Լևոն-Բեկի կյանքի և գործունեության 140-ամյակին նվիրված միջոցառումըոր տեղի ունեցավ «Տավուշ» հայրենակցական միության և ԵՊՀ պատմության ֆակուլտետի համատեղ նախաձեռնությամբ, հարգանքի տուրք էր ազգային գործչի հիշատակին:  

ՌՈԶԻ ՍԱՐԳՍՅԱՆ

ArmeniaON, ապրիլի 30. Լևոն-Բեկին (Լևոն Մելիք-Ավալյան Արտեմի) բոլորը չէ, որ ճանաչում են: Յուրաքանչյուր հայի պարտքն է ճանաչել նրա և’ մարդկային տեսակը, և’ ծավալած գործունեությունը, որը սերտորեն կապված է եղել Տավուշ աշխարհի հետ:

Նա եղել է Ղազախ-Շամշադինի գավառապետը։ 1920 թվականին բոլշևիկների կողմից ձերբակալվելուց, ապա բանտից փախչելուց հետո կնոջ հետ մեկնում է արտասահման: Երկար տարիներ հետո հնարավորություն է ստանում այցելելու հայրենիք։ Նախ կինն է այցելում Հայաստան`Շամշադին, քանի որ մեկ անձի է թույլատրվել։ Ցավոք, վերջինս կարճ ժամանակ անց նա հանկարծամահ է լինում և հուղարկավորվում Բերդ քաղաքում։ Կնոջ մահից մոտ մեկ տարի անց Հայաստան է գալիս նաև ինքը`Լևոն-Բեկը: Նա ևս վաղաժամ կնքում է իր մահկանացուն, իսկ մարմինը հողին են հանձնում կնոջ գերեզմանի կողքին`Բերդում։

Բեկը եղել է ազգային հզոր գործիչ: Միջոցառման շրջանակներում զեկույցով հանդես եկան ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը: Պարոն Մինասյանն իր զեկույցում նշեց, որ հերոսի համար առաջնային տեղ են զբաղեցրել գյուղացիների անվտանգության հետ կապված հարցերը:

Բեկն առաջնահերթ էր համարում ժողովրդի զինված լինելու հանգամանքը: Նա գյուղի մեծահարուստներին էր դիմում՝ խնդրելով ժողովրդի համար զենքեր գնել: Մի անգամ անձամբ է հայտարարել, որ ճիշտ կլինի անասուն վաճառել, իսկ փոխարենը զենք ձեռք բերել:

Հայոց ցեղասպանության տարիներին նա ոչ միայն կամավորական շարժման ակտիվ մասնակից էր, այլև իր ժողովրդի հոգսերով մտահոգ հերոս: Իր հոր հողամասի հետևում Լևոն-Բեկը տեղ էր հատկացրել և կառուցել մի  որբանոց`ցեղասպանությանը զոհ գնացած նահատակների զավակների համար: Գնահատում էր ազգային գործիչներին, մարդու մեջ՝ ազգային արժեքների առկայությունը, երիտասարդների համար հայրենասիրության օրինակ էր ծառայում:  Անչափ հոգատար էր նաև կնոջ նկատմամբ: Սիրող ամուսիններ էին, սակայն զավակներ այդպես էլ չունեցան: Սիրում էին ազգականների զավակներին ու համարում իրենցը:

«Տավուշ» հայրենակցական միության նախագահ, լեզվաբան, պրոֆեսոր, ՀՀ ՄԳԱ ակադեմիկոս Լավրենտի Միրզոյանը խոսեց նաև Բեկի փախուստի մասին: Նշեց, որ 1920 թվականի դեկտեմբերին բոլշևիկների կողմից նա ձերբակալվել է և պահվել Չորաթանի շարժական բանտում:

Շամշադինի հեղկոմի նախագահի իմացությամբ կազմակերպվել է Լևոն-Բեկի փախուստը: Դեգերումից հետո ընտանիքով բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: Ճանաչված գրականագետ և թարգմանիչ Համազասպ Համբարձումյանի որդու՝ աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի օգնությամբ էլ կազմակերպվել է Լևոն-Բեկի այցելությունը հայրենիք:

Լևոն-Բեկի եղբոր թոռը` փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռոբերտ Ջիջյանը շնորհակալություն հայտնեց իր պապի եղբոր հիշատակը հարգելու և կազմակերպված ցերեկույթի համար:

Մայրս Լևոն-Բեկի ամենասիրելի երեխան է եղել: Շատ է պատմել պապիկիս եղբոր մասին: Նրա մանկական հուշերում տպավորված է եղել Բեկի սև նժույգը: Մայրս հաճույքով էր հիշում, թե որքան է ուրախացել, երբ նա իր նժույգին է նստեցրել մորս, և միասին բարձրացել են սարը:

Նշենք, որ Բեկը ծնվել է 1879 թվականի ապրիլի 25-ին, Ղազախի գավառի Բերդ գյուղում: Այնտեղ էլ վախճանվել է 1962 թվականին, 83 տարեկանում: Նրա անունով է կոչվում Բերդ քաղաքի փողոցներից մեկը:

Լուսանկարները՝ Վազգեն Եթումյանի