Հավելվածի միջոցով Հայաստանի յուրաքանչուր քաղաքացի հնարավորություն կունենա հաղորդելու դեղերի կիրառման արդյունքում դիտված կողմնակի ազդեցությունների մասին:

ArmeniaON, մայիսի 7. Այսօր տեղի է ունեցել դեղերի կողմնակի ազդեցությունների հաղորդման բջջային հեռախոսի հավելվածի մեկնարկը, որին ներկա են գտնվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ներկայացուցիչներ Մեծ Բրիտանիայի դեղերի գործակալությունից, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) և այլ հյուրեր:

Հավելվածի միջոցով Հայաստանի յուրաքանչուր քաղաքացի հնարավորություն կունենա հաղորդելու դեղերի կիրառման արդյունքում դիտված կողմնակի ազդեցությունների մասին:

«Մենք երբեմն անզոր ենք որոշ հիվանդություններ բուժելու հարցում, սակայն չենք կարող թույլ տալ վնասել պացիենտին դեղերի կիրառման արդյունքում: Ուստի, ինչպես պացիենտների անվտանգությունը երաշխավորելու, այնպես էլ առողջապահության համակարգի նկատմամբ վստահությունը չխաթարելու տեսանկյունից առանձնակի կարևորություն ունեն դեղերի անվտանգության մշտադիտարկման արդյունավետ միջոցների ներդրումն ու կիրառվող գործիքակազմի կատարելագործումը», – ասել է նախարարը:

Առողջապահության նախարարության և մասնավորապես ՀՀ ԱՆ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի գործունեության նպատակն է անվտանգ, արդյունավետ, որակյալ դեղերի մատչելիության ապահովմանն ուղղված դեղային քաղաքականության իրագործումը:

Դեղազգոնության համակարգում անկյունաքարային գործունեությունը դեղերի կողմնակի ազդեցությունների հավաքագրումն է: Տվյալներն օգնում են բացահայտելու դեղերի անվտանգությանը վերաբերող խնդիրները և ձեռնարկելու անհրաժեշտ միջոցառումներ՝ նպաստելով հանրային առողջության պահպանմանն ու դեղաբուժության շրջանակներում պացիենտի անվտանգության ապահովմանը:

Կողմնակի ազդեցությունների հաղորդման գործընթացը թվային դաշտ տեղափոխելը համահունչ է ներկա ժամանակաշրջանին՝ հաղորդման մատչելիության բարձրացման շնորհիվ հնարավորություն ստեղծելով ընդլայնելու բնակչության և առողջապահական ոլորտի մասնագետների ընդգրկվածությունը դեղերի անվտանգության դիտարկմանն ուղղված չափազանց կարևոր աշխատանքներում:

«Լիահույս եմ, որ հաղորդման գործընթացի մատչելիության բարձրացման շնորհիվ կընդլայնվի ինչպես բնակչության, այնպես էլ առողջապահական ոլորտի մասնագետների ընդգրկվածությունը դեղերի անվտանգության դիտարկմանն ուղղված չափազանց կարևոր գործընթացներում: Հայտնելով ընդամենը մեկ դեպք՝ մենք նպաստում ենք տասնյակ մարդկանց մոտ նմանատիպ երևույթների կանխարգելմանը և դեղերի անվտանգ կիրառմանը», – ասել է Արսեն Թորոսյանը: