Թիֆլիսի հայկական տիկնիկային թատրոնի հիմնադիր Արմեն Հովհաննիսյանը ArmeniaOn-ի հետ զրույցում  պատմել է տիկնիկների մոգական ուժի, փարաջանովյան շարքի և դժվարությունները լավատեսությամբ հաղթահարելու մասին:

ՄԵՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ

ArmeniaOn, մայիսի 3.  Արմենի ստեղծած հեքիաթի աշխարհում թևածում են ազնվությունն ու բարությունը: Ամեն նոր ստեղծվող տիկնիկի հետ կարծես աշխարհի բարին փոքր-ինչ ավելանում է:

-Ինչպե՞ս եք ստեղծում Ձեր մոգական տիկնիկները:  Ո՞րն է Ձեր ներշնչման աղբյուրը:

-Ներշնչման աղբյուր կարող են լինել առաջին հայացքից աննշան, անգամ ամենաանհավանական բաները: Օրինակ՝ ինձ կարող են ոգեշնչել տարբեր հնաոճ իրերը, որոնք հանդիպում են հնավաճառների շուկայում: Անբացատրելի զգացողություն եմ ունենում հին իրերի հետ շփվելիս, կարծես տեղափոխվում եմ ժամանակի մեջ: Իհարկե, կարող եմ ոգևորվել նաև ժամանակակից յուրահատուկ կերպարներով: Երբեմն, շրջելով փողոցներում, ինձ համար տարբեր առեղծվածային կերպարներ եմ բացահայտում, և դրանց հիման վրա ստեղծված տիկնիկներին անվանում եմ կերպարավոր:

հենց նոր սկսեցինք ապրել…..

Posted by Armen Hovhannisyan on Friday, 3 May 2019

 

 -Արմեն, Ձեր ստեղծած տիկնիկները ներկայացնում են տարբեր ժամանակաշրջաններ: Դրանից ո՞րն է ձեզ առավել հոգեհարազատ:

-Ավելի հոգեհարազատ է 19-րդ դարի Թիֆլիսը, բայց նաև ոգեշնչվում եմ շեքսպիրյան շրջանի Անգլիայով:

-Առանձնակի ուշադրության են արժանի Ձեր ծիսական տիկնիկները: Հատկապես ո՞ր ծեսերի հերոսներն են դրանք:

-Ծիսական տիկնիկները հայ մշակույթի առանձնակի մասն են կազմում, և բոլոր ծիսական տիկնիկային պատմությունները հետաքրքիր են: Սակայն ինձ ավելի գրավում է Նուրի տիկնիկը՝  անձրևի հարսը, անձրև տենչացող այդ աղջկա ռոմանտիկ կերպարը:

-Ձեր ստեղծած հեքիաթի հերոսները կարծես կախարդական լինեն. նրանք դիտողին իսկապես տեղափոխում են հեքիաթների աշխարհ: Ո՞րն է այդ մոգական ուժի գաղտնիքը, և ինչպե՞ս կվերնագրեք Ձեր հեքիաթը:

– Իմ ստեղծած հեքիաթի մոգականության միակ գաղտնիքը սերն է, ինչպես նաև ազնիվ լինելը իմ ստեղծած աշխարհի հանդեպ: Մարդ պետք է հավատարիմ մնա այն աշխարհին, որն ինքն է ստեղծել: Լավագույն հեքիաթներին անուններ պետք չեն: Տիկնիկների միջոցով իմ ստեղծած հեքիաթը մոգական աշխարհ է, որը ոչ բոլորը կարող են հասկանալ:

  -Ե՞րբ հասկացաք, որ պետք է տիկնիկներ պատրաստեք: Ո՞րն է եղել Ձեր պատրաստած առաջին տիկնիկը: Պատմեք ձեր ամենասիրելի տիկնիկի ստեղծման պատմությունը:

-Ես նկարիչ եմ, սակայն ինձ համար փոքր-ինչ ձանձրալի է սահմանափակվել արվեստի մի ուղղությամբ: Լինում է շրջան, որ գրում եմ, լինում է՝ զուտ կոլաժ եմ պատրաստում: Իսկ տիկնիկներն այլ են… Եկավ մի պահ, երբ հասկացա, որ պետք է զգացածս արտահայտեմ տիկնիկների միջոցով: Ես նրանց անվանում եմ շոշափելի հեքիաթ:

