Հայոց ցեղասպանությունն այն վերքերից է, որ երբեք չի սպիանում:  Օսմանյան կայսրության վայրագությունները չեն ջնջվել ականատեսների հոգուց ու մտքից, իսկ եկող սերունդների գիտակցության մեջ երկու բառ է դրոշմված՝ ճմարտություն և արդարություն:

ՄԵՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ

ArmeniaON, ապրիլի 24. Աշխարհով մեկ սփռված հայերի ողբերգական պատմությունները հիշում ու տասնամյակներ շարունակ վերապատմում են նրանց զավակներն ու թոռները: Հոգեցունց այդ պատմությունների թողած տպավորությունները նրանց ստիպում է որոնել պատմական արդարությունը, որն «աշխարհի հզորները» համառորեն փորձում են անտեսել:

Իսկ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին եղեռնը վերապրածների ժառանգներն են՝ իրենց հիշողությունների ծանր բեռով:

Տիկին Նոյեմը հիշում է պապի պատմած պատմությունները գաղթի ճամփեքի, կրած տանջանքների, սովի ու կորցրած հայրենիքի մասին.

«Գաղթի ճանապարհին թուրքերը սպանել են պապիս յոթ քույրերին: Ընտանիքից միայն ինքն էր փրկվել և ցավը սրտում՝ շարունակել է ապրել: Աստված նրան յոթ աղջիկ է պարգևել, որոնց իր յոթ քույրերի անուններով է կոչել»:

Մեծ եղեռնից անցել է արդեն 104 տարի, բայց ցավը մինչև այսօր ոչ միայն չի թեթևացել, այլև ավելի է խորացել: Որքան աչքեր կարոտ մնացին տունդարձի ճանապարհին: Շատերը չէին հավատում, որ ընդմիշտ են լքում իրենց հարազատ վայրերը:

Աշոտը անունով մի տղամարդ հիշում է հոր պատմությունները. ««Դուռը պինդ փակեցի՞ր, Սերոբ, բանալին ապահով տեղ դիր, չկորցնես»,- հորդորել է տատս որդուն: Նա չի ցանկացել հավատալ, որ այլևս հետ չեն դառնալու իր հարազատ Կաղզվանը»:

Մուշից ու Սասունից գաղթած Նազիկ տատն ու Լևոն պապը հանդիպել են Արևելյան Հայաստանում: Երկուսի սրտում էլ՝ կարոտ ու տառապանք: Նրանք ստեղծեցին մի նոր «Սասուն», որտեղ, սակայն, անվերջ փնտրում էին «Էրգրի արևը»:

«Միշտ ասում էին՝ մեր էրգրի ջուրն ու արևն ուրիշ են: Մեր էրգրի հոտն անգամ ուրիշ էր: Հիշում եմ տատիս պատմությունը, թե ինչպես են անցել Արաքսը, և ինչպես է տատս խեղդվելուց փրկվել: Տատս շատ երկար վարսեր ուներ: Տեսնելով, որ երիտասարդ աղջիկը խեղդվում է, մի կին ձեռքը գցում է մազերին ու ափ հանում նրան: Ամեն անգամ պատմում էր ու խոր հոգոց էր հանում»,- հիշում է Նաիրան:

Այսպես՝ ամեն տարի ապրիլի 24-ին աշխարհով մեկ սփռված հայ ժողովուրդը բարձրանում է Ծիծեռնակաբերդ՝ ծաղիկներ խոնարհելու Եղեռնի հուշահամալիրին և հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Նրանցից յուրաքանչյուրն իր հետ տանում է ոչ միայն իր նախնիների, այլև մի ողջ ազգի հիշողությունների ցավոտ ու ծանր բեռը՝ պահանջելով ճշմարտություն և արդարություն:

Մոնտաժը՝ Վազգեն Եթումյանի