«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը այսօր կայացած ասուլիսում տեղեկացրել են, թե ովքեր են «Ավրորայի» 2019 թվականի հերոսները:

ArmeniaON, ապրիլի 24. Ռուբեն Վարդանյանը նշել է, որ հավակնորդներին ընտրել են դրսևորած եզակի խիզախության, նվիրվածության և ազդեցության համար:

Ընտրող հանձնաժողովը բարդ ընտրության առջև էր կանգնած. 72 երկրից առաջադրված 719 հավակնորդներից, որոնցից 523-ը եղել են չկրկնվող թեկնածուներ,  պետք էր առանձնացնել միայն երեքին: Ի վերջո, 2019թ. «Ավրորայի» երեք բացառիկ հերոսներ են դարձել Միրզա Դինային, Զանա Բուկար Մուստաֆան և Հուդա ալ-Սարարին:

Միրզա Դինային «Լյուֆթբրյուքե Իրաք» («Օդային կամուրջ») կազմակերպության համահիմնադիրն ու տնօրենն է: Մարդասիրական կազմակերպությունն Իրաքից Գերմանիա է տեղափոխում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարբարոսություններից տուժած եզդիներին և ցուցաբերում բժշկական օգնություն:

Զանա Բուկար Մուստաֆան փաստաբան է, «Ֆյուչըր փրաուիս» իսլամական հիմնադրամի հիմնադիր տնօրենը (Future Prowess Islamic Foundation): Հիմնադրամի դպրոցը կրթություն է տրամադրում Նիգերիայի Մայդուգուրի քաղաքի ընչազուրկ երեխաներին և պաշտպանում նրանց:

Հուդա ալ-Սարարին նույնպես փաստաբան է և ակտիվիստ: Նա մարդու իրավունքների պաշտպան և ոգեշնչում է իր խիզախությամբ։

Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի հոկտեմբերի 20-ին՝ Հայաստանում:

«1 միլիոն ԱՄՆ դոլարի մրցանակով դափնեկիրը կստանա հնարավորություն՝ շարունակելու մարդասիրության շղթան և աջակցելու իր գործը ոգեշնչած կազմակերպություններին»,- ասաց նա:

Մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրը նաև խոսեց նախորդ տարիների մրցանակակիրների կատարած աշխատանքի մասին: 15 երկրում իրականացվող 23 ծրագրի մեծ մասը կրթությանն ու առողջապահությանն են առնչվում։ Մինչ օրս աջակցություն է ցուցաբերվել 850 հազար մարդու։

«Աշխարհին աջակցություն ցույց տալ, ոչ թե պահանջել». ըստ Ռուբեն Վարդանյանի՝ սա է «Ավրորայի» հաջողության բանաձևը:

«Մեր ազգը, որը շատ դժվարությունների միջով է անցել, հիմա փորձում է մյուսներին հույս տալ, օրինակ ներկայացնել, թե ոնց կարելի է վերապրել ու վերականգնվել,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյան։- «Ավրորայի» միջոցով իմանում են Հայաստանի, հայ ժողովրդի անցած ուղու մասին։ Մենք չենք կարող որոշակի հաջողության հասնել և աշխարհին չօգնել։ Մենք մեր գործը նվիրում ենք աշխարհին և ոչ միայն հայերին։ Միայն հայերը չէին, որ հայերին օգնեցին, այլ նաև ուրիշները»։

1in.am

Լուսանկարը՝ mamul.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here