Նարա Շլեպչյանն առաջինն էր, որ ողջունեց հայկական հեռուստաեթերից և ազդարարեց հեռուստատեսության մուտքը Հայաստան: Այսօր, որպես փորձառու և սիրված հաղորդավար, նա խորհուրդ է տալիս երիտասարդ լրագրող-հաղորդավարներին եթերից հանդես գալ միայն գրագետ ու հղկված խոսքով:

Հռիփսիմե Խաչատրյան

ArmeniaON, մայիսի 1. Նարա Շլեպչյանը ArmeniaOn-ի հետ զրույցում հիշել է առաջին եթերը, իր զգացողությունները, նաև մտորումներ կիսել այսօրվա հայաստանյան եթերում տիրող վիճակի մասին:

– Հիշու՞մ եք, թե ինչ եք հաղորդել Ձեր առաջին եթերի ժամանակ, ի՞նչ զգացողություններ էին:

– 1956 թվականի նոյեմբերի 29-ին ես շնորհավորեցի հայ ժողովրդին հայկական հեռուստատեսության բացման առթիվ և ներկայացրեցի օրվա ծրագիրը: Դա բացումն էր: Մինչև փետրվար ամիսը համերգներ էին: Մենք հպարտանում էինք, որ Անդրկովկասում առաջինն էինք հեռուստատեսություն բացել: Փետրվարին մեր փորձնական հաղորդումներն ավարտվեցին: Առաջին հյուրերը հիմնականում  եղել են երգիչները:

-Իսկ ի՞նչ հետաքրքիր դեպք կարող եք պատմել, որից տպավորված եք:

-Առաջին ամենամեծ կենդանի հաղորդումը ամանորյա երեկոն էր: Կենդանի հաղորդումներ քիչ կային, և մեր աշխատակիցները դեռ պատրաստ չէին, բայց  համարձակ քայլ էր կենդանի ամանորյա երեկո անցկացնելը: Փոքր ստուդիայում տեղավորեցին աթոռներ, սեղաններ, դաշնամուր, մարդիկ եկան, իսկ եղևնու համար տեղ չկար: Որպեսզի եղևնին անպայման լինի, մեր հանճարեղ նկարիչները դիմացի պատին խաղալիքներով եղևնի նկարեցին, այնքան կենդանի, որ ոչ ոք չէր հասկացել, որ դա ընդամենը նկար է:

– Եթե համեմատենք խորհրդային տարիների հետ, այսօրվա եթերն ինչո՞վ է տարբերվում:

-Տարբերությունները չափազանց մեծ են: Այն ժամանակ տեխնիկան քիչ էր,  լույսերը վտանգավոր էին առողջության համար, որովհետև շատ մոտ էին դրվում: Թեմաները հիմնականում նույնն էին՝ ինչ այսօր, պարզապես մոտեցման ձևն է տարբեր: Այն ժամանակ ավելի մանրամասն էինք ներկայացնում, յուրաքանչյուր հյուրին առանձին հաղորդում էինք նվիրում: Արժանի կերպով ներկայացնում էինք մեր մեծերին՝ Վիկտոր Համբարձումյան, Արամ Խաչատրյան, տիեզերագնացներ, ռուսաստանաբնակ հայ մեծանուն երգիչներ, գիտնականներ, գրողներ: Բոլորի հետ հարցազրույցներ էի վարում: Տոնական, կառավարական երեկոներ շատ կային, իրադարձային, մասսայական հաղորդումներ՝ նույնպես:

-Պահպանվե՞լ են այդ հաղորդումները, հնարավո՞ր էր տեսագրել:

-Տեսագրելու հնարավորություն ունեցել ենք 1972 թվականի վերջում, մինչ այդ բոլոր հաղորդումները կենդանի էին: Այդ պատճառով, ցավոք սրտի, դրանք չեն պահպանվել: Առավելագույնը, որ հնարավոր էր, 16 մմ ժապավենի կամ կինոժապավենի վրա լուրերի շատ կարևոր որոշ հատվածներ նկարելն էր: Այդպես որոշ տեսանյութեր պահպանվել են:

-Իսկ ի՞նչ առավելություններ ուներ խորհրդային հեռուստադպրոցը, որ այսօր պակասում է մեզ:

-Խորհրդային շրջանի հեռուստատեսությունում կարևոր էր  պարտաճանաչությունը, տեքստերի լավ ընթերցումը: Եթե այսօր մեծ տեքստերը կարող են բաղկացած լինել 5-6 էջից, ապա նախկինում 50-60 էջ էին: Եթե այսօր կարելի է հաղորդման ընթացքում սխալվել, ապա խորհրդային հեռուստատեսությունում այդ առումով շատ խիստ էին. հնարավոր էր՝ երեք սխալի դեպքում խնդրեին, որ հաղորդավարը դուրս գար աշխատանքից: Այսօր տեխնիկան այնքան է զարգացել, որ հրաշքներ կարելի է գործել: Հիմա լրագորղները համարձակ են, բայց ցանկալի է, որ դրա հետ մեկտեղ նաև ավելի հետաքրքիր, կենդանի խոսք ունենան՝ մաքուր հայերենով:

-Այսինքն՝ այսօր ավելի հաճա՞խ են խախտվում հարցազրույց վարելու սկզբունքները:

-Այն ժամանակ էլ էին խախտվում, այսօր էլ: Ամենամեծ խախտումն այն է, որ հաղորդավարը իրազեկ չի լինում, թե ում է հրավիրում, միայն անուն-ազգանունը գիտի: Երբեմն հաղորդավարը չգիտի անգամ, թե ինչ հարց է տալիս, ինչ  պատասխան է ստանում: Մինչդեռ պարտավոր է նախապես ծանոթանալ նրա գործունեությունը, անցած ճանապարհին, որպեսզի կարողանա ճիշտ հարցեր տալ, անհրաժեշտության դեպքում՝ մեջբերումներ անել: Հյուրը պետք է զգա, որ իր անձը կամ գործունեությունն այստեղ կարևորվել է: Առհասարակ հաղորդավարը պետք է տեղեկացված ու անկողմնակալ լինի, շատ կիրթ պետք է լինի, ճիշտ հագնված, լավ ձայնով, լավ շնչառությամբ, որպեսզի հեռուստադիտողը ճիշտ ընկալի նրա ասելիքը:

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here