Բաուհաուզի 100-ամյակի առթիվ աշխարհում հազարավոր միջոցառումներ են կազմակերպվելու՝ ցուցադրություններ, ֆիլմեր, սիմպոզիումներ, անգամ պարեր:

ՄԵՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ

ArmeniaOn, մայիսի 7. «Երևանում Գյոթե կենտրոնը» և «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամը Բաուհաուզի դպրոցի հարյուրամյակի առթիվ կազմակերպել են յուրահատուկ միջոցառում՝ նվիրված Բաուհաուզի կանանց։ Միջոցառման հյուրը «Բաուհաուզի կանայք» գրքի հեղինակ Ուլրիկե Մյուլերն է, որը մայիսի 7-9-ը կհյուրընկալվի «Գյոթե կենտրոնում»։

Երկարատև ուսումնասիրություններից հետո հեղինակն իր գրքում, որը երկրորդ անգամ է հրատարակվում, ներկայացրել է մի ժամանակաշրջան, երբ կանանց իրավունքները ոտնահարված էին: Սակայն այդ ժամանակ էլ կային իրենց գործունեությամբ աչքի ընկնող կանայք, թեև ժամանակի ընթացքում նրանց անունները մոռացության են մատնվել: Հենց գրքի լուսանկարներն ու տեքստն էլ հիմք են հանդիսացել ցուցահանդեսի կազմակերպման համար:

– Այս ցուցահանդեսով մենք ցանկանում ենք կրկին կյանքի կոչել այդ կանանց,- ասաց Ուլրիկե Մյուլերը:- Ինչո՞ւ մոռացության մատնվեցին Բաուհաուզի կանայք: Մի կողմից դա բացատրվում է նրանով, որ 100 տարի առաջ կանանց վերաբերվում էին ոչ այնպես, ինչպես տղամարդկանց: Մյուս կողմից էլ այս սեռի մասին թյուր պատկերացումներ ունեին: Եվ պատահական չէ, որ Բաուհաուզում 14 տարվա գործունեությունից հետո նրանք 40 տարի շատ անարդար կերպով մոռացության են մատնված եղել:

Բաուհաուզ դպրոցը հիմնվել է Վալտեր Գրոպիուսի կողմից, Վայմարում, 1919 թվականի ապրիլի 25-ին, Սաքսոնա-Վայմարյան կերպարվեստի բարձրագույն դպրոցի և Անրի Վան դե Վելդեի հիմնած Սաքսոնա-Վայմարյան կիրառական արվեստի դպրոցի միավորման արդյունքում։

1920-ականները Բեռլինի համար բավական դժվար տարիներ էին և, միևնույն ժամանակ, բավական արգասաբեր։ Բաուհաուզը շատերը համարում են ճարտարապետական դպրոց, բայց, ինչպես նշեց գրքի հեղինակը, այն շատ ավելի ոլորտներ է ներառել: Եվ այդ բոլոր ոլորտներում կանայք հրաշալի արդյունքներ են ունեցել:

Բոլոր ոլորտերը զարգանում էին նոր շնչով: Դրանց էր գումարվում այնպիսի ոլորտ, ինչպիսին տուրիզմն է: Այդ դպրոցում մանկավարժներ էին ու արվեստագետներ, այնտեղ սովորեցնում էին ջուլհակագործություն, խեցեգործություն, լուսանկարչություն, գեղարվեստ, գծանկար, կարպետագործություն: Բոլոր այդ ոլորտներում կանայք առաջադեմ էին,- ասաց Ուլրիկե Մյուլերը:

«Բաուհաուզի կանայք» գիրքը ներկայացնում է այդ դպրոցում աշխատած կանանց անցած ճանապարհը: Ոտնահարված իրավունքներով կանայք պահանջում էին հավասարություն: Բաուհաուզում տղամարդիկ չէին ցանկանում իրենց արհեստանոցները տրամադրել կանանց: Նրանք կարծում էին, որ կանանց մեծ թիվը կարող է վնասել դպրոցի հեղինակությանը: Այնուամենայնիվ, Բաուհաուզում եղան կանայք, որոնք մեծ հաջողություններ ունեցան: Բաուհաուզի կանանց հաջողվեց առաջ անցնել ժամանակից և այսօր՝ 100 տարի անց, ներկայանալ աշխարհին:

-Միջոցառումը  ճիշտ ժամանակին է կազմակերպվել՝ Բաուհաուզի 100-րդ տարեդարձին,- ասաց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը:- Այն ամբողջ աշխարհում է նշվում: Վերջին տարիներին մենք Հայաստանում ականատես եղանք իրադարձությունների, որոնց մեջ կանանց դերը շատ-շատ կարևոր էր: Բաուհաուզի կանանց հիշելով՝ մենք չպետք է մոռանանք նաև հայ կանանց:

Միջոցառումների շարքի առաջին օրը եզրափակվեց  «Լոթեն Բաուհաուզում» ֆիլմի ցուցադրությամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here