Շուշիի ազատագրումը համազգային տոն է և՛ Արցախում, և՛ Հայաստանում: «Շուշին հայ ռազմարվեստի գոհարներից մեկն է», – ArmeniaOnի հետ զրույցում նկատել է Արցախի ազատագրական պայքարի մասնակից, արվեստագետ Խաչատուր Մարգարյանը:

ԱՂԱՎՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ArmeniaON, մայիսի 9. Խաչատուր Մարգարյանը յուրովի է բնութագրում Շուշիի ազատագրման դերը հայ ռազմարվեստում՝ նշելով, որ այն առանձնահատուկ նշանակություն ունեցավ մեր հաջորդ հաղթանակների համար:

«Շուշիի ազատագրումը բոլորիս թև տվեց, ուժ տվեց. Շուշին դարձավ բոլորիս պահապան հրեշտակը: Շուշին հայ ռազմարվեստի գոհարներից մեկն է, ավելի թանկ և հազվագյուտ տեսակից»:

Ուղիղ 27 տարի առաջ մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները հաջողությամբ ավարտեցին «Հարսանիք լեռներում» օպերացիան, ազատագրեցին Շուշին:

Այն բեկումնային դարձավ Ղարաբաղյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին: Այդ օպերացիան ստացավ «Հարսանիք լեռներում» արտասովոր անունը, քանի որ այդ ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը խոստացել էր Շուշին գրավելուց հետո ամուսնանալ: Նա անիրագործելի էր համարում Կոմանդոսի և Սամվել Բաբայանի ներկայացրած Շուշիի ազատագրման մարտական պլանը, կարծում էր, որ նման օպերացիա իրականացնելը դեռ վաղ է, և դրան պետք է լավ պատրաստվել: Շուշին գրավեցին, սակայն Վազգեն Սարգսյանը չամուսնացավ: Իսկ օպերացիայի անունն այդպես էլ մնաց «Հարսանիք լեռներում»:

Արցախի ազատագրական պայքարի մասնակից Խաչատուր Մարգարյանը նկատում է.

«Շուշին, ըստ իս, Հայոց բերդն էր, որի ազատագրումը հայ ժողովրդի անկոտրում կամքի արդյունքն էր,  և որն իրականացվեց նաև ռազմարվեստի չգրված կանոններով… Եվ տղերքը պարեցին Շուշիում՝ ինչպես մեր պապերը՝ Ռայխստագում…»:

Իսկ հարցին, թե ինչպիսին է այսօր Շուշին՝ ազատագրումից քսանյոթ տարի անց, պատերազմի մեկ այլ մասնակից՝ գեներալ Արշավիր Ղարամյանը, պատասխանում է.

«Շուշիի հաղթանակը համազգային տոն է, որովհետև ձեռք է բերվել համայն հայության միասնության և անձնազոհության շնորհիվ»:

լուսանկարը՝ factor.am-ի

Պատահական չէ, որ ազատագրումից հետո Շուշին հայտնվեց Հայաստանի և Արցախի, ինչպես նաև աշխարհի հայության ուշադրության կենտրոնում: Հատկապես վերջին 15 տարվա ընթացքում ահռելի աշխատանք է կատարվել քաղաքը ժամանակակից տեսքի բերելու ուղղությամբ, այնուամենայնիվ, դեռ շատ անելիք կա Շուշիին արժանին մատուցելու, նրան Անդրկովկասի մարգարտի համբավը վերադարձնելու համար:

Այսօր էլ Շուշին հայոց միասնության խորհրդանիշն է, որով սկիզբ դրվեց հայոց պետականության վերականգնման ամբողջական գործընթացի:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here