Վաղուց ժամանակն է ապրելու ոչ թե զոհի հոգեբանությամբ, այլ հպարտ հայի, որ մնացել է կանգուն և ուժեղ՝ չնահանջելով ոչ մի խոչընդոտի առջև:

 ՌՈԶԻ ՍԱՐԳՍՅԱՆ

ArmeniaON, ապրիլի 24. Հայոց ցեղասպանությունը 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից ծրագրված՝ հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածներն են, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը: Այն իրականացվել է մի քանի փուլով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի զանգվածային տեղահանություն ու սպանություն։ Այս ողբերգական իրադարձությունների հետևանքը եղավ Հայկական Սփյուռքի ձևավորումը. Օսմանյան կայսրությունից բռնագաղթած և եղեռնը վերապրած հայերը բնավորվեցին աշխարհի տարբեր ծայրերում:

Թուրքիան ցայսօր մերժում է Հայոց ցեղասպանության փաստը, սակայն այն ճանաչել և դատապարտել են բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ:

Լուսանկարը՝ atb.am

Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր: Այստեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ: Կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

Պետություններից զատ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են բազմաթիվ միջազգային կազմակերպություններ` Եվրոպական միությունը, Եվրոպայի խորհուրդը, Եվրոպական շարժումը, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն: Հայոց ցեղասպանությունը ընդունել են ԱՄՆ-ի և այլ երկրների մոտ հարյուր նահանգ, նահանգային խորհրդարաններ և այլ կառույցներ:

Լուսանկարը՝ kavkaz-uzel.eu

Ցեղասպանության միջազգային ճանաչման համար հզոր գործիք դարձավ Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի առթիվ կազմակերպված պետական միջոցառումները: 2015 թվականին Հայաստանում, հիրավի, պատմություն կերտվեց՝ ընդունվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ լույս են տեսել բազմաթիվ փաստավավերագրական ժողովածուներ, հուշագրություններ, գիտական հետազոտություններ, պատմագրական և մատենագիտական աշխատություններ: Թեմային բազմիցս անդրադարձել են գրողներն ու արվեստագետները:


Լուսանկարը՝ regnum.ru

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով:

Ցեղասպանությունից հետո հայի սրտում բույն դրեց սուգը: Ավելի քան մեկ դար մի ողջ ժողովուրդ սգում է և խնկարկում անմեղ զոհերի հիշատակը: Սակայն վաղուց ժամանակն է ապրելու ոչ թե զոհի հոգեբանությամբ, այլ հպարտ հայի, որ մնացել է կանգուն և ուժեղ՝ չնահանջելով ոչ մի խոչընդոտի առջև:

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here