Շուշանիկ Ասատրյանը «Շանթ» հեռուստաընկերության «Առավոտը «Շանթում»» ծրագրի լրագրողներից է: ArmeniaOn-ի հետ զրույցում նա պատմել է հիշարժան հյուրերի մասին, նաև խոստովանել է, թե ինչ է փոխել լրագրությունն իր կանքում:

ՀՌԻՓՍԻՄԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ArmeniaOn, մայիսի 5. Շուշանիկը լրագրողի մասնագիտությունն ընտրեց, երբ արդեն պիտի ավարտեր ավագ դպրոցը: Այդ ժամանակ էլ հասկացավ, որ միայն լրագրությունը կարող է լավագույն կեսակերպ լինել իր համար:

-Կյանքիս ընթացքում ուսումնասիրել եմ արվեստի տարբեր ճյուղեր: Ունեմ երաժշտական, նկարչական, պարային կրթություն: Ու երբ վերջին շաբաթում տատաՆվում էի՜ ուր գնալ, ինչ անել, հասկացա, որ ինձ այնպիսի մասնագիտություն է պետք, որի շնորհիվ կուսումնասիրեմ մյուս մասնագիտությունները, և լրագրությունը ամենահարմար տարբերակն էր:

-Ինչո՞ւ հենց հեռուստատեսություն և առավոտյան ծրագիր:

-Սկզբնական շրջանում աշխատել եմ նաև կայքում, հետագայում գնացել եմ «Արարատ» հեռուստատեսություն, այնտեղ արդեն լրատվական բաժնում էի աշխատում: Հետո հասկացա, որ ինձ ավելի շատ հետաքրքրում է ստեղծագործական պահը, երբ կարող եմ ոչ միայն լրագրության ստանդարտ ձևերով ներկայանալ, այլև իմպրովիզներ, ստեղծագործական տարրեր ավելացնել:

-Ինչպե՞ս եք ընտրում թեմաները:

-Տարվա մեջ կան հատուկ օրեր, որոնք էլ մեզ օգնում են թեմաների ընտրության հարցում: Մենք ազատ ենք, երբ քաղաքում գտնում ենք կոլորիտային դեմքերի, կոլորիտային վայրեր: Մարդիկ պետք է իմանան, որ իրենց քաղաքում ապրում են յուրօրինակ մարդիկ, կան գեղեցիիկ վայրեր: Երբ հասկանում եմ, թե ինչ է ինձ պետք, ծրագրում եմ, թե որ ոլորտից պետք է ընտրեմ թեմայիս հերոսներին: Կողքից լսում եմ կարծիքներ, որ իմ հերոսները յուրահատուկ, հետաքրքիր մարդիկ են: Ինձ համար կարևոր է տարբերվելը: Պետք է հեռուստադիտողին մատուցես այն, ինչը նախկինում չի տեսել, եթե անգամ տեսել է, պետք է ներկայացնես այնպես, ինչպես երբեք չի մատուցվել:

-Իսկ որո՞նք են առավոտյան ծրագրերի առանձնահատկությունները:

-Առավոտյան ծրագրում աշխատելիս դու պետք է մոռանաս տխրությունը: Կարևոր չէ՝ դու կադրում երևում ես, թե ոչ, ձայնդ այնքա՜ն ուրախ պետք է լինի, որ հեռուստադիտողը լսելիս ոգևորվի: Պետք է չհատվի լրատվական և առավոտյան ծրագրերի միջև, եղած սահմանագիծը, նաև պետք է պահպանես չեզոքությունը:

-Շա՞տ ժամանակ եք ծախսում հյուրի մասին տեղեկություն իմանալու համար:

-Որքան տեղեկացված լինես, այնքան ստացված կլինի քո հարցազրույցը: Տևողությունը կախված է նրանից, թե ով է հյուրը: Օրինակ՝ եթե նա պատմաբան է, բնականաբար, նախապես պետք է պատմության մասին ակնարկ ունենամ մտքումս, հնարավոր է՝ հարց տա որևէ պատմական թեմայի մասին, և լավ չի լինի, եթե պատասխան չլինի, ուստի պետք է լավ տեղեկացված լինես: Ես ուսումնասիրում եմ  սուբյեկտին, հասկանում նրա գործունեության ոլորտը, առաջին հարցը, հիմնականում մաստագիտությանը վերաբերող, մտքումս ձևակերպում եմ, իսկ մնացած հարցերը բխում են նրա պատասխաններից:

– Հյուրերից հատկապես ո՞վ է հիշարժան եղել:

-Ամենատպավորիչ հերոսը… երբ գործուղվել էինք Լոռու մարզ, Սպիտակի երկրաշարշը վերապրած մարդկանց էինք այցելում: Մտանք մի տուն, անկյունում շատ սիրուն փոքրիկ տղա էր կանգնած: Տեսախցիկը տեսնելիս կարմրել էր, մոտեցա, զրուցեցի հետը, ասաց, որ երազանք ունի՝ ուզում է դառնալ ֆուտբոլիստ: Երբ հարցրի, թե հաջողության հասնելուց հետո ինչ պետք է անի, ասաց՝ հայրիկիս համար մեքենա եմ գնելու: Տվյալ պահին իմ լավագույն հերոսը ինքն է:

-Հեռուստատեսությունը Ձեր կյանքում ի՞նչ է փոխել:

-Հեռուստատեսությունը լավագույն տիրույթն էր, որտեղ ես ինձ կողքից տեսա, հասկացա՝ որտեղ եմ, ուր եմ գնում և ինչ այլ նպատակներ ունեմ, ինչպես պետք է հետագայում ներկայանամ իմ հեռուստադիտողին: Հեռուստատեսությունում աշխատելիս պատասխանատու ես դառնում, եթե մի բան այն չանես, հեռուստադիտողը քո դեմքն է հիշելու, խոսքը և առիթը ներկայանալուն պես չի հապաղի հիշեցնել:

-Որպես լրագրող՝ ի՞նչ նպատակներ ունեք:

-Ուզում եմ դառնալ ունիվերսալ  լրագրող՝ թափանցելով այդ բառի խորքերը, ուզում եմ լիարժեք հասկանալ իմ մասնագիտությունը: