Երևանյան ամեն աշխատանքային օր Թումանյան փողոցի անցուդարձին խառնվում է թոնրի հայկական հացի անուշաբույրը ու շեղում անցորդների ուշադրությունը: Թումանյան փողոցում բացված փոքրիկ պատուհանից ներս մի պատմություն է՝ տիպիկ ամերիկյան երազանք՝ երեք ընկերների՝ Ալբերտի, Հովսեփի և Գևորգի մասնակցությամբ:

Շուշան Փափազյան 

ArmeniaON, մայիսի 1. Հացի թխման այս վայրում աշխատանքը մեկնարկեց 6 ամիս առաջ՝ ընկերների համագործակցությամբ: Ներկայացնում են բացառապես հայկական բաղադրատոմսով գաթա, բոքոն, համեմունքներով հացաբուլկեղեն:

-Մենք մրցակցային շուկայում չկանք, աշխատում ենք ինքներս մեզ համար:

Ալբերտ Սիմոնյանը, ոին ընդամենը չորս տարի է, ինչ տիրապետում է հացաթխման արվեստին, վստահեցնում է՝ հացերը յուրահատուկ են ստացվում, քանի որ իրենք չեն ձգտում լինել շուկայում որևէ մեկից լավը, այլ փորձում են հմտանալ աշխատանքում: Այստեղ հացը թխվում է տեղում, և հաճախորդները կարող են տեսնել ամբողջ գործընթացը:

Մտահղացումը Ալբերտը վաղուց ուներ: Պատմում է, որ օրերով շրջել է քաղաքում՝ խանութը բացելու համար բանուկ և մարդաշատ վայր գտնելու նպատակով:

Յուրահատկությունը՝ համ

Ընկերներն անկեղծանում են՝ իրենց այցեքարտը հացի և հացաբուլկեղենի յուրահատուկ համն է, որն ստանում են հին հայկական հացի հատուկ բաղադրատոմսի վերամշակման արդյունքում: Օգտագործում են Արևելքում տարածված եղանակներից մեկը՝ սերմով (քունջութ) հաց, արևածաղիկ, նուշ և այլն:

-Բաղադրատոմսից բացի մի գաղտնիք էլ կա. պետք է գործին մոտենալ բարձր տրամադրությամբ: Մենք աշխատելիս մոռանում ենք առօրյա խնդիրների մասին, թողնում ենք դրանք դրսում և անցնում աշխատանքի,- ասում է Հովսեփը:

Հացթուխի համազգեստ կրելիս այլ մարդ ես դառնում

Հացթուխ ընկերները կատակում են, թե հացթուխի համազգեստ կրելիս այլ մարդ են դառնում: Աշխատանքի ընթացքում միշտ փորձում են նոր կերպար ստեղծել: Իսկ հարցին, թե ո՞ր կերպարն է ավելի հոգեհարազատ, պատասխանում են.

– Էդպես չափել չես կարող, երկու դեպքում էլ դու ես. մեկ՝ հացթուխ, մեկ՝ 23-ամյա երիտասարդ: Երկու կերպարներում էլ մենք նույն բարի հացթուխներն ենք: Կարծում եմ, այս աշխատանքում բարի լինելը կարևոր է: Հակառակ դեպքում չի ստացվում ոչինչ:

Երազանքնե՞ր

-Երազանքներս ու նպատակներս օրվա հետ են: Այժմ երազում եմ ժամացույցի պես աշխատող գործի մասին,- ասում է Ալբերտը:

Ամեն բան այլ էր Հովսեփի դեպքում. նա Գյումրիից եկել է Երևան երազանքի հետևից: Պատմում է, որ եկել էր մասնագիտության մեջ հմտանալու: Իր հերթին ափսոսում է շուտ չսկսելու համար, կեսկատակ էլ՝ չարածների համար: Երազում է արտադրանքի ընդլայնման մասին: Հույս ունի մեծ հացի խանութ հիմնել: Վստահ է՝ երազանքը շուտով իրականանալու է:

Մյուս ընկերոջ ՝ Գևորգի հետ այդպես էլ չստացվեց զրուցել, բայց ընկերները վստահեցնում էին՝ ինքն էլ նույն երազանքներն ունի: Առհասարակ երեքով են մտածում, համագործակցում և ստեղծում: Իրենց աշխատանքային գաղտնիքն է: