնված Փարիզի Աստվածամոր տաճարում ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ պետք է մատուցվեր:

ArmeniaON, ապրիլի 16. Ապրիլ 24-ը Ֆրանսիայում նշվելու է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Այս մասին որոշումը ապրիլ 10-ին ստորագրեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Որոշման մեջ նշված է, որ ամեն տարի այդ օրը Փարիզում և նրա շրջաններում պետք է կազմակերպվեն 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներ:

Նշենք, որ ամեն տարի ապրիլ 24-ին Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները, Ֆրանսիայի քաղաքական գործիչները այցելում են Փարիզի Գանատայի հրապարակում գտնվող Կոմիտասի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հիշեցնենք, որ Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեմինարներից մեկի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Սոնյա Քրիմի միջև:

Չավուշօղլուն  Ֆրանսիային  մեղադրել էր այլ երկրներին նսեմացնելու, իշխելու և քննադատելու մեջ։  Անդրադառնալով  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր սահմանելու որոշմանը, Չավուշօղլուն նշել էր, որ դա հակասում է Եվրադատարանի և Ֆրանսիայի սահմանադրական դատարանի որոշումներին:

Չավուշօղլուի հայտարարություններից հետո, ի նշան բողոքի, Ֆրանսիայի ներկայացուցիչը լքել էր դահլիճը, այնուհետև ուղիղ եթերում նշել էր, որ Չավուշօղլուի խոսքերն իրեն հիշեցրել են ծայրահեղ աջակողմյանների փաստարկները, որոնք, իր կարծիքով, խելահեղ են:

Ծագումով թունիսցի խորհրդարանական Քրմին ուղիղ եթերում ասել է. «Պատմությունը չեք կարող գրել այնպես, ինչպես դուք եք ցանկանում: Կհանդիպենք ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակի օրը»:

hyerakouyn.com

Լուսանկարը` newsarmenia.am