«Ես միշտ շատ զգույշ ու նուրբ եմ վերաբերվում երաժշտական աշխարհին, քանի որ այն ինձ համար յուրահատուկ և բարձր դիրք է զբաղեցնում». Մարտին Ահարոնյան

ՌՈԶԻ ՍԱՐԳՍՅԱՆ

ArmeniaON, մայիսի 6.  Երգահան, կիթառահար, նկարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մարտին Ահարոնյանը ArmeniaONհետ զրույցում հետաքրքիր մանրամասներ պատմեց ստեղծագործական գործունեությունից:

Արվեստագետի տունը մի յուրահատուկ աշխարհ է, որը մտնողին դիմավորում է արվեստի բազմաթիվ գործերով: Թե՛ նկարներում, թե՛ երաժշտության մեջ արվեստագետը մեծ սեր ու հոգի է դնում: Միայն այդպե՛ս է հնարավոր արվեստի աներևակայելի գործեր ստեղծել:

«Ստեղծագործելու համար անպայման տրամադրող հոգեվիճակ է հարկավոր, շարժիչ ուժ: Սակայն երբեմն ստեղծագործում եմ նաև առանց այդ հոգեվիճակի: Հիմնականում այն ժամանակ, երբ երգի պատվեր եմ ստանում և, անկախ ամեն ինչից, պետք է տրամադրվել»:

Երգահանի երաժշտախումբը բաղկացած է չորս երաժշտից, որոնք նաև իր ընկերներն են. ստեղնաշարային գործիքներ և գործիքավորող՝ Սպարիկ Սարգսյան, հարվածային գործիքներ՝ Արամ Գեդեոնյանը և փողային գործիքներ՝ Լևոն Թևանյանը:

Մարտին Ահարոնյանը հազարավոր երգերի հեղինակ և կատարող է: Նրա ստեղծագործությունները ներառում են ֆիլմի երաժշտություն, հեռուստանախագծերի հիմներ, սոլո, դուետ և խմբային կատարողական երգեր:

1983  թվականից Մարտին Ահարոնյանը ԽՍՀՄ նկարիչների միությանը կից արվեստագետների և նկարիչների երիտասարդական միավորման անդամ է, 2006-ից՝ Հայաստանի նկարիչների միության  անդամ։ Մասնակցել է բազմաթիվ համահայկական, համամիութենական, միջազգային նկարչական ցուցահանդեսների։

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here