«Տիկնիկների մոլորակ» արվեստանոցի հիմնադիր, դիզայներմոդելավոր, «Վերադարձ արմատներին» նախագծի հեղինակ Վերգինե Ալավերդյանի արվեստանոցը վայր է, որտեղ «ծնվում են» տիկնիկները և վերածնվում են հայկական ազգային տարազներն ու զարդերը:

ՄԵՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ

ArmeniaON, մայիսի 2. Վերգինե Ալավերդյանի համար այս փոքրիկ արվեստանոցը գեղեցիկի, անհնարինի և անկրկնելիի մոլորակ է: Այստեղ ծնվող տիկնիկներին նա համարում է իր զավակները:

-Սա իմ աշխարհն է, ես սրանով եմ ապրում: Դպրոցական տարիներին հաճախել եմ «Հմուտ ձեռքեր» խմբակ: Բայց դրանից առաջ էլ ինձ միշտ դուր էր գալիս տիկնիկ  պատրաստելը: Չորրորդ դասարանում էի սովորում, երբ իմ աշխատանքներն առաջին անգամ ներկայացվեցին ձեռքի աշխատանքների ցուցահանդեսի:

Մանկության տարիների նախասիրությունը տարիներ անց վերածվում է սիրելի մասնագիտության: Համոզված է, որ դրանում մեծ դեր է ունեցել նաև ժառանգականությունը:

-Տատիկս՝ մորս մայրը, Արևմտյան Հայաստանի Սուրմալու գավառից է եղել: Այնտեղ ձեռքով հարսանեկան զգեստներ է կարել: Հայրս որմնանկարիչ է եղել, իսկ քեռիս քանդակագործ է:  

Տիկին Ալավերդյանի ստեղծագործությունները բազմազան են:  Տիկնիկներից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը: Նրանց մեջ կան նաև հայտնի և արդեն սիրված տիկնիկներ՝ «Սայաթ-Նովան», Հովհաննես Թումանյանի «Անուշն ու Սարոն», «Համբոն», «Գիքորը»,  «Գաղթական կինը», որը շատերին է հուզել իր պատմությամբ:

-Սա շատ «ցավոտ» տիկնիկ է: Գաղթական կինը հղի է՝ տանջված, ցնցոտիներով, բայց հպարտ կեցվածքով: Այստեղ ես ցանկացել եմ ցույց տալ հայ կնոջ անկոտրում կամքը: Բռնելով գաղթի ճամփան՝ նա իր հետ վերցրել է մի կարպետ, «Աստվածաշունչը» և խաչը: Նա գրկել է իր զավակին և կարծես ուզում է պաշտպանել, որ հանկարծ չսպանեն նրան: 

Վերգինե Ալավերդյանն այնպիսի հերոսների է կերտում, որոնց ոչ բոլորն են անդրադառնում: Հիմա ավելի շատ ընդունված է ավելի ժամանակակից տիկնիկներ պատրաստել: Իսկ տիկին Վերգինեի ձեռքերում ավելի շատ «գյուղացի» կանանց կերպարներ են ծնվում՝ «Ծաղկազարդի տիկնիկ», «Արցախցի աղջիկ», «Ավել անող կինը», «Լավաշով հայ կինը», «Դարբին» և այլն: Խոսուն հայացքներով այդ տիկնիկները ներկայացնում են որոշակի ժամանակաշրջան, և նրանցից յուրաքանչյուրն ունի իր բնավորությունը:

Ավելի քան 500 տիկնիկների, հազարից ավելի բեմական հագուստների, երեք տասնյակի հասնող ազգային տարազների, զարդերի հեղինակ է Վերգինե Ալավերդյանը: Նա կերտել է նաև Դիսնեյի սիրված հերոսներին: Նրա շուրջ 40 տեքստիլային տիկնիկներն Արցախում են, Իտալիայում և տարբեր երկրներում: Իսկ «Վանա կատուն» աշխարհում միակն է և մեծ ճանաչում է բերել հեղինակին:

-Ես ուզում եմ առանձնացնել «Վանա կատուն», որը 2 մ 30 սմ բարձրություն ունի: Այս տիկնիկը պատրաստվել է Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի լոգոտիպի հիման վրա: Ճշտված է, որ այն աշխարհում ամենամեծ տեքստիլային տիկնիկն է: Այժմ աշխատում եմ մեկ այլ տիկնիկի վրա, որը կոչվում է «Հայուհի» և ունենալու է 3 մ բարձրություն: «Հայուհի» տիկնիկի նախատիպը «Մայր Հայաստանն» է՝ իմ աչքերով: Այս տիկնիկը պարտադիր պետք է ձեռքին բարուր ունենա: Ոչ թե սուր, այլ բարուր, որովհետև այդպե՛ս ենք ազգը շատացնելու: Եվ անպայման լինելու է արցախցու տարազով, որովհետև Արցախն է, որ համայն հայությանը համախմբում է մեկ գաղափարի շուրջ: Արցախը Հայաստանի դարպասն է և մեր սիրտը:

Լինելով ավելի քան երեք տասնյակի հասնող արմատական տարազների վերարտադրող՝ տիկին Ալավերդյանը, բնականաբար, լավ է տիրապետում տարազագիտությանը: Սակայն նա իրեն չի համարում տարազագետ: Ասում է, որ ինքը տարազները վերականգնող չէ, այլ վերարտադրող, որն իր ալավերդյանական ձեռագիրն է թողնում յուրաքանչյուր տիկնիկի վրա: Նա ձեռքով է պատրաստում բոլոր զարդերը: Աշխատանքում նրան տիկին Սեդան է օգնում՝ արդեն 12 տարի իր միակ օգնականը:

Վերարտադրելով՝ ես պարտադիր թողնում եմ իմ ձեռագիրը: Վստահ եմ, որ վաղը սա դառնալու է պատմություն և, ինչպես եմ ես ամեն մի տիկինիկի վրա աշխատելիս ուսումնասիրում եմ պատմությունը, գրքեր եմ կարդում: Ինձ հետաքրքիր է՝ սասունցին ինչ է կերել,  ինչ է հագել, ինչ բնակլիմայական պայմաններում է ապրել և այլն: Ես դառնում եմ սասունցի, բարձրանում եմ Սասնա լեռները, մտնում եմ դերի մեջ և էսքիզ եմ անում: Հետո ինձ ստուգելու համար համեմատում եմ հայտնի նկարիչների նկարների հետ, տեսնում եմ՝ գրեթե նույնն է, ուղղակի ձեռագիրն է տարբեր. ես մի փոքր ժամանակակից մոտեցում եմ ցույց տալիս: Բայց դրանից այն չի դառնում բեմական հագուստ: Մի տարազը վերարտադրելու համար կարող է պահանջվի մի շաբաթ կամ մեկ ամիս: Պետք է ներքին հարմոնիա ստեղծվի, իսկ «մուսան» պարտադիր է. ես երբեք պարտավորված ոչինչ չեմ անում:

Նա  կերտել է սասունցու, արցախցու, Արցախի վերջին մելիքի՝ Ֆրեդոնի հագուստները,  Զանգեզուրի, Լոռու, Ալաշկետի, Ջավախքի, Ախլցխայի, Փոքր Սասունի, Կարնո տարազները, քաղաքաբնակների ու գյուղաբնակների տարազներ: Ամենաերկար պատրաստված տարազը թիֆլիսաբնակ մեծահարուստ հայուհու տարազն է եղել: Միայն վզնոցի վրա տիկնիկագործուհին վեց ամիս է աշխատել:

«Տիկնիկների մոլորակում» հատուկ տեղ են զբաղեցնում հին հավաքածուները: Դրանք նվերներ են, որոնք տիկին Ալավերդյանի համար շատ թանկ են: Դրանց մեջ կան իրեր, որոնք 100-200 տարեկան են:

-Իմ ամենամեծ և ամենաթանկ նվերը Արցախի՝ 150 տարեկան տարազն է: Այն նվիրել է արցախցու 80 տարեկան թոռնուհին: Ամբողջը ձեռքի աշխատանք է: Նա իմ մասին լսել է հեռուստատեսությամբ և որոշել է նվիրել: Ես մտադրություն ունեմ թանգարան բացելու, և ամբողջ հավաքածուն, բնականաբար, կտեղափոխեմ այնտեղ:

Տիկին Ալավերդյանի գործունեությունը մի նպատակի է ուղղված՝ վերադարձնել մեզ մեր արմատներին: Պատահական չէ, որ նրա հեղինակած նախագիծը հենց այդպես էլ կոչվում է՝ «Վերադարձ արմատներին»:

-«Վերադարձ արմատներին» նշանակում է՝ որտեղ էլ հայը լինի, նրա միակ ուղին վերդարձն է իր արմատներին, միակ հանգրվանը՝ հայրենիքը: «Վերադարձ արմատներին» նախագծի նպատակը ազգային տարազներն ուսումնասիրելն է և դրանք նորովի՝ գեղարվեստական մոտեցմամբ աշխարհին ներկայացնելը: Ամեն ինչի հիմքում մշակույթն է: Մշակույթը հայ ազգի սիրտն է, եթե այդ սիրտը չբաբախի, ազգը կմեռնի:

Վերգինե Ալավերդյանը նշեց բազմաթիվ առանձնահատկություններ, որոնցով մեր ժողովուրդը տարբերվում է մյուսներից:

-Նախկինում միայն ամուսնացած կանայք են գոգնոց կրել, օրորդները չեն կրել, և դա պտղաբերություն է խորհրդանշում: Պատմությունն ուսումնասիրելիս ինձ համար  բացահայտում էր այն, որ Արևմտյան Հայաստանում տարբեր ժամանակաշրջաններում տարբեր տարազներ են հագել: Գավառներն ունեցել են իրենց տարազները, ամեն գավառի ամեն մի նահանգ ունեցել է իր տարազը , ամեն նահանգի ամեն մի գյուղ ու քաղաք՝ իր տարազը, ամեն գյուղի ու քաղաքի ամեն մի փողոց՝ իր տարազը, ամեն փողոցի ամեն թաղամաս՝ իրենը: Հագուստները տարբերվել են նաև ըստ դրանք կրողների սոցիալական վիճակի՝ ունևոր թաղամասի բնակիչների հագուստը նման չի եղել բանվորականին: Այսինքն՝ եթե ինձ նման հազարավոր մարդիկ հազարամյակներ շարունակ ուսումնասիրեն ու վերարտադրեն, էլի անելու բան կմնա: Դա ինձ շատ զարմացրեց:

Տիկին Ալավերդյանն այս տարի շատ ծրագրեր ունի. իր կերտած տիկնիկները ներկայացնել «Թումանյան 150» համերգային ծրագրում, որտեղ «մեկ հարկի տակ» կլինեն երգ, պար, պոեզիա, ինչպես նաև Թումանյանի հեքիաթների հերոսների կերպարներով տիկնիկներ: Մոտ ապագայում մտադրություն ունի վերարտադրելու Գյումրու տարազը:

«Տիկնիկների մոլորակում» նաև բաց դասեր են անցկացվում, որտեղ Վերգինե Ալավերդյանը սիրով երեխաներին է սովորեցնում իր արվեստի գաղտնիքները:

Աղջիկ թոռնիկս շատ հետաքրքրված է իմ արվեստով, պոտենցիալ դիզայներ է: 10 տարեկան է, բայց արդեն զգում եմ՝ իմ գործի շարունակողն է լինելու: Ինքն էլ ինձնից  է ժառանգել:

Զրույցի վերջում տիկին Ալավերդյանն ավելացրեց.

-Շփվելով տարբեր բնագավառների մարդկանց հետ՝ ես հասկացա, որ հայ մարդուն երջանիկ լիելու համար շատ բան պետք չէ, նա շքեղության սիրահար չէ: Եթե ամեն մեկը քնից արթնանա ու մի լավ բան անի, ժողովուրդը դրանով կուրախանա:

Լուսանկարները՝ Արփինե Աբաջյանցի

Մոնտաժը՝ Մերի Բադալյանի

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here