Twinz ընկերությունում մտածում են բնությունից վերցրածը «վերադարձնելու» մասին: Համագործակցությունը «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի հետ բնապահպանական նկատառումներով է:                                                                                        

ՄԵՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ

ArmeniaON, ապրիլի 29. «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը (կամ «Հայաստան ծառատունկ ծրագիրը»), Twinz ընկերությունը և ՀԲԸՄ Հայաստանը կազմակերպել էին առանձին ծառատեսակների և տնկիների ցուցադրություն-վաճառք՝ համադրված Twinz ապրանքանիշի հայկական արտադրության փայտե ձեռագործ ակնոցների ցուցադրություն-վաճառքի հետ, որն ավարտվելու է ծառատունկով:

Twinz ընկերությունը ստեղծվել է գյումրեցի երիտասարդների կողմից: Աշխատանքի ընթացքում նրանք մեծ քանակությամբ փայտ են օգտագործում և, անկախ նրանից, թե ինչ նպատակի է ծառայում այդ փայտը, ընկերությունում համարում են, որ վնաս են հասցնում բնությանը: Ահա թե ինչու Twinz-ի գործունեության անբաժանելի մասն են կազմում ծառատունկերն ու կանաչապատման աշխատանքները: Ընկերությունում իրենց աշխատանքն արվեստ են համարում և վստահ են, որ հայկական արտադրանքը կարող է մրցել աշխարհում իրենց որակով հայտնի ապրանքանիշների հետ:

Դիզայներ, նկարիչ Բաբկեն Խաչատրյանը կազմակերպության հիմնադիրներից է:

– Այսօրվա միջոցառմանը մասնակցելով՝ մենք ոչ միայն ներկայացնում ենք մեր արտադրանքը, այլև ուզում ենք ցույց տալ, որ էկո արտադրանքը չի կարող ընդդեմ բնության լինել,- ասաց նա:- Մենք որդեգրել ենք հետևյալ սկզբունքը. յուրաքանչյուր արտադրված և վաճառված ակնոցի փոխարեն տնկել մեկ ծառ: Ընդ որում, այդ ծառը ոչ թե մենք ենք տնկում, այլ գնորդը:

Միջոցառման շրջանակում տնկվելու է 104 ծառ, որից 84-ը՝ Գյումրիի «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կենտրոնում: Ծառերի մեծ մասը տնկելու են Գյումրիում, քանի որ Twinz-ի ողջ թիմը Գյումրիից է:

Այս նախաձեռնության շրջանակում համագործակցելով «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի հետ՝ ընկերությունը հուսալի գործընկեր է ձեռք բերել: «Էյ Թի Փի»-ն Հայաստանում գործում է 1994 թվականից: 25 տարվա գործունեության ընթացքում հիմնադրամն իրականացրել է լայնածավալ կանաչապատման աշխատանքներ: Մինչ օրս նրանք բարեգործական ծառատունկերի և այլ ծրագրերի շրջանակում հինգ միլիոնից ավելի ծառ են տնկել ողջ հանրապետության տարածքում: Հիմնադրամի տնօրեն Արթուր Հարությունյանի խոսքով՝ պետք է խրախուսել նման նախաձեռնությունները:

Այսօր փորձում ենք աջակցել Twinz-ին, որովհետև ունենք ընդհանուր նպատակ: Մեր ծառերով փորձել ենք գեղեցկացնել այս միջոցառումը: Ներկայացրել ենք յոթ տեսակի ծառեր՝ մշտադալար բույսեր, դեկորատիվ և պտղատու ծառեր, ինչպես նաև թփեր,- ասաց Արթուր Հարությունյանը:

Շատ ուրախ ենք Twinz-ի հետ աշխատելու համար,- նշեց Հիմնադրամի հասարակայնության կապերի բաժնի ղեկավար Անի Մելքոնյանը:- Մեզ շատ է ոգևորում ու քաջալերում այն, որ ընկերությունում մտածում են բնությունից վերցրածը «վերադարձնելու» մասին:

Հիմնադրամը նախատեսել է ծառատունկ իրականացնել նաև Գյումրիում:

Միջոցառման ընթացքում հնչում էր «Արատտա Ջազ բենդի» երաժշտությունը:

 

Նշենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 4-ը, որից հետո կկազմակերպվի ծառատունկը: Գործընկերները մտադիր են այն դարձնել ամենամյա: