Ձեռքի շնորհքը խմբակ հաճախելով ձեռք չես բերի, այն պետք է ի ծնե տրված լինի: ArmeniaON հետ զրույցում Քնարիկ Արշակյանը պատմեց հուլունքագործության հմտությունների մասին: 

ՌՈԶԻ ՍԱՐԳՍՅԱՆ

 ArmeniaON, մայիսի 13. Ձեռագործությունը բավական բարդ արվեստ է, որը մանրակրկիտ աշխատանք է պահանջում և ամուր նյարդեր: Բնականաբար, ոչ բոլորն են օժտված այդ շնորհքով:

Ձեռագործության հմտություններին Քնարիկ Արշակյանը հստակ տիրապետում է արդեն երեք տարի: Նրա մատների շարժումից ծնվում են կրծքազարդեր, ականջօղեր, թևնոցներ, վզնոցներ և այլ զարդեր, որոնք ցանկացած կնոջ երազանքը կարող են լինել: Քնարիկն աշխատում է հուլունքներով: Տանն ունի մի փոքրիկ անկյուն, որտեղ էլ պատրաստում է իր հիանալի զարդերը:

Միշտ սիրել եմ կրել կրծքազարդեր: Մի օր որոշեցի ինքս փորձել պատրաստել: Զրոյից սկսելը դժվար էր, բայց, ինչպես ասում են, կարևորը ցանկությունն է: Ձեռքի շնորհքը մայրիկիցս եմ ժառանգել: Նրա ձեռքին ցանկացած իր նոր կյանք է ստանում: Ամեն անգամ մի նոր գործ ձեռնարկելուց առաջ իրենից եմ խորհուրդ հարցնում: Մայրս իմ շարժիչ ուժն է:

Հուլունքագործուհին նշում է, որ ստեղծագործող կնոջ կյանքում ընտանիքը մեծ դեր ունի: Նրանք են ոգեշնչում իրեն մի նոր գեղեցիկ աշխատանք արարելիս:

Տղաներս թեև փոքր են, սակայն աշխատելիս միշտ կողքիս են, սպասում են, թե ինչ եմ ստեղծելու, և իրենց գնահատականն են տալիս: Շատ եմ կարևորում նաև ընկերներիս կարծիքը: Լավ խորհրդատուներ են, շնորհակալ եմ բոլորից:

Քնարիկի համար սա ոչ միայն արվեստի միջոցով ինքնադրսևորման ձև է, այլև աշխատանք, վաստակելու միջոց: Պատվիրատուի համար զարդեր պատրաստելով՝ Քնարիկը հաճելին համատեղում է օգտակարի հետ: Տոնական օրերին պատվերները չափազանց շատ են լինում: Ստիպված է լինում աշխատել մինչև ուշ գիշեր:

Աշխատում եմ մեծ հաճույքով և բծախնդրորեն: Մի աշխատանքի վրա կարող եմ անգամ օրեր շարունակ աշխատել, միայն թե ստանամ լիարժեք ու ինձ բավարարող արդյունք:

Հատուկ աշխատանքային ժամեր չունի: Ստեղծագործում է, երբ ազատ ժամանակ է ունենում, կամ երբ մուսան է «ժամանում»: Իսկ մուսայի դերում կարող են լինել հոգեվիճակը, շրջապատող մարդիկ, տարվա եղանակը… Վերջերս ոգեշնչման աղբյուր են նաև հայկական տարազներն ու զարդանախշերը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here