Սուրբ Հարության տոնին պատարագ է մատուցվել  Սբ. Հռիփսիմեում։ 

ArmeniaON, ապրիլի 21. Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին  նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը՝ Մեծ Զատիկը։ Ինչպես առաքելական բոլոր եկեղեցիներում, Հռիփսիմեում ևս մատուցվեց Զատկական Սուրբ պատարագ։

Էջմիածին քաղաքի արևելյան մասում` Երևան տանող խճուղու ձախ կողմում իր վեհաշուք տեսքով վեր է խոյանում հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը` Սբ. Հռիփսիմե վանքը:

Հռիփսիմեի տաճար
Լուսանկարը՝ Հայկ Զեյնալյանի

Սբ. Հռիփսիմե վանքը վաղ միջնադարյան Հայաստանի հոգևոր կառույցների առավել կատարելագործված օրինակներից է և հանդիսանում է հայկական ճարտարապետական ամենաբարդ հորինվածքներից մեկը:

Այն հիմնադրվել է 618 թվականին՝ Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից IV դարում կառուցված Սբ. Հռիփսիմե նահատակի դամբարանի տեղում: 1776 թվականին նրա շուրջ կառուցվել է աղյուսաշեն պարիսպը, 1880 թվականին եկեղեցու գավթի վրա կառուցվել է զանգակատունը, իսկ հետագայում՝ 1894 թվականին սրբատաշ քարերից կառուցվել են արևելյան և հարավային պարիսպները և մի շարք այլ օժանդակ կառույցներ:

Հռիփսիմե տաճար
Լուսանկարը՝ Հայկ Զեյնալյանի

Սբ. Հռիփսիմե եկեղեցին համարվում է եզակի հայկական ոճի կառույց: Շենքը արտաքին պլանով քառակուսի է, կենտրոնագմբեթ, իսկ ներքուստ խաչաձև: Եկեղեցին կառուցված է երկրաշարժերին դիմակայելու մեծաքանակ հնարքներով: Այդպիսին են հանդիսանում արտաքին պատերի եռանկյունաձև խորշերը, գմբեթի կողավոր թեթև և իջեցված ծանրության կենտրոնով ծածկը, իսկ անկյուններում գտնվող չորս քառակուսի և ավելի փոքր չորս կլոր աշտարակները նախատեսված են երկրաշարժերի կողային ուժերին դիմակայելու համար:

Սբ. Հռիփսիմե եկեղեցու ներքին հարդարանքը արտասովոր է և բարդ:

Բացի չորս անկյուններում գտնվող խոշոր ապսիդներից, գոյություն ունեն չորս գլանաձև նեղ խորշեր, որոնք տանում են դեպի եկեղեցու չորս անկյուններում տեղակայված ավանդատները: Հայ ճարետարապետների կողմից ստեղծված այս նորարարական հորինվածքը հետագայում բազմիցս օգտագործվել է VII դարի հայ ճարտարապետության մեջ և նաև արձագանք է գտել ավելի ուշ ժամանակաշրջանի եկեղեցական կառույցների մեջ, ինչպիսիք են Վանա լճի Աղթամար կղզու գլուխգործոց՝ Սուրբ Խաչ եկեղեցին:

Սբ. Հռիփսիմե եկեղեցին 2000 թվականից գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Ըստ Ագաթանգեղոսի, Հռոմի Դիոկղետիանոս հեթանոս կայսրը, ցանկանում էր կնության առնել շատ գեղեցիկ կույսերից մեկին՝ քրիստոնեա Հռիփսիմեին: Միանձնուհի Հռիփսիմեն, մայրապետ Գայանեն և մի քանի տասնյակ այլ միանձնուհիներ փախչում են Դիոկղետիանոս կայսեր հետապնդումներից դեպի Հայաստան: Իմանալով կույսերի Հայաստան փախչելու մասին՝ Դիոկղետիանոս կայսրը նամակով դիմում է հայոց թագավոր Տրդատ III-ին, խնդրելով գտնել նրանց և մահապատժի ենթարկել, իսկ Հռիփսիմեին վերադարձնել իրեն: Գերված Հռիփսիմեի գեղեցկությամբ թագավորը որոշում է ամուսնանալ նրա հետ, սակայն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկուհուն և զայրացած հրամայում է տարբեր տեղերում մեկուսացնել կույսերին և սպանել: Հռիփսիմեի մահվան վայրում կառուցվել է այս եկեղեցին, որտեղ և այսօր գտնվում է նրա դամբարանը:

էջմիածին.հայ