Տողեր, որ շատ անձնական են, ընտանեկան, լուսավոր և, ամենակարևորը, խորհրդատու են ողջ կյանքի համար: Այն կյանքի ուղեցույց կարող է դառնալ ընթերցողի համար:

ԱՆԻ ՓԱՇԱՅԱՆ

ArmeniaON, ապրիլի 27.  Ազնիվ գրականության օրինակ է հայտնի գրող, թարգմանիչ, մշակույթի վաստակավոր գործիչ Էդուարդ Ավագյանի նոր լույս տեսած բանաստեղծությունների «Փոշոտված էջեր» ժողովածուն: Նա 1940-ականներից սպիտակ թղթին է հանձնել իր ապրումների և վերապրուկների ամբողջ շղթան մինչև կյանքի վերջը: Սա զարմանալի իրականություն է, երբ առանց հավակնության, բանաստեղծը ստեղծագործում է երևացող ազատությամբ, և նրա մահվանից հետո դուստրը՝ Մարիա Ավագյանը, հրատարակում է ժողովածուն:

Այսպիսի ճակատագիր ունեցան նաև Դուրյանի բանաստեղծւթյունները: Փաստորեն, Էդուարդ Ավագյանի տողերը վերածնվել են այս ժողովածուի միջոցով, լույս աշխարհ եկել արդեն ընթերցողի համար: Այնպիսի թեթևությամբ, նվիրումով են գրված բազմաթիվ բանաստեղծություններ, որ նրանց միջից կարծես լսվում է կանչ. «Կարդացե՛ք տողերս և չեք փոշմանի»:


Բանաստեղծությունները շնչում են հայկականությամբ, որտեղ հայ մարդու հոգու ռելիեֆն է: «Երգ ազատ Հայրենիքի»-ում պատկերված են Սևանը, Զանգուն, Արաքսը, Դեբեդը, Ախուրյանը, որտեղ հեղինակը աշուղ է անվանում բոլոր գետերին: Նրանք խորհրդանշորեն առաջ են տանում երազային Հայաստանի ապագան՝ դեպի խաղաղ իրականություն: Ճիշտ է, Հայաստանն աշխարհ էր եկել «կյանքի մաղձը շալակին», սակայն հետո արդեն բանաստեղծը նոր կյանք է վրձնում իր երկրի համար: Մեկ այլ բանաստեղծության մեջ՝ նվիրված Խաչատուր Աբովյանին, անձնավորում է Զանգվին՝ անվանելով պապ, կերպավորում է քամուն, որը ձայնակցում է գետին:


Նկատելի է հոգևոր կապը նախորդների՝ Նարեկացու, Սայաթ-Նովայի, Դուրյանի, Տերյանի հետ, որոնց հիշում է մշտապես: Չնայած ժողովածուի տրամադրությունը հիմնականում մինորային է, բայց հնարավոր չէ չնկատել հոգու լույսը, որը չի դադարում և չի թուլանում ողջ ժողովածուում: Այստեղ կա մի բանաստեղծություն, որը բացում է գրողի ներաշխարհը: Դա «Սեր»-ն է: Նա դիմում է մարդկանց. կյանքը լիովին ճանաչած մարդը միայն կարող է այսպես զրուցել.

Մարդիկ, սիրել եմ ես ձեզ,
Ինչո՞ւ եք անգութ այդքան,
Ինչո՞ւ եք սիրտս հրկեզ
Դարձրել ոտքի կոխան:

Հետաքրքիր պատկեր են ներկայացնում նաև կնոջը՝ Սվետլանային ուղղված բանաստեղծությունները: Դրանք կարծես զրույցներ լինեն, որտեղ երևում է անհուն սեր, որը փորձում է հայտնել այսպիսի «նամակների» տեսքով: Ժողովածուում դրանք իրենց հատուկ տեղն ունեն, առանձնանում են գրավչությամբ և իմաստնությամբ:

Գրքի առաջաբանում կարևոր խոսքեր է գրում հոր մասին Մարիա Ավագյանը:

Այո, հայրն իրեն չի թողել ոսկե կալվածքներ, բայց դրա փոխարեն թողել է կարևոր պատգամներ, որոնցով կարելի է ապրել և հպարտանալ: Սառը, գողացված կալվածքները այնքան չէին երջանկացնի դստերը, որքան կարող են ջերմացնել գտնված տողերը:

Տողեր, որ շատ անձնական են, ընտանեկան, լուսավոր և, ամենակարևորը, խորհրդատու են ողջ կյանքի համար: Այն կյանքի ուղեցույց կարող է դառնալ ընթերցողի համար:

Գեղեցիկ և ճաշակով ձևավորված ժողովածուն զարդարում են նկարչուհի Անուշ Բաբայանի կտավները: Բանաստեղծական պատրանքներն այս դեպքում զգեստավորվել են նաև գեղանկարների մեջ: Ընդհանուր առմամբ, Էդուարդ Ավագյանի բանաստեղծական աշխարհը պատկերային և խոհական է, որին նպաստում է նաև օրագրային այսպիսի «գաղտնագրությունը»: