Մայիսի 9-ը հայի համար միայն ամսաթիվ չէ: Այն նաև լուսավոր ապագայի կերտման խորհրդանիշ է:

ՌՈԶԻ ՍԱՐԳՍՅԱՆ

ArmeniaON, մայիսի 9. Հայ ժողովրդի հիշողության մեջ մայիսյան հաղթանակներն անջնջելի հետք են թողել: Այս օրը մեր տոնացույցի կարևորագույն էջերից է: Մայիսի 9-ը ողջ հայությունը նշում է որպես եռատոն՝ Մեծ հայրենական պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օր: Մեծ հայրենականում տարած հաղթանակը և Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի մեծագույն հաղթանակներն են:  

Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու վերջնական հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ: Հայ ազգը տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով (Խամփերյանց), Աղանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Իսակով։ Հազարավոր հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու արժանացել Խորհրդային Միության հերոսի կոչման:

Շուշիի ազատագրական գործողություններն իրականացվել են չորս ուղղությամբ՝ միաժամանակյա հարձակումներով: Մայիսի 8-ի գիշերը` ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո, հայկական զորքը մտել է Շուշի: Լուսաբացին բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին արդեն ծածանվում էր հայոց հաղթական եռագույնը: Այն դարձավ նորանկախ Հայաստանի պատմության ամենափառավոր էջերից մեկը:

Մայիսի 9-ին նշվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: ԼՂՀ պաշտպանության բանակը պաշտոնապես ստեղծվել է 1992թ. մայիսի 5-ին, Այդպիսով միավորվեցին դեռևս 1990թ. գործող անջատ ինքնապաշտպանական ռազմական միավորումները:

Մայիսի 9-ը մեծ շուքով է նշվում ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում: Տոնական տարբեր միջոցառումներն առիթ են դառնում, որ մարդիկ կրկին հիշեն մեր փառապանծ հաղթանակները, շնորհավորեն միմյանց և ևս մեկ անգամ համոզվեն, որ զոհված և հաղթանակով տուն դարձած հայորդիները իզուր չեն իրենց կյանքը դրել հայրենիքի զոհասեղանին:

Շնորհավո՛ր կյանքի ու արյան գնով հայրենիքն ազատագրած մեր հերոսների տոնը: Շնորհավո՛ր բոլոր այն զինվորների տոնը, որոնք այսօր պաշտպանում են հայրենիքի սահմանները: Շնորհավոր նաև բոլոր հայ փոքրիկների տոնը, քանի որ նրանք են մեր երկրի ապագան և, որպես իրենց նախնիների կերտած հաղթանակների արժանի շարունակողներ, ստեղծելու են մեր երազանքի հայրենիքը:

Լուսանկարները՝ hairenikweekly.com, shabat.am, factor.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here