– Իմ առաջին գործը թիֆլիսյան կերպար էր, կարաչոխելու կերպար՝ գինիները ձեռքին: Կերպարները տարբեր են ու ինքնատիպ, նրանցից ամեն մեկն ունի իր ստեղծման պատմությունը: Դժվար էր հատկապես Փարվանայի աղջկա կերպարն ստեղծելու ընթացքը. մի քանի օր շարունակ ներսի մեխանիզմն էի հարմարեցնում, որ տիկնիկը իրական լիներ:

-Ձեր ստեղծած տիկնիկները…

-Իմ ստեղծած տիկնիկները պարզապես տիկնիկներ չեն, այլ բարության քարոզիչներ երկրի վրա:

– Սերգեյ Փարաջանովի 95-ամյակին նվիրված հրաշալի տիկնիկեր եք ստեղծել: Արդյոք շարունակելո՞ւ եք «փարաջանովյան» տիկնիկների շարքը:

-Փարաջանովն ինձ համար ամեն անգամ նոր բացահայտվող աշխարհ է: Ես մասնակցել եմ փարաջանովյան տարբեր մրցույթ-փառատոների և հաջողություններ ունեցել: Այս տարի իմ պատրաստած տիկնիկները Փարաջանովին նվիրված գեղարվեստական ֆիլմում հանդես են գալու որպես դերասաններ: Ֆիլմը նկարահանվում է Գերմանիայում: Փարաջանովի տիկնիկը մասնակցելու է նաև իմ նոր տիկնիկային ներկայացմանը:

– Ձեր ստեղծած հեքիաթների աշխարհում լինո՞ւմ են հիասթափություններ ու դժվարություններ:

-Իհարկե լինում են: Բայց ես դրա մեջ փորձում եմ դրական կողմ տեսնել: Հիասթափություններից հետո է՛լ ավելի ես գնահատում քո ստեղծած աշխարհը: Ի վերջո, դա  էլ կյանքի մի կողմն է. սողունները երբեք չեն ներել թռչունների ճախրը: Ինչ վերաբերում է դժվարություններին, ապա դրանք փորձում եմ հաղթահարել լավատեսությամբ:

Թիֆլիսում հայկական տիկնիկային թատրոնի հիմնադիրն եք: Ինչպե՞ս ծնվեց գաղափարը, ո՞րն է թատրոնի նպատակը:

-Թբիլիսիում հայկական տիկնիկային թատրոն ստեղծելը իմ նպատակներից էր: Ես կարծում եմ, որ սփյուռքում հայ մնալու համար յուրաքանչյուր օրդ պետք է պայքար լինի, և արվեստը պայքարելու հրաշալի միջոց է: Դրա համար էլ հիմնադրեցի տիկնիկային թատրոն, որ թատրոնի միջոցով հայ երեխաները ծանոթանան հայ մշակույթին, լսեն հայերեն, հայ մնան: Առանձնակի շնորհակալ եմ Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնի դերասաններին իրենց անշահախնդիր օգնության համար. Ասեմ, որ մենք ֆինանսավորման ոչ մի աղբյուր չունենք և փորձում ենք խնդիրները լուծել սեփական միջոցներով: Ունենք Թումանյանին և Սայաթ Նովային նվիրված հետաքրքիր ներկայացումներ, մտադիր ենք նաև հյուրախաղերի մեկնել: Տիկնիկային թատրոնը գործում էր Թումանյանի Թբիլիսիի տանը, իսկ հիմա թատրոնին տարածք է տրամադրել և նորաստեղծ թատրոնի կայացմանը նպաստել է Թբիլիսիի Սանդրո Ախմետելիի անվան դրամատիկական թատրոնը, ինչի համար շատ շնորհակալ ենք:

-Ապագայում ի՞նչ պլաններ ունեք, պատրաստվո՞ւմ եք ցուցահանդեսների մասնակցել:

-Այո, պատրաստվում եմ տիկնիկներիս հետ միասին մասնակցել ցուցահանդեսի Թբիլիսիում: Շատ կցանկանայի Հայաստանում ևս կազմակերպել ցուցահանդես, և իմ հայրենակիցներին ծանոթացնել իմ ստեղծած տիկնիկների հետ:

Մի խոսքով՝ հեքիաթը շարունակվում է, և ես ուզում եմ դիմել բոլորին. արթուն պահե՛ք ձեր ներսի հեքիաթը: