Մանե Մուրադյանը երեք տարեկանից զբաղվում է երաժշտությամբ: Այժմ սովորում է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: ArmeniaOn-ի հետ զրույցում նա պատմել է, թե ինչու ընտրեց լրագրողի մասնագիտությունը:

ՀՌԻՓՍԻՄԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ArmeniaOn, մայիսի 2. Մանեն սկսել է դաշնամուր նվագել դեռ վաղ հասակից՝ լսողությամբ: Սկզբում միայն աջ ձեռքով, ապա նաև ձախի օգնությամբ:

– Շատ էի սիրում երաժշտությունը: Թե՛ ես, թե՛ ընտանիքս վստահ էիք, որ երաժիշտ եմ դառնալու, բայց այնպես ստացվեց, որ ընտրեցի լրագրողի մասնագիտությունը: Մասնակցեցի «Շանթ» հեռուստաընկերության «Աստղիկ» նախագծին, բայց չանցա հաջորդ փուլ: Ասացին՝ ձայնս մուտացիոն շրջանում է: Դա ինձ այնպես կոտրեց, որ դրանից հետո չշարունակեցի երաժշտությամբ զբաղվել: Հետո հանդիպեցի մի լրագրողի, որը դարձավ իմ ոգեշնչման աղբյուրը: 11 տարեկանում որոշեցի, որ պետք է դառնամ լրագրող:

– Ո՞ր տարիքից եք սկսել ստեղծագործել:

16 տարեկանից մտքումս երաժշտություն կար, բայց ուշադրություն չէի դարձնում: Երբ ընտանիքիս անդամներին ասացի այդ մասին, հայրս հորդորեց ուշադրություն դարձնել. հնարավոր է՝ նոր տաղանդ է իմ մեջ զարգանում, որը պետք է փայփայել: 20 տարեկանում սկսեցի գործիքավորել, ինքս սկսեցի կատարել իմ գրած երգերը: Հետո ինքս ինձ հարց տվեցի՝ պե՞տք է արդյոք, որ իմ գրած երգերը անձնական արխիվիցս դուրս գան և ներկայանան հանրությանը: Խորհրդակցեցի կոմպոզիտոր Արամ Սաթյանի հետ: Նա ասաց, որ գաղափարները լավն են, պետք է մշակել, շարունակել ստեղծագործել: Այդ խորհուրդն ինձ ավելի ոգեշնչեց:

– Քանի՞ ստեղծագործություն ունեք:

-12 ստեղծագործություն, որոնց մի մասը գործիքավորված է, մյուսները գործիքավորման փուլում են:

-Ձեր ստեղծագործություններից որո՞նք կառանձնացնեք:

-Կառանձնացնեմ «Հպարտ հայուհին», որի երաժշտության հեղինակը ես եմ, խոսքերի հեղինակը՝ համակուրսեցիս՝ Մերի Գևորգյանը: Ծրագրում ենք մոտ ապագայում ձայնագրել և ներկայացնել ունկնդրին:

-Ունե՞ք այնպիսի ստեղծագործություն, որի և՛ բառերի, և՛ երաժշտության հեղինակը Դուք եք:

-Երգերի բառեր գրելն ինձ համար բարդ է, բայց երկու այդպիսի ստեղծագործություն ունեմ: Մեկը կոչվում է «Հերոս որդի», որը նվիրել եմ քեռուս՝ բանակում զոհված որդուն: Փորձել եմ այնպիսի բան ստեղծել, որը կարողանա մխիթարել որդեկորույս ծնողներին, բայց չգիտեմ՝ հաջողվե՞լ է արդյոք:

-Ի՞նչն է Ձեզ համար ոգեշնչման աղբյուր հանդիսանում ստեղծագործելիս:

-Հստակ չեմ կարող ասել, տրամադրության հետ է կապված: Հնարավոր է՝  երաժշտությունը «գալիս» է այնքան անսպասելի, որ ինքս էլ եմ զարմանում:

Ո՞ր թեմաներն են Ձեզ համար առավել հոգեհարազատ:

-Դեռևս հայրենասիրական, բայց փորձում եմ նաև սիրային թեմաներով ստեղծագործություններ գրել:

Լրագրողի մասնագիտությունն ընտրած Մանեի համար երաժշտությունը շարունակում է մնալ կյանքի անբաժան մասնիկը: Եվ այն փոքրիկ աղջնակը, որ ինքնուս դաշնամուր նվագել էր սովորել, այսօր արդեն դասերից ազատ ժամանակ բարեգործական ծրագրերի շրջանակում նաև դաշնամուրի դասեր է տալիս:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here