Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կարծում են, որ Մշակույթի նախարարությունն ինչ-որ անհասկանալի քաղաքականություն է վարում թատրոնի հանդեպ:

ԱՆԺԵԼԱ ՕՐԴՅԱՆ

ArmeniaON, մայիսի 8. Այսօր Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսին մասնակցում էին Երիտասարդական օպերային ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանը, դիրիժոր Հարություն Արզումանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Մարինե Դեինյանը, օպերային երգիչներ Հայկ Տիգրանյանն ու Մկրտիչ Բաբաջանյանը:

Լուսանկարը՝ Տաթևիկ Մկրտչյանի

-Մեր նպատակն այսօր մեկն է` պարոն վարչապետին օգնել իմանալու ճշմարտությունը, ճիշտ օրենքով ղեկավարել, քանի որ նրան հասած տեղեկությունների մեծ մասը չի համապատասխանում իրականությանը, -նշեց Հարություն Արզումանյանը:

Լևոն Ջավադյանի բնորոշմամբ, Մշակույթի նախարարությունն ինչ-որ անհասկանալի քաղաքականություն է վարում Օպերայի հանդեպ, ինչը զարմանալի է, քանի որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Մշակույթի նախարարությամբ գործող ամենամեծ կառույցն է, իսկ Կոնստանտին Օրբելյանի վաստակը պարզապես անուրանալի է:

Լուսանկարը՝ Տաթևիկ Մկրտչյանի

Ասուլիսի ընթացքում պարզաբանումներ տրվեցին վերջին մեկ ամսվա ընթացքում թատրոնում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, ներկայացվեց, թե ինչ քայլեր են կատարվել կոլեկտիվի կողմից՝ ստեղծված իրավիճակի լուծման նպատակով:

-Ապրիլի 1-ին հանդիպել ենք վարչապետի հետ, իսկ հաջորդ օրը ներկայացրել ենք այն բոլոր հակափաստարկները, որոնք Արդարադատության նախարարության ու Էկոնոմիկայի և ներդրումների նախարարությունն են: Երեկ նամակ ենք ուղարկել, որպեսզի ճշտենք, ինչպես ժողովուրդը կասեր, «վերջը ի՞նչ եղավ Օրբելյանի հարցը»,- ասաց Երիտասարդական օպերային ծրագրի ղեկավարը:

Լուսանկարը՝ Տաթևիկ Մկրտչյանի

Նշվեց, որ վարչապետին ներկայացված բուն փաստաթուղթը մոլորության մեջ է գցել առաջին հերթին նախարարին: Լևոն Ջավադյանի խոսքով՝ դեռ 7-8 ամիս առաջ իրավաբան Քրիստինե Նաղդալյանի կողմից բուն փաստաթղթի մեջ բազմաթիվ, այսպես կոչված, copy paste-եր են արվել և Մշակույթի նախարարության կողմից ներկայացվել վարչապետին:

Ջավադյանը վստահ է, որ այստեղ պաշտոնական դիրքի չարաշահում է եղել, քանի որ Քրիստինե Նաղդալյանի ամուսինը բարձրաստիճան պաշտոնյա է Մշակույթի նախարարությունում. նա աշխատակազմի ղեկավարի տեղակալն է:

Ըստ Նաղդալյանի կողմից փոփոխված փաստաթղթի՝ Օրբելյանի նշանակումը Օպերայի և բալետի թատրոնի տնօրենի պաշտոնում անօրինական է: Խնդիրն այն է, որ նույն տեղեկությունը, որը տիկին Նաղդալյանը ժամանակին որպես բողոք ներկայացրել է, նույնությամբ հանդիպում ենք Օրբելյանին պաշտոնից ազատելու համար հիմք ծառայած փաստարկների մեջ:

-Ոչ միայն որպես ՀՀ քաղաքացի, այլև որպես արվեստագետ, ես այստեղ լուրջ վտանգ եմ տեսնում մեր պետական կառավարման ապարատի խոցելիության առումով. ինչպե՞ս կարելի է մեկ մարդու բողոքի հիման վրա եզրակացություն անել, թե գեղարվեստական ղեկավարը ստեղծագործ պաշտոն չէ: Այն էլ այն մարդու, որն իրեն թույլ է տալիս ազատ մեկնաբանել օրենքները, – նշեց Ջավադյանը և ավելացրեց, որ իրենք բազմաթիվ խնդիրներ են ունեցել հենց այն պատճառով, որ գեղարվեստական ղեկավարը և տնօրենը առանձին պաշտոններ պետք է լինեն, որովհետև, ըստ ՀՀ օրենքի, թատրոնի ղեկավարն իրավունք չունի զբաղվելու այլ ղեկավար աշխատանքով, բացի ստեղծագործական, գիտական և մանկավարժական աշխատանքներից:
«Պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածում նշված է. «ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչումը շնորհվում է թատրոնի, կինոյի, ֆիլհարմոնիայի, էստրադայի, կրկեսի արտիստներին և ռեժիսորներին, կոմպոզիտորներին, դիրիժորներին, կոնցերտմաստերներին, բալետմաստերներին և երաժշտական, խմբերգային, պարային ու այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, ստեղծագործող մյուս աշխատողներին»: Այսինքն` ՀՀ օրենքով գեղարվեստական ղեկավարը ստեղծագործական պաշտոն է: Ելնելով օրենքի այդ դրույթից՝ ասուլիսի մասնակիցները հիշեցրին, որ «օրենքի տառն ավելի բարձր է, քան օրենքի մեկնաբանությունը»: Նրանք վստահ էին, որ վարչապետին ապատեղեկատվություն է հրամցվել այն մասին, թե Օպերային թատրոնում 92 մլն դրամի խախտումներ են հայտնաբերվել: Ստուգումը կատարվել է 2017թ. փետրվարին, մինչդեռ խոսքը 2014-2016 թվականների խախտումների մասին է, երբ Կոնստանտին Օրբելյանը պաշտոն չէր զբաղեցնում Օպերային թատրոնում: Ակնհայտ է, որ տարեթիվը միտումնավոր չի նշվել:

Լուսանկարը՝ Տաթևիկ Մկրտչյանի

Խոսվեց նաև թատրոնի շինարարությանը տրամադրված 10 մլն դրամի մասին: Նշվեց, որ շինարարական աշխատանքներ թատրոնում չեն կատարվել, և անգամ դրա վերաբերյալ փաստաթղթեր կան:
Ավելացվեց նաև, որ 2 ամիս հետո Օրբելյանը չի կարող վերականգնվել տնօրենի պաշտոնին, և որ դա միայն դատական կարգով կարող է լինել:
-Մարդուն աշխատանքից կարելի է հեռացնել միայն մեկ դեպքում. երբ թատրոնն առաջընթաց չի ունենում:

Բայց այսօր մենք ունենք նոր պրեմիերաներ, լեփ-լեցուն դահլիճներ, հնարավորություն՝ աշխատելու միջազգային ճանաչում ունեցող մարդկանց հետ: Մշակույթի նախարարությունը, որը պետք է մեր թիկունքում լիներ, այսօր մեր դեմ է կանգնած և փորձում է քանդել այն, ինչով մենք հպարտանում ենք,- նշեց Մարինե Դեինյանը:

Լուսանկարը՝ Տաթևիկ Մկրտչյանի

Ճիշտ է, վերջին իրադարձությունները խանգարել են թատրոնի աշխատանքը, սակայն «Օպերան» շարունակում իր գործունեությունը: Նոտր Դամին նվիրված մեծ համերգ են տվել, գումարներ են փոխանցվել ֆրանսիական հիմնադրամի հաշվին: Իսկ առաջիկայում նոր առաջնախաղեր են սպասվում. Հանդիսատեսն ականատես կլինի բալետային նոր ներկայացումների՝ նվիրված Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստ, լուսահոգի Վահագն Մարգարյանի հիշատակին: