Խորհրդային տարիների հայկական եթերն անհնար է պատկերացնել առանց լրագրող, հաղորդավար Ալեքսանդր Սայադյանի:

ՀՌԻՓՍԻՄԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ArmeniaON, ապրիլի 20.  Ալեքսանդր Սայադյանի հետ զրուցեցինք իր անցած ճանապարհի, հեռուստատեսային աշխարհի առանձնահատկությունների, մասնագիտության նրբությունների մասին:

-Պարո՛ն Սայադյան, ինչպե՞ս հայտնվեցիք հեռուստատեսությունում: Դա Ձեր երազա՞նքն է եղել:

-Ես երազել եմ մեծ էկրանի, ասել է թե՝ կինոյի մասին, սակայն կինոդերասան դառնալ չհաջողվեց: Այնպես ստացվեց, որ մրցույթի արդյունքում աշխատանքի ընդունվեցի Հանրապետական ռադիոյում: Որոշ ժամանակ աշխատեցի որպես հաղորդավար, այնուհետև իմ առաջին ուսուցչի՝ Մարատ Հալաջյանի խորհրդով տեղափոխվեցի հեռուստատեսություն: 1971 թվականի օգոստոսից աշխատել եմ հեռուստատեսությունում որպես հաղորդավար:

-Հիշո՞ւմ եք՝ որն է եղել Ձեր վարած առաջին հաղորդումը:

-Եթերում առաջին անգամ ծրագիր եմ կարդացել: Այսօր նման բան չկա հեռուստատեսությունում: Իսկ այն ժամանակ հաղորդավարը եթերում կարդում էր օրվա ծրագիրը, տեղեկացնում, թե այդ օրը ո՛ր ժամին ի՛նչ հաղորդում է ցուցադրվելու: Դա տևում էր հինգ րոպե, կարդում էինք երկու լեզվով՝ հայերեն և ռուսերեն: Առաջին եթերի ժամանակ շատ հուզված էի: Նստել էի, ոտքերս փաթաթել աթոռի ոտքերին, ձեռքերս ամուր դրել էի սեղանին, որպեսզի մարմնիս և ձեռքերիս դողը չզգացվի: Այդ հինգ րոպեն ինձ մի ողջ հավերժություն թվաց:

-Նախկինում հեռուստատեսությունում մեկնաբաններ կայի՞ն:

-Նախկինում հաղորդավարներ էին, բայց կային նաև քաղաքական մեկնաբաններ, որոնք այլ հաղորդումների ժամանակ էին հանդես գալիս, մեկնաբանում էին քաղաքական իրավիճակը աշխարհում: Այսօր հաճախ ենք եթերում հանդիպում հաղորդավարների, որոնք կարծես իրենք էլ հաստատ չգիտեն՝ հաղորդավա՞ր են, թե մեկնաբան: Հաղորդավարը կարդում է ուրիշ հեղինակի գրածը, իսկ մեկնաբանն իր սեփական նյութն է մեկնաբանում: Մինչդեռ այսօրվա մեր եթերում հաճախ դրանք իրար են խառնված:

– Ո՞վ է եղել Ձեր ամենահիշարժան հյուրը:

-Ամենահիշարժան հյուրը համաշխարհային ճանաչում ունեցող դաշնակահար Յակով Ֆլիերն էր Մոսկվայից: Հարցազրույցը վարում էի ռուսերեն, դրա համար էլ շատ լարված էի:

-Մասնագիտական ի՞նչ խորհուրդներ եք տալիս Ձեր ուսանողներին:

-Իմ սաներին ասում եմ. եթե ձեզ դուրս են հանում դռնից, դուք պետք է ներս մտնեք պատուհանից, բայց ամեն ինչ պետք է լինի չափի մեջ: Լրագրողը պետք է շատ կիրթ լինի: Այսօր ցավով եմ տեսնում, թե ինչ են անում սենսացիայի հետևից ընկած լրագրողները: Չեն հետևում ո՛չ իրենց վարքին, ո՛չ ձայնին, ո՛չ եթերում հնչող խոսքի կուլտուրային: Եթերից պետք է հնչի կիրթ ու գրագետ խոսք, հեռուստադիտողը ձայնի ելևէջներից իր նկատմամբ սեր ու հարգանք պետք է զգա: Այդ դեպքում միայն փոխադարձ կապ կստեղծվի:

-Հետաքրքիր հատված կհիշե՞ք Ձեր վարած հաղորդումներից:

-Մի անգամ ուղիղ եթերում հաղորդում վարելիս ինձ հանկարծ թվաց, թե երկրաշարժ է: Տեքստը թողած՝ ակամայից ասացի. «Վա՜յ, երկրաշարժ է»: Լուր տարածվեց հանրապետությունում, թե Սայադյանը եթերից ասել է երկրաշարժ է, և երկրաշարժ է եղել:

– Ինչպե՞ս էիք ընտրում հաղորդման հյուրերին:

-Իմ հեղինակային հաղորդման ժամանակ ինքս էի ընտրում ու հրավիրում: Աշխատում էի, որ հանրության կողմից ընդունված ու սիրված մարդիկ լինեին: Հրավիրում էի նաև «մոռացված» մարդկանց՝ նրանց մասին հիշեցնելու համար: Սովետական հեռուստատեսությունն ուներ խմբագրություններ՝ արդյունաբերական, հասարակական-քաղաքական, գյուղատնտեսական: Յուրաքանչյուրը հրավիրում էր իր ոլորտի մարդկանց, հարցերն էլ լրագրողներն էին կազմում: Ամեն ինչ վերահսկվում էր: Հիմա լրագրողներն ու հաղորդավարներն ազատություն են ստացել, բայց չգիտեն՝ ինչպես օգտագործել այն: Այսօր հաղորդավարը նստում է՝ ինչպես ուզում է, և իր համար միևնույն է, որ էկրանից այն կողմ մարդիկ իրեն են նայում: Ցավում եմ, բայց հեռուստաեթերում էթիկայի կանոնները խախտված են:

– Ի՞նչն է պակասում այսօրվա հեռուստատեսությանը:

-Ամենակարևորը՝ հեռուստատեսությունում բացակայում է խոսքի կուլտուրան, լեզվի մաքրությունը: Լեզվին լիարժեք չտիրապետելու, բառերի իմաստը չիմանալու հետևանքով շատերը բառը ճիշտ տեղում չեն օգտագործում: Փողոցից բերում են փողոցային ժարգոնը, իրենց թվում է՝ այդպես խոսքն ավելի կենդանի է դառնում, բայց դրանով ընդամենն աղտոտում են լեզուն: Այսօր տեխնիկական հնարավորությունները շատացել են, մեր ժամանակ դրանք չկային, բայց կար ստեղծագործ միտքը: Այսօր ստեղծագործ միտքը բացակայում է: Հաղորդումները կրկնօրինակված են ռուսական կամ այլ երկրների հեռուստատեսություններից:

-Պարո՛ն Սայադյան, Դուք «Բարի լույս» ծրագրի հեղինակ-վարողն եք եղել, ինչպե՞ս ծնվեց հաղորդման միտքը:

-2004 թվականին իմ գործընկեր Արմեն Ամիրյանն ինձ հնարավորություն ընձեռեց Հանրային ռադիոյում մի նոր ծրագիր բացելու, և ես առաջարկեցի «Բարի լույսը»: Հաղորդումն սկսվում էր վաղ առավոտյան՝ ժամը 6:30: Շաբաթը երկու անգամ, փոքրիկ ընդմիջումներով, հաղորդումը մինչև ժամը 9-ը ուղիղ եթերում էր: Internews կազմակերպության հարցման արդյունքներով, այդ ծրագիրն իր գոյության յոթուկես ամսվա ընթացքում հինգ անգամ ճանաչվել էր «Հանրային ռադիոյի լավագույն ծրագիր»: Սակայն դա չխանգարեց, որ վերևից եկած հրահանգով հաղորդումը փակվեր: Հետո իմացա, որ դրան նպաստել էր իմ ընդդիմադիր դիրքորոշումը: Որոշել էին՝ «Սայադյանի ձայնը ռադիոյով չպետք է հնչի»: Հաղորդումը տեղափոխվեց «Արձագանք» ռադիոկայան, որտեղ այն եթերում էր 2005-2013 թվականներին: Ընդ որում, այստեղ էլ նույնքան հաջողություն ուներ, որքան Հանրային ռադիոյում:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here