Գինու փառատոնը մայրաքաղաքի սիրված տոներից մեկն է դարձել և, ավանդույթի համաձայն, Սարյան փողոցն այդ օրերին համախմբում է գինու սիրահարներին և՝ ոչ միայն:

ԷԼԵՆԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆ 

ArmeniaON, մայիսի 4. Գինու փառատոնն անցկացվում է 2007 թվականից: Հայաստանի և Արցախի գինեգործները ներկայացնում են շուրջ 200 տեսակ գինի, մայրաքաղաքի ռեստորաններն ու սրճարանները պատրաստում են հայկական և միջազգային խոհանոցին հատուկ կերակրատեսակներ:

Ամեն տարի մասնակից ընկերությունների թիվն աճում է: Սարյան փողոցում այս տարի ներկայացված էր 20-ից ավելի տաղավար: Տաղավարներից յուրաքանչյուրը յուրովի է ներկայացնում իր արտադրանքը: 

Թեև միջոցառման հիմնական նպատակը Հայաստանում զբոսաշրջությունը խթանելն է, սակայն երևանցիները նույնպես մեծ սիրով են մասնակցում հետաքրքիր նախաձեռնությանը: Իսկ առաջին անգամ մասնակցողները ոգևորված են և խոստովանում են, որ մեծ բավականություն է այս տոնին ներկա գտնվելը: