Բազմաթիվ ծնողներ բարձրաձայնում են պատվաստման բացասական հետևանքների մասին, շատերը՝ լռում անհայտ պատճառներով: Մասնագետներն ասում են այն, ինչն իրենց է ձեռնտու: Այս ամենի արդյունքում առաջացած խառնաշփոթում ո՞րն է ճիշտ մոտեցումը՝ դեռ հայտնի չէ:

ՌՈԶԻ ՍԱՐԳՍՅԱՆ

ArmeniaON, մայիսի 4. Պատվաստումների թեման բավական քննարկվող ու արդիական է: Եթե նախկինում ծնողներն առանց հապաղելու երեխային տանում էին հերթական պատվաստումն ստանալու, ապա այսօր դա մի հարց է, որը երկար մտածելու տեղիք է տալիս մինչև երեխային պատվաստման տանելը: Պատճառը վստահություն չներշնչող պատվաստանյութերն են, պատվաստման հետևանքով երեխաների մահացության դեպքերի աճը և բժիշկների անտարբեր ու ոչ պատշաճ մոտեցումը պատվաստման ողջ գործընթացին:

Հանրապետության պատվաստումների ազգային օրացույցը համապատասխանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակված թույլատրելի նվազագույն պատվաստման ժամկետներին։ Աշխարհում ոչ մի պետություն չի պատվաստում իր ազգաբնակչությանը նման սեղմ ժամկետներում։

Վերջին 10 տարվա ընթացքում պատվաստումների ազգային օրացույցը կրճատվել է 2.5 անգամ։ Շատացել են պատվաստումների հետևանքով երեխաների մահացության  դեպքերը: Այդ մասին ArmeniaONի հետ զրույցում ասել է Նարեկ Գրիգորյանը, որը 2018 թ. հունիսին Հերացու անվան պոլիկլինիկայի բուժաշխատակազմի անտարբերության և անփութության պատճառով կորցրեց իր երեխային:

Կարմրուկի բերովի դեպքերը` տագնապի պատճառ

Պատվաստումից հետո փոքրիկի  առողջական վիճակը կտրուկ վատանում է: Պոլիկլինիկայի բժիշկը՝ Սուսաննա Սերգեևնան, ծնողներին վստահեցնում է, որ պարզապես երեխայի փորիկն է ցավում, և ոչ մի լուրջ բան չկա, և հորդորում է գնալ տուն: Մի քանի ժամ անց փոքրիկը մահանում է մեկ այլ հիվանդանոցում:

Ես  ունեցել եմ առողջ երեխա, ծննդատնից նույնպես երեխան առողջ է դուրս է գրվել: Երեխային Հերացու անվան պոլիկլինիկա ենք տարել առողջ վիճակում: Երեխաս ստացել է երկու դեղաչափ մեկ ամսվա ընթացքում: Եթե բժիշկը թույլ է տալիս պատվաստել երեխային, նշանակում է երեխան առողջ է: Թե ի՞նչ հիվանդություններ են վերագրել երեխայիս մահից հետո, հիմա արդեն էական չէ, դա բուժաշխատակցի խղճի վրա է: Փաստորեն Հայաստանում բուժանձնակազմի մակարդակը զրո է:

Նարեկը նշում է, որ երեխային շատ ծանր վիճակում են հասցրել պոլիկլինիկա: Այնտեղ բախվելով բուժաշխատակազմի անտարբերությանը՝ զանգահարել է թեժ գիծ, աղմուկ բարձրացրել: Բժիշկը, զննելով երեխային, պնդել է, որ ամեն բան կարգին է:

Տեսնում է երեխաս ռեֆլեքս չունի՝ դա իր համար նորմալ է, առատ քրտնարտադրություն ունի, բայց չի ջերմում՝ նորմալ է, երեխան չի լացում, հևում է՝ դա նորմալ է: Սիրտն է լսում, թոքը, ասում է՝ նորմալ է, բայց դրանից 3.5 ժամ անց իմ բալիկը սրտի կանգից մահանում է մեկ այլ  բժշկական հաստատությունում:

Նարեկը պատմում է, որ շատ մասնագետներից է հետաքրքրվել, թե որ դեպքերում են հակացուցված պատվաստումները: Տարբեր մասնագետներ տարբեր պատասխաններ են տվել: Շատերի կարծիքով, անգամ հակացուցումներ չկան:

Երեխաների մահացության աստիճանը հաշվարկում են պրոմիլներով: Դա նույնն է, որ մենք տարեկան զինվորների մահը հաշվենք ոչ թե մարդաքանակով, այլ օրինակ՝ այս տարի ունեցել ենք 25,4 զինվորի մահ: Ստացվում է, որ մինչև 1 տարեկան երեխան մարդ չի՞Մահացության դեպքերն էլ, ըստ Արսեն Թորոսյանի, այն դեպքերն են, երբ երեխայի կյանքը մասնագետները փրկել չեն կարողացել: Բայց այստեղ հարց է առաջանում. Հայաստանում ո՞վ է մասնագետ: Տարիներ շարունակ դրսի հովանավորությամբ մասնակցել են որոշակի սեմինարների և համարվում են մասնագետ, բայց ո՞վ է ստուգել՝ մասնագետի նրանց կոչումը որքանո՞վ է համապատասխանում գիտելիքներին:

Սոցցանցերում ակտիվ քննարկումներ են պատվաստումների շուրջ և նշվում է, թե ցանկացած տեսակի պատվաստանյութ բազմաթիվ օգտակար նյութերից բացի պարունակում է նաև թունավոր նյութեր և շատ ուժեղ հակաբիոտիկներ:

Անգամ խոսվում է քաղցկեղածին նյութերի մասին, նաև ալյումինի (նշվում է, որ մարդն ամեն օր սննդի հետ ուտում է ալյումին, բայց սննդի միջոցով օրգանիզմ անցած ալյումինի միայն 0.1%-0.5%-ն է անցնում արյան  մեջ, իսկ պատվաստանյութերի մեջ առկա ալյումինի՝ 100%-ը):

Նշվում է նաև սնդիկի, հորթի արյան շիճուկի (ստացվում է արհեստականորեն վիժեցված հորթի արյունից), խոզի արյան շիճուկի (ստացվում է արհեստականորեն վիժեցված խոզի արյունից), մարդու արյան շիճուկից պատրաստված ալբումինի, հավի սաղմի բջջային քաղվածքի, մարդու թոքերի բջիջների մասին, որոնք ստացվում են արհեստականորեն վիժեցված երեխաների թոքերից:

Մասնագետներն էլ վստահեցնում են, որ պատվաստանութերը վնասակար նյութեր չեն պարունակում, և մահացության դեպքերն էլ ոչ թե պայմանավորված են լինում պատվաստանյութով, այլ մեկ ուրիշ հիվանդությամբ, որ առկա է երեխայի օրգանիզմում:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով, ծնողների կամ բժիշկների  կարծիքը միայն բավարար չէ եզրահանգումների համար, կան փորձաքննության արդյունքներ:

-Կան փաստեր, որոնք ի հայտ են գալիս և բժշկական փորձաքննություններով՝ մինչ մահը, և մահից հետո՝ դատաբժշկական փորձաքննություններով:

Նախարարը վստահեցնում է, որ պատվաստումները կյանքեր են փրկում:

-Այդ ամենը արվում է, որ ոչ մի երեխա չմահանա, – ասում է Թորոսյանը: 

Զրուցել ենք նաև մի մայրիկի հետ, որի փոքրիկը ևս, իր համոզմամբ, պատվաստման զոհ է դարձել: Նա չցանկացավ ներկայանալ, սակայն խոսեց այդ մասին, որպեսզի իր հետ կատարվածը տեսնելով՝ ծնողներն այս ճակատագրական քայլին դիմելուց առաջ երկար մտածեն և առավել ինֆորմացված լինեն, թե որ դեպքում չի կարելի պատվաստել երեխային:

Այսպիսով՝ մեր հարցումներից պարզ դարձավ, որ չնայած  պատվաստումների կարևորության մասին մասնագետների հորդորներին, այսօր հանրության շրջանում անվստահություն կա պատվաստումների նկատմամբ: Մարդիկ կարծում են, որ վտանգված է մեր երեխաների առողջությունն ու կյանքը: Խնդիրը շարունակում է մնալ առկա և պահանջում է լուծում:

Տեսանյութը, որ ներկայացնում ենք, ևս մեկ փորձ է հրավիրելու մասնագետների ու պատասխանատու կառույցների ուշադրությունը այս անհետաձգելի խնդրին:

Տեսանյութում տեղ են գտել կադրեր Ministry Of Health և Asekose.am-ի յութուբյան էջերից:

 

 

 

 

 

 

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here