Ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիրը պետք է խորհրդանշեր ոչ միայն հայ ժողովրդի ողբերգական անցյալը, այլև նրա վերածնունդն ու պայծառ ապագան։

ԿԱՐԻՆԵ ԱՅՎԱԶՅԱՆ

ArmeniaON, ապրիլի 24. Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը հետաքրքիր նախապատմություն ունի: Համալիրը կառուցվել է այն ժամանակ, երբ ցեղասպանության մասին բոլորը շշուկով էին խոսում:

1965 թվականին լրանում էր Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցը:  ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարուբյանի նախաձեռնությամբ որոշվեց Երևանում՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում, հուշակոթող կառուցել՝ նվիրված 1915 թվականի եղեռնի զոհերի հիշատակին: Սակայն նախաձեռնությունը պետք էր համաձայնեցնել Մոսկվայի հետ: 50 տարի շարունակ փակ թեման պետք է այնպես ներկայացվեր, որ հուշարձանի կառուցման համար թույլտվություն տային:

Այդ ժամանակ Խորհրդային Միությունը բարիդրացիական հարաբերությունների մեջ էր Թուրքիայի հետ, և դժվար էր պատկերացնել, թե ԽՍՀՄ ղեկավարությունը հեշտությամբ նման հուշարձան կառուցելու թույլտվություն կտար: Սա հասկանալով՝ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարը դիմում է ԽՄԿԿ կենտկոմ ոչ թե ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթող, այլ Առաջին համաշխարհային պատերազմում զոհված հայերի հիշատակին նվիրված հուշահամալիր կառուցելու համար։

Մոսկվայի թույլտվությունը ստանալուց հետո՝ 1965 թ. մարտին, մրցույթ է հայտարարվում։ Մրցույթի կարևոր նախապայմանն այն էր, որ հուշահամալիրը պետք է խորհրդանշեր ոչ միայն հայ ժողովրդի ողբերգական անցյալը, այլև նրա վերածնունդն ու պայծառ ապագան։ Մրցույթին ներկայացված մի քանի տասնյակ նախագծերից հաղթող է ճանաչվում Արթուր Թարխանյանի և Սաշուր Քալաշյանի նախագիծը։

«Հուշակոթողի բովանդակությունը հետևյալն էր. Մեծ եղեռնին զոհ գնացած 1 500 000 հայերը գերեզման չունեին։ Գերեզմանի կուրծքը ցավից պատռվել է և միջից բոցկլտում է հավերժական կրակը։ Դեպի երկինք բարձրացող կոթողը խորհրդանշում է ժողովրդի վերածնունդը։ Այն երկփեղկված ցողուն է»,- պատմում է նախագծի համահեղինակ, ճարտարապետ Սաշուր Քալաշյանը։- 1965 թվականի սեպտեմբերից սկսվեց համալիրի կառուցումը։ Շինարարներն աշխատում էին երկու հերթափոխով: Գրեթե ամեն օր մարդիկ էին գալիս և իրենց օգնությունն էին առաջարկում շինարարական աշխատանքներին»։

Սաշուր Քալաշյանը հիշում է վարպետներից մեկի պատմածը. «Երբ գրեթե ավարտվել էր շինարարությունը, մեզ մոտեցավ մի ծերունի։ Նրա դողդոջուն ձեռքերում մի փոքրիկ կապոց կար։ Ծերունին բացեց կապոցը. այնտեղ խարտյաշ մազերի փունջ էր։ Նա պատմեց, որ դա Դեր Զորում սպանված իր քրոջ վարսերն են, և խնդրեց այդ մասունքն ամփոփել հուշահամալիրում»:

1967 թվականի նոյեմբերի 27-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում բացվում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրը։ Ավելի ուշ համալիրի տարածքում կառուցվեց նաև թանգարան, որտեղ ներկայացված են փաստաթղթեր, նկարներ, բազմաթիվ վկայություններ 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Հայոց մեծ եղեռնի մասին:

Լուսանկարները՝ m.mamul.am և msy.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here