ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատուն։

Armenia.ON, ապրիլի 18. Այս մասին ասված է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նաև նշված է.

«Ներկա պահին խուզարկություն է իրականացվում նաեւ Պողոսյանի նախկին գրասենյակում:

Այս ռեպրեսիվ քայլերը գնահատում ենք որպես ակնհայտ քաղաքական հետապնդման դրսևորում:

Ընդգծենք, որ ԱԱԾ այս միջոցառումները փաստացի հաջորդեցին Միհրան Պողոսյանի գրասենյակի ԱԱԾ տնօրենի արված հայտարարության հակադարձմանը։

Հիշեցնենք, Միհրան Պողոսյանն, արձագանքելով Արթուր Վանեցյանի՝ իր գտնվելու վայրի մասին արված հայտարարությանը, անմիջապես հրապարկել էր իր բնակության հասցեն»:

Ինչպես հայտնի է, ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

news.am

Լուսանկարը՝ shantnews.am