Հայաստանը և հայկական մշակույթը յուրովի է բացահայտում «Մեգերյան կարպետ» ընկերությունը:

ՄԵՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ

ArmeniaON, ապրիլի 22. Հովհաննես և Նոյեմի Մեգերյանների անունը կրող հին գորգերի թանգարանում տեղ է գտել Մեգերյան ընտանիքի անձնական հավաքածուի մի մասը։ Այստեղ յուրաքանչյուր գորգ ամփոփում է իր ծննդավայրի առանձնահատկությունները, պատմությունը, կենցաղը:

«Մեգերյան կարպետ» ընկերության արտադրության և կոմերցիոն տնօրեն Լեոնիդ Անդրեասյանի և վաճառքի մենեջեր Օֆելյա Ասլանյանի ուղեկցությամբ շրջեցինք թանգարանում և ծանոթացանք գորգերի հետաքրքիր պատմությանը՝ փորձելով հասկանալ, թե ինչպես են հայկական գորգերն իրենց ինքնատիպությամբ, գույներով ու նախշազարդերով մոգական ուժ հաղորդում այցելուներին՝ տեղափոխելով նրանց ժամանակի միջով:

«Մեգերյան կարպետ» ընկերությունը հիմնադրվել է 1917թ. Նյու Յորքում: Այն ի սկզբանե զբաղվել է անտիկ գորգերի առք ու վաճառքով, լվացմամբ և վերանորոգմամբ: Այսօր արդեն Մեգերյանների գերդաստանի երրորդ և չորրորդ սերունդներն են ղեկավարում ընկերությունը:

Թանգարանի ամենահին նմուշը «Վասպուրական» գորգն է՝ 400 տարեկան, «ծնունդով»՝ Արևմտյան Հայաստանի Վասպուրական նահանգից: Նույնիսկ անփորձ աչքն իսկույն նկատում է բնական և քիմիական նյութերով ներկված թելերի տարբերությունը. գորգի հիմնական մասը ներկված է բնական ներկանյութերով, իսկ եզրային մասը 70 տարի առաջ վերականգնվել է քիմիական նյութերով: Այս գորգը վառ ապացույցն է այն բանի, որ բնական ներկանյութերը դարերի կյանք ունեն:

Թանգարանում իր ուրույն տեղն է զբաղեցնում նաև աշխարհի ամենահին գորգը՝ «Պազիրիկը», որի բնօրինակը գտնվում է Սանկտ Պետերբուրգի «Էրմիտաժ» պետական թանգարանում: Այն   թվագրված է մ.թ.ա. 5-4-րդ դարով: Գորգը հայտնաբերվել է Ալթայում՝ Սերգեյ Ռուդենկոյի և իր արշավախմբի կողմից: Այն հայկական ծագմամբ աշխարհում պահպանված ամենահին գորգն է, որը գործված է հայկական` կրկնակի հանգույցով և ներկված է Արարատյան որդան կարմիրով, իսկ նախշազարդման համակարգը ուրարտա-բաբելական է: Հենց այս գորգի զարդանախշն է հիմք հանդիսացել Երևանի մետրոպոլիտենի շարժակազմի զարդանախշերի համար։

-Թանգարանում են պահվում Արարատյան դաշտից բերված որդերը, իսկ ներկերը ստացել ենք Մատենադարանից: Գորգի վրայի կարմիր գույնը Որդան կարմիր է, իսկ զարդանախշերը վերցված են Ուրարտական թագավորների պալատների պատերի վրայի որմնանկարներից: Այս գորգի մասին վերջերս գիրք է գրել գերմանացի պրոֆեսոր Ֆոլքմար  Գանցհորնին՝ «Քրիստոնեա-արևելյան գորգը» վերնագրով: Գրքում պրոֆեսորը կրկին ապացուցում  է «Պազիրիկի» հայկական ծագումը,- ասաց Լեոնիդ Անդրեասյանը:

Ցեղասպանության ժամանակ բազմաթիվ գորգեր են անհետացել, շատերը ոչնչացել են: Սակայն շատերն էլ փրկվել են ամենաանհավանական ճանապարհներով: Հետաքրքիր ու հուզիչ պատմություն ունի 160 տարեկան «Վահանագորգը», որի մեջտեղում վահան է պատկերված: Ցեղասպանության օրերին ճարահատյալ մայրը երկու մասի է բաժանում գորգը և տալիս իր աղջիկներին, որ եթե ճակատագիրը բաժանի նրանց, գորգի միջոցով կարողանան գտնել միմյանց: Եվ իսկապես, նրանցից մեկին ճակատագիրը Նյու Յորք է տանում, մյուսին՝ Լիբանան: Եվ միայն հինգ տասնամյակ անց, շնորհիվ այս «կախարդական» գորգի, քույրերը Նյու Յորքում գտնում են միմյանց:

Գեղեցիկ ավանդություն կա հյուսված «Նշագորգի» շուրջ: Հին ժամանակներում մարդիկ հավատացած էին, որ այն իրենց մայրություն կպարգևի, և դրա համար էլ չամուսնացած աղջիկները, որպես կանոն, «Նշագորգ» էին գործում իրենց հարսանեկան օժիտի համար։

նում, երբ կինը չէր կարողանում երեխա ունենալ, գորգը կտրվում էր նրա վրա, որպեսզի պտուղ տար: Կենտրոնում պատկերվում է ծաղիկ կամ կենաց  ծառ։ «Նշագորգի» ամբողջ գեղեցկությունը թաքնված է իր իմաստի մեջ. այն է՝ մայրություն,- ասաց Օֆելյա Ասլանյանը:

Թանգարանում պահվում է մայրություն, պտղաբերություն և նոր կյանքի սկիզբ խորհրդանշող 200 տարեկան «Նշագորգը»:

Արցախի ու Սյունիքի գորգագործական կենտրոններին բնորոշ է «Խնձորեսկ» տեսակի գորգը: Այն շատ հայտնի գորգ է և պատկանում է Վիշապագորգերի ընտանիքին: «Խնձորեսկը» պատկերված է նաև Միքելանջելոյի շատ հայտնի կտավներից մեկում: Ընկերության կոմերցիոն տնօրենը նշեց, որ «հայկական ազգային գորգարվեստի պատմությունն ուսումնասիրողները գորգերի գիտական դասակարգման մեջ առանձնացնում են «Խնձորեսկ» տեսակի գորգը, որն իր դասական հատկանիշներով հանդերձ, կազմում է վիշապագորգերի առանձին ենթախումբ հենց «Խնձորեսկ» անունով»:

Առանձնակի ուշադրություն է գրավում 1890 թ. Շուշի քաղաքում ստեղծված գորգը: Այն գործվել է պարսից խանի պատվերով՝ Ֆիրդուսու հայտնի «Ռոստամ և Զոհրաբ» պոեմի մոտիվներով: Երկու տարի առաջ «Մեգերյան կարպետ» ընկերության սեփականատերն այն ձեռք է բերել Նյու Յորքում և վերադարձրել է թանգարան:

Գորգերի ցուցասրահում՝բազմաթիվ նմուշների կողքին, ցուցադրված է «Լոռի» գորգը: Այն գործվել է ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-ամյակի: Նախատեսվում է գործել այդ գորգի 100 օրինակ և նվիրել բոլոր այն անձանց, որոնք մեծ ավանդ են ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում և, առհասարակ, հայ ժողովրդի կյանքում: «Լոռի» գորգի առաջին օրինակները 2015թ. ընծայվել են ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին, Սերժ Թանկյանին, Արամ Ա Կաթողիկոսին, Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին, Հենրիխ Մխիթարյանին, Գարո Փայլանին:

Հին հայկական ամենահայտնի գորգերից է Վիշապագորգը՝ թվագրված 17-րդ դարով: Այն չար աչքից պաշտպանելու խորհուրդ ունի: Մեգերյան ընտանիքը Վիշապագորգեր է գործել ու նվիրել Երուսաղեմի Սուրբ Հարություն եկեղեցուն և Մխիթարյան միաբանությանը: Գորգի խճանկարը գտվում է Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի հարևանությամբ: Մեգերյան ընտանիքն այն Երևանին է նվիրել մայրաքաղաքի 2800-ամյակի կապակցությամբ:

 

 

 

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here