«Արցախյան պատերազմում հաղթելուց հետո Մուշ ենք հասնելու՝ տատիս երազանքի հետևից». սրանք մահապարտ Սուրենի (Ժորա) խոսքերն են: Տոնական այս օրը հուզմունքն ու ուրախությունը քայլում էին միասին Եռաբլուր պանթեոնում:

ՏԱԹԵՎԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

ArmeniaOn, մայսիս 9. Այսօր տոն է, բայց ոչ Արուսյակ տատի համար» նա կուզեր՝ իր որդին հիմա կողքին լիներ: «Ախր, որ մեռնեմ էլ, կողքին չեն դնելու»,- լաց լինելով խոսում էր 90-ամյա ալեհեր կինը՝ որդու շիրմաքարը գրկած:

Սուրեն Ցոլակի Սահակյանը «Արծիվ» մահապարտների ջոկատից էր: Մասնագիտությամբ հյուսն էր, բայց անասելի շատ էր սիրում կարդալ:

«Շատ բարի էր, ազնիվ, բոլորի համար հետաքրքիր զրուցակից էր, ամենքին հասնող էր ախպերս», – պատմում է Սուրենի քույրը՝ Ամալյան:

Սպիտակի երկրաշարժից ժամեր անց արդեն այնտեղ էր, կամավոր Չեռնոբիլ գնաց, Արցախյան շարժումն էլ որ սկսվեց, ասաց՝ պիտի գնանք, հո չենք թողնելու էրեխեքը գնան:

«Հավաքեց մեր շրջանի (Շենգավիթ) տղեքին, ու գնացին: Շատերը չվերադարձան և հիմա այստեղ են: Երբ լսեց մահապարտների ջոկատի մասին, իսկույն գնաց անդամագրվելու: Իր մեծ երազանքն էր հաղթել Արցախյան պատերազմում ու գնալ առաջ՝ ազատագրելու Մուշը»,– հիշում է հերոսի քույրը: 

Տատը Մուշից էր գաղթել: Անընդհատ հիշում էր ու պատմություններ պատմում իր կյանքից, գաղթից:

«Եղբայրս այդ պատմություններով է դաստիարակվել: Նրա մեջ վրեժխնդրությունն էր խոսում: Չնայած միշտ ասում էր. «Հրացանն էլ վերցնելիս խղճի խայթով եմ վերցնում, մտածում եմ, որ իմ նման մեկին պիտի կրակեմ: Բայց հանուն գաղափարի, հանուն հայրենիքի՝ առա՜ջ»:

Հերթական մարտի ժամանակ վիրավորվում է: Մի ամբողջ գիշեր մնում է դաշտում ընկած: Լուսադեմին ղարաբաղցի երկու երեխա հասնում են օգնության, քարշ տալով հանում դաշտից: Հետո նրան ուղղաթիռով հասցնում են Երևան:

«Վիրավորվել էր ոտքից: Բժիկներն ասում էին, որ պետք է անդամահատել, բայց եղբայրս թույլ չտվեց: Ասում էր՝ ինչքան ապրեմ, երկու ոտքով ապրեմ: Ութ տարի տանջանքով ու տառապանքով ապրեց: Վերջում էլ արյան վարակ ստացավ»:

«Ափսոս, որ չտեսավ, թե իր էրեխեքը ոնց մեծացան, արդեն վեց թոռ ունի, ոչ մեկին չի տեսել: Հիմա մի բան ենք ուզում. թող խաղաղություն լինի մեր երկրում, անառիկ լինեն մեր երկրի սահմանները: Էլ պատերազմ չլինի, ոչ մի մայր իմ մոր տանջանքը չտեսնի»